RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 31-03-2017



Տեղադրվել է` 2017-03-30 20:37:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 4108, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՒՅՆԻ ԵՐԳԸ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Հաճախ մտածում եմ, թե ո՞րն է նկարչության այն հմայքը, որ այսպես գերել է հոգիս, երբ գույնը ծաղկում է կտավին եւ լույսը ապրում գույնի մեջ, եւ հոգիս ժպտում է: Սիրում եմ գույնըՙ տարաշխարհիկ զգացողությունների թափանցումների, լույսի տաք այդ արձագանքը... Ներկը գույն է դառնում, երբ փոխակերպվում է զգացումի. տեսնես ի՞նչ է դրան հաղորդում նկարիչը: Ջրաներկն ավելի թափանցիկ է, պահանջկոտ, սիրում է զգուշություն, ջրաներկային զգացումները մի տեսակ նրբացնում են նկարի հայացքը: Ես ճանաչում եմ երիտասարդ հայ մի նկարչի, որ ջրաներկով ասես ասեղնագործում է, քաղաքային պատկերներ, մարդկանց դեմքեր, այգիներ, ծառեր, փողոցի անկյուններ, լույսի նրբագույն ցոլացումներՙ ասես անձեռակերտ, իրական ու երազային միաժամանակ:

Գինո Գալանտեն իտալացի նկարիչ է, ոչինչ գրեթե չգիտեմ իր մասին.- արտահայտության միջոցը ջրաներկն է, նկարները սոցցանցերում եմ տեսել, մի քանի անգամ գրավոր հաղորդակցվել հետը: Գինոն արտիստ էՙ պոետիկ մտածողությամբ, գրում է, նաեւ երաժիշտ է, ջրաներկը նրա ներսում եղած բառն ու մեղեդին դարձնում է պատկեր. ինքնահատուկ գունային աշխարհ ունի, հավանաբար ավելի մոտ երաժշտական նախասիրություններին: Երբ հարց ուղղեցի իր անձին վերաբերող, նա մի քանի տող գրեց: Ինձ թվաց պատասխան է, բայց իր չափածո գործերից էրՙ ներքին դիմանկար, որ կարծես ճապոնական թանկաների պատկերավոր իմաստություններից լիներ:

Բնության խորհրդանիշն ինձ համար ծառն է, այն արմատներով ձգվում է ներքեւՙ հողին ամուր կառչում, սաղարթներով լույս հայցում վերից... Երեւի դրա համար է այդքան դիմացկուն ու իմաստուն: Ես շատ ուշադիր եմ, թե նկարիչը ինչպես է ծառ պատկերում: Բնության այդ խոնարհ հոգին հաճախ ալեկոծ է նկարներում... Գինոն ծառը պատկերում է շատ գունեղ, շարժման մեջ, տարածվող, երազող, նրա նկարներում ծառը գույն առնում է արմատներից, ավիշներից, գույնը ներքեւից է բարձրանում, տարածվում ամբողջ մարմնով, ճյուղերը փխրուն են, եւ արեւըՙ նստած, ոչ ավել, ոչ պակաս, ճիշտ ճյուղի վրա: Նկարում ամենից ուշագրավը հենց դա է: Գինոյի նկարների վերնագրերը այնքան խոսուն են, որ դժվար չէ կարդալ այն մտածումներն ու զգացումները, որ նկարելիս խառնվել են նրա վրձնին: Նրա ֆլամինգոները կապույտ են, երազները թռչող, կարմիր նավակը դեղնականաչ ջրերի անորոշության մեջ լքված, քաղաքներն անտեսանելի են, վերապրողներըՙ ճոճվող, կանայք նվաղուն: Նրա բնանկարների պարզությունից մանկություն է բուրում, նա նկարում է կորսված քաղաքի երազներ, մանկության հետքեր. ահա փոքրիկ տղայի հայացքըՙ կապտաճերմակ ամպերի միջով անցնող թռչունների թեւերից կախ...Նրա հայացքը սնվում է բնությունից, հոգին երաժշտությունից, միտքըՙ գույներից:

Կանացի դիմանկարների շարքը տարբեր է, այս կանայք իրական են, որոնց թափանցիկ մերկությունների վրա նա միայն գեղեցկություն ու սեր է նկարում, արտակարգ մեղմ ու նուրբ են գծերը, շարժումներըՙ փխրուն, ընդհատ-ընդհատ, եթերային: Նրա Մարիամ Մագդաղենացին գթացող հայացք ունիՙ ինչ-որ տեղ այլայլված ու տառապող... մնացած կանայք եթերային մարմին ու հայացք ունեն, պատկերումներն ընդհատող միջոցը ջութակի լարի պես հնչուն է դարձնում կերպարները:

Իտալական արվեստի մթնոլորտի մեջ լինելն արդեն իսկ մշակույթ ու մտածողություն է ձեւավորում, իր հայրենիքըՙ կանաչ - կապույտ գեղեցկությունների մեջ շնչահեղձՙ պատկերներում մանրանկարչության նման նրբագեղության է հասցված:

Գինոյի գույները իր հոգու երգերն են, դրանց վառվռուն արտահայտությունները, կարմրականաչ հորիզոնները, բոսորագույն մայրամուտները, ջրահարսի նմանվող ցորենի բարալիկ հասկերը ասես մեղեդու զգայուն հպումներ են թղթին: «Պայմանականություններ չընդունող նրա արտիստիկ էությունը կատարելության է ձգտում բնության ձայների, ռիթմի, մեղեդու ներդաշնության մեջ. ,Իմ նկարները քամու հետ թռչող գույներ, ձեւեր, բառեր, նոտաներ են: Ներդաշնակությունը, ռիթմն ու զգացումը իմ կյանքն ուղղորդող լուսաստղեր են, իմ բնապատկերների եւ դիմանկարների թաքնված ներդաշնակությունը բլյուզ երաժշտություն էՙ աներեւակայելիորեն գեղեցիկ, երբեւէ բացօթյա համերգին հնչած: Իմ արվեստը երաժշտության եւ նկարչության սինթեզ է, բնական անցում, փոխակերպում մեկը մյուսին»:

Իսկ ես կարծում եմՙ այս մեղմաշունչ նկարչությունը հեղինակի բանաստեղծական ներաշխարհի ստվերը կամ արձագանքն է, որովհետեւՙ նա ապրում է ձիթապտղի հին ծառերի մեջ, եւ հոսում է արյունը ճյուղերի գալարվող լույսերում, եւ փախուստըՙ ստվերի սառը շփումից է միայն...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 31-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ