ԹԻՎ ԵՐԿՈՒ ՎԵՐԱ ԽՈԼՈԴՆԱՅԱՆՙ ՀԱՅՈՒՀԻՆ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Վերջերս ընթերցելով ռուս ժամանակակից ճանաչված գրող Ելենա Պրոկոֆեւայի «Էկրանի թագուհին. Վերա Խոլոդնայայի պատմությունը» գիրքը (Մոսկվա, 2001), գոհունակությամբ նկատեցի, որ հեղինակի աչքից չի վրիպել Համո Բեկնազարյանի հուշագրքում ռուսական կինոյի առաջին մեծ աստղ Վերա Խոլոդնայային (1893-1919) վերաբերող հատվածը: Գրքում տեղ է գտել նա- հայությանը ոչ անմիջականորեն առնչվող մի իրողություն, որին, սակայն, տեղյակ չի եղել Պրոկոֆեւան: Անդրադառնալով 26-ամյա կինոաստղի անսպասելի մահից հետո սկիզբ առած դավադրաբանական վարկածներին ու լեգենդներին, ի թիվս այլոց, նա հիշել է նաեւ հետեւյալը. «1919 թվականին «Գրուզիա» մասնավոր օրաթերթում հայտնվել է հետեւյալ նշումը. «Վերա Խոլոդնայայի առեւանգո՜ւմը: Երկուշաբթի օրը, մոտավորապես երեկոյան ժամը յոթին, անհայտ մարդկանց կողմից իր բնակարանից առեւանգվել է թատրոն-կազինոյի դերասանուհի Վերա Խոլոդնայան: Առեւանգումն իրականացվել է տիկին Խոլոդնայայի բնակարան մտած ինչ-որ մահմեդականի կողմից խաբեությամբ հարսանիք հրավիրելու միջոցով: Մեկնելուց առաջ դերասանուհին իր վրա կրել է ավելի քան 100 հազար ռուբլի արժողությամբ զարդեր, այլեւս տուն չի վերադարձել: Բնակարանի տիրուհու վկայությամբՙ տիկին Խոլոդնայային տարել են Երկրորդ զուգահեռ փողոց, տուն 69, ոմն Անդոր Բաբը-օղլուի բնակարան: Այդ բնակարանի խուզարկության ժամանակ գտնվել են կնոջական երկու ժապավեն, երկու կցասեղ, երկու վարսակալ, որոնք ճանաչել է տիկին Խոլոդնայայի մայրը: Վարույթի ժամանակ տեղեկացվել է, որ արտիստուհուն տարել են Մոշթաղա գյուղը, բայց նա այնտեղ չի եղել: Այս գործով ձերբակալվել է մի քանի հոգի: Հիմա գործը վերջնականապես չի պարզվել, սակայն, դատելով արդեն ունեցած ցուցմունքներից, դերասանուհին սպանված է, եւ զարդերը տվել են անհայտ անձի»: Իր հերթին «Ազերբայջան» թերթը հաղորդել է. «Հուլիսի 31-ին շշուկներ տարածվեցին, որ Խոլոդնայային գտել են Բաքվից 35 վերստ հեռավորության վրա, ճանապարհի մոտ, կտրված գլխով - մի քանի խոցովի վերքերով: Ստուգվելուց հետո այդ շշուկները, պարզվեց, իրական էին: Մարդկանց ընդհանուր կարծիքով, որոնք իմացել են հանգուցյալին եւ նրա կյանքը, նրա հետ արյունոտ հաշվեհարդարի պատճառը խանդն էր» (էջ 190-191): Ժամանակի այս վկայակոչումներից հետո Ելենա Պրոկոֆեւան սկսել է իր կողմից հեգնախառն մեկնաբանություններ կատարել, որ իբր Թիֆլիսի եւ Բաքվի ընթերցողներին հարկավոր է եղել «ավելի տաք մի բան» եւ նրանք, որ իսկապես «իմացել են նրա կյանքը, իմացել են նաեւ, որ.... Վերան արդեն կես տարի պառկած է Օդեսայի գերեզմանատան դամբարանում» (էջ 191): Հեղինակն ավելին չի ասում, մինչդեռ նա կարող էր առնվազն կասկածել, որ այստեղ խոսքը, հնարավոր է, մեկ այլ անձնավորության մասին է, մանավանդ որ առաջին մեջբերման մեջ հստակ գրված է ոչ թե կինոյի, այլ «թատրոն-կազինոյի դերասանուհի Վերա Խոլոդնայան»: Եվ իսկապես, 1919-ում Բաքվում կողոպտված եւ սպանված դերասանուհին ընդամենը որպես կեղծանուն է օգտագործել Վերա Խոլոդնայայի անունը, իսկ նրա իսկական անուն-ազգանունը եղել է Մարգարիտա (Մարգո) Շահինյան, ամուսնական ազգանվամբՙ Տիտիչեւա: Ցավոք, նրա մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Ժամանակի մի թերթ նրան տվել է «յուրահատուկ» եւ «ժողովրդական» բնորոշումներըՙ առանց պարզաբանելու, թե ինչով է նա եղել յուրահատուկ: Շահինյան-Տիտիչեւային մամուլն անդրադարձել է նրա ողբերգական վախճանի առիթով: Թիֆլիսի «Սլովո» պարբերականում 1919-ի սեպտեմբերի 9-ի համարում լույս տեսած հուղարկավորման մահազդից էլ իմանում ենք արտիստուհու իսկական անուն-ազգանունը ու նաեւ այն, որ նա եղել է պարող Ալբերտի քույրը: Վերջինս անծանոթ չէ պարարվեստի պատմաբաններին: Դասական - հատկապես ար-ելյան-կովկասյան պարերի կատարող Ալբերտը (Գենուար Շահինյան, 1896-1945) 1910-ականների վերջից Թիֆլիսի օպերայի - բալետի թատրոնում հանդես է եկել որպես մենակատար - բալետմայստեր, պարերով մասնակցել նաեւ հայ դրամատիկական ներկայացումներին: Գենուարը եւ Մարգարիտան միասին են եկել Բաքուՙ հանդես գալու նորաբաց «Կազինո» կաֆեշանտանում: Այստեղ 1919-ի ապրիլին կայացել է Գ. Տ. Ալբերտի բենեֆիսը «Պել-մել» (Ռուսական դրամա) մանրապատումների գեղարվեստական թատրոնում... Ինչպես երեւում է մահազդից, դժբախտ ճակատագրի տեր այդ արտիստուհին հուղարկավորվել է Հավլաբարի Կարմիր Ավետարան եկեղեցուց... Ազերիամետ ռուս ժամանակակից գրող Տամարա Գումբատովան իր «Ողջույն Բաքվից» գրքում (2010) «Մի լեգենդի վերջը» գլուխը նվիրել է թիվ երկու Վերա Խոլոդնայայինՙ մասնավորապես նշելով. «Լրագրողներն անհրաժեշտ չեն համարել հաղորդել, որ «Վերա Խոլոդնայա» անունը Մարգարետա Ալբերտի (ամուսնական ազգանունըՙ Տիտիչեւա) բեմական անունն է: Այն ժամանակ դա սովորական երեւույթ էր»: Սակայն Գումբատովան Ալբերտ ընտանիքին համարել է գերմանացի: Պարզ անտեղյակությո՞ւն, թե՞ դիտավորություն: Անշուշտ, երկրորդը... Այս Գումբատովան նաեւ ենթադրել է, որ հավանաբար դերասանուհու ամուսինը եղել է թիֆլիսցի մեծահարուստ Տիտիչեւը, որը հովանավորել է նշանավոր ինքնուս նկարիչ Նիկո Փիրոսմանիին: Այստեղից էլ Գումբատովան եզակացրել է, որ հավանաբար Տիտիչեւա-Վերա Խոլոդնայան է պատկերված Փիրոսմանիի հանրահայտ «Դերասանուհի Մարգարիտան» կտավումՙ առանց խորանալու, որ իրականում վրացի նկարչի ներշնչանքի առարկան եղել է ֆրանսիացի դերասանուհի Մարգարիտա դը Սեւրը... |