ՀԱՅ ԵՐԱԺՇՏԱԳԵՏԸ ՏՈԿԻՈՅՈՒՄ Ա. Բ. Մարտի 19-23-ին Տոկիոյում կայացավ Միջազգային երաժշտագիտական ընկերության համաժողովը: Հինգ տարին մեկ անգամ տեղի ունեցող այս համաժողովը երաժշտագիտության բնագավառի ամենամեծ համաշխարհային իրադարձությունն է, որի ընթացքում կայանում են զանազան գիտաժողովներՙ ամենատարբեր թեմաներով: Նախորդ համաժողովները տեղի են ունեցել Հռոմում (2012), Ցյուրիխում (2007) եւ այլուր: Միջազգային երաժշտագիտական ընկերության վարչական կենտրոնը Շվեյցարիայում է, սակայն նրա մեջ ընդգրկված են աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող երաժշտագետներ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Տաթեւիկ Շախկուլյանը Տոկիոյում կայացած համաժողովին մարտի 21-ին կայացած «Տեսությունը գործում. հնչյունաշարեր, ինտերվալներ եւ ռիթմական նմուշներ» նիստի ընթացքում ներկայացավ «Հայկական էպոսի երգերը տեսություն եւ պրակտիկա» թեմայով զեկուցմամբ: Դասախոսության ընթացքում նա ներկայացրեց հայոց «Սասնա ծռեր» էպոսի երգվող հատվածները, դրանց հարաբերակցությունը Կոմիտաս Վարդապետիՙ հայ երաժշտության հնչյունաշարերի տեսության հետ, այնուհետեւ անդրադարձավ համակարգչային նորագույն տեխնոլոգիաներովՙ Humdrum ծրագրով իրականացված էպոսի երգերի վերլուծության արդյունքներին ու այդ արդյունքների համապատասխանությանը Կոմիտասի տեսությանը: Humdrum ծրագրով էպոսի երգերի վերլուծությունը կատարվել է Գրացի համալսարանի (Ավստրիա) Սիստեմատիկ երաժշտագիտության կենտրոնումՙ միջազգային աշխատանքային խմբով Տաթեւիկ Շախկուլյան (երաժշտագետ, Հայաստան), Ռիչարդ Փարնքութ (Ավստրալիա) եւ Էրիկա Բիզեզի (Իտալիա): Մարտի 22-ին Տաթեւիկ Շախկուլյանը Ճապոնիայի Կոմիտասի երաժշտության միության հրավերով (միության ղեկավարՙ Տակահիրո Ակիբա) դասախոսություն կարդաց Ճապոնիայի հայկական դեսպանատանըՙ ճապոնացիներից բաղկացած լսարանի համար: Դասախոսությունը վերաբերում էր Կոմիտասին ու հայ երաժշտական մշակույթին: Վերջում լսարանը սովորեց երգել Կոմիտասի «Չինար ես» եւ «Հոլ արա, եզո» երգերը: |