RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 31-03-2017



ՄԵԾԵՐԸ

Տեղադրվել է` 2017-03-30 20:37:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 2780, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՀՐԱՇԱԳՈՐԾԸ

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Բորիս Պաստեռնակ եւ Ավետիք Իսահակյան

Վերջերս հոդվածումս մեջբերում անելու համար բացեցի Բորիս Պաստեռնակի բանաստեղծությունների հատորը, գտա ինձ անհրաժեշտ տողերը, բնականաբար աչքի անցկացրի եւս մի երկու բանաստեղծություն եւ... գիրքը չկարողացա ցած դնել: Կարդում էի ու հոգիս հրճվում էր սիրով բանաստեղծական արվեստի հանդեպ: Հասկացա, թե ինչ վիթխարի երեւույթի հետ գործ ունեմ: Անտարակույս, Բլոկից հետո եկած ռուս պոետներից Պաստեռնակն ամենաուժեղն է: Նա գալիս է այն ակունքից, որի անունն է Պուշկին, ապա Տյուտչեւ, Ֆետ, Բլոկ:

Հավատարմություն պոեզիայի դասականությանըՙ հանգավորման բյուրեղյա մաքրություն: Սակայն պետք է ընդգծել, որ Պաստեռնակի պոեզիայի համար հանգավորումը, բանաստեղծության տեխնիկան չի խաղում առաջատար դերը, առաջնայինն այստեղ ասելիքը, միտքն է: Հեղինակի հոգեվիճակի բացահայտումը, նրա բարդ խոհերի արտացոլումը խոսքի արվեստի միջոցով: Պաստեռնակն ունի իր յուրահատուկ ձեռագիրը, բառերի իր զինանոցը, պատկերման իր առանձնահատկությունը, երբ ոչ թե ներկայացնում է առարկայի պատկերը, այլ առարկայի էությունն է բացահայտում, ուր յուրաքանչյուր խոսքն ունի իր արժեքը: Նա առավել գոյականի եւ բայի վրա է իջեցնում բանաստեղծության հիմնական ծանրությունը: Եվ յուրաքանչյուր գոյականն ունի իր արժեքը, յուրաքանչյուր բայ գիտե իր անելիքը: Պաստեռնակի մոտ քիչ կհանդիպեք ածականների. անգամ եթե դրանց կարիքն զգացվում է, նա այն հմտորեն շրջանցում է, զորակոչելով հենց ածական դարձած իր պատկերը: Պատկերաստեղծման մեծ վարպետ է Պաստեռնակը: Վերջին հաշվով, պոեզիան խոսքի, բառի միջոցով արվեստ ստեղծելու վարպետություն է: Եվ ինչպես յուրաքանչյուր պատկեր իր տեղում կարծես մարդու հոգեկան աշխարհի բացահայտման բանալի է, այնպես էլ նրա յուրաքանչյուր բանաստեղծությունը, բանաստեղծական տողը հեղինակի կերպարի մի մանրակերտն է, նրա կենսագրության կարեւոր մի շտրիխ: Բանաստեղծի արվեստը հսկայական լարվածության տակ գործող ուժակուտակիչ է, որի յուրաքանչյուր կայծը մի հրաշալիք է ստեղծում:

Յուրաքանչյուր ընթերցող ունենում է իր ընթերցած հեղինակի առավել կամ պակաս սիրելի շրջանը, գործը. Պաստեռնակին ընթերցելիս ինձ համար առավել հարազատ հնչեցին 1950-ական թվականների բանաստեղծությունները: Հենց 50-ական թվականները դարձան նրա առանց այն էլ ոչ անամպ կյանքի ծանրագույն շրջանը: Իր «Դոկտոր Ժիվագո» հանճարեղ վեպի համար (որն առաջինը տպագրվեց Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներում) Պաստեռնակը 1958 թ. արժանացավ Նոբելյան մրցանակի: Սակայն Սովետական Միության գրողական միության պահանջով, կրեմլյան նոր առաջնորդ, նախկին խոզապահ, ազգությամբ ուկրաինացի Նիկիտա Խրուշչովը Պաստեռնակին հեռացրեց ԽՍՀՄ գրողների միության շարքերից: Խրուշչովը Պաստեռնակին կանգնեցրեց մի դրամատիկ ընտրության առջեւ. կա՛մ ընդունում եք Նոբելյան մրցանակը եւ վտարվում Ռուսաստանից, կա՛մ հրաժարվում եք մրցանակից եւ շարունակում ապրել հայրենիքում: Եվ պետական բյուրոկրատական մեքենան իր ողջ ուժով հարձակման անցավ բանաստեղծի վրա (գործարանային միտինգներ, կոլխոզային ժողովներ, առանձին անվանի մշակույթի գործիչների վրդովված նամակներ, պարբերական մամուլի հարյուրավոր հարձակողական հոդվածներ): Ըստ երեւույթին շատերը կարոտել էին ստալինյան ժամանակները եւ հիմա իրենց հերսը թափում էին Պաստեռնակի գլխին: Եվ Պաստեռնակը ճակատագրական որոշում կայացրեց. հրաժարվել Նոբելյան մրցանակից եւ մնալ հայրենիքում: Նա գրել էր նախկին խոզապահին. «Չկա ինձ համար ավելի մեծ պատիժ, քան լքել Ռուսաստանը»:

Ուրեմն մնալ եւ միայնակ ճակատ տալ մի ողջ երկրի բռնատիրական համակարգին: Ես սա համարում եմ ե՛ւ գրողական, ե՛ւ մարդկային մեծագույն սխրանք: Եվ չնայած այդ հրեշային հալածանքին, բանաստեղծը չկոտրվեց, զղջման կամ նահանջի ոչ մի բառ մենք նրանից չլսեցինք: Նա մնաց կանգուն, իր երգած «պերեդելկինյան լորենու» նման: Ապացույցըՙ 50-ական թվականների նրա պոեզիան, նրա «Նոբելյան մրցանակ» բանաստեղծությունը: 1958 թ. հոկտեմբերի 24-ին Պաստեռնակին Շվեդական ակադեմիան պարգեւատրեց Նոբելյան մրցանակով եւ ուղիղ մեկուկես տարի անց, 1960 թվականի մայիսի 30-ին, բանաստեղծը վախճանվեց իր սիրելի Պերեդելկինոյում: Իսկ դուք ասում եքՙ «Ձնհալ»... Այո՛, նա նախընտրեց ապրել, տառապել եւ մահկանացուն կնքել իր հայրենիքում, քան ստանալ մեկ միլիոն դոլար եւ անհոգ ապրել «ուրիշ ափերում» (Նաբոկովի խոսքն է):

Ինչ խոսք, որ Բորիս Պաստեռնակի բոլոր ժամանակակիցներն ունեին իրենց բաժին մեղքը նրա կյանքից հեռանալու հարցում: Գրական բազմաթիվ էմիսարներՙ Սուրկով, Ֆեդին, Մարկով, Միխալկով, համախոսական նամակներ էին ստորագրումՙ ուղղված Խրուշչովին, որ Պաստեռնակին իր վեպի համար պետք է ձերբակալել: Իսկ ժողովրդի լայն զանգվածները ողջ երկրով մեկ մեղադրական միտինգներ էին կազմակերպում դասականի դեմ: Եվ զավեշտն այն էր, որ ՍՍՀՄ-ում «Դոկտոր Ժիվագոն» չէր տպագրվել, եւ մարդիկ խոսում էին վեպի դեմ, որը նույնիսկ չէին կարդացել: Պաստեռնակի մահվան բոթը տպագրվեց միայն «Լիտերատուրնայա գազետա» թերթում, ուր գրված էրՙ մահացել է ՍՍՀՄ Լիտֆոնդի անդամ Բորիս Պաստեռնակը: Եվ վերջին հրաժեշտը կազմակերպվեց ոչ թե Գրողների միության շենքից, այլ Պերեդելկինոյի նրա առանձնատնից: Եվ նա հողին հանձնվեց Պերեդելկինոյի գյուղական գերեզմանոցում:

***

Բորիս Պաստեռնակը նաեւ հանճարեղ թարգմանիչ էր: Ոչ ոք այդպես լավ, հմտորեն ու կատարյալ չի թարգմանել Շեքսպիրին ռուսերեն, ինչպես Պաստեռնակը: Նա թարգմանել է Շեքսպիրի բոլոր հայտնի ողբերգություններըՙ «Համլետ», «Լիր Արքա», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Օթելլո», «Մակբեթ», կատարել տիտանական աշխատանք: Ռուսների համար նա, կարելի է ասել, կատարեց նույն դերը, ինչ Հովհաննես Խան-Մասեհյանը հայերիս համար: Դրանով իսկ կատարեց նաեւ հսկայական լուսավորչական գործ. նա ի զորու եղավ իր բանաստեղծական տաղանդի միջոցով ոչ թե թարգմանել շեքսպիրյան գործերը, այլ ռուսերենով ստեղծել Շեքսպիրի բնագրին հավասարազոր եզակի գործեր, ռուս ընթերցողի համար Շեքսպիրին բացահայտեց իր ողջ գեղեցկությամբ եւ ուժով:

1938 թվականին Պաստեռնակը մեծ բեմադրիչ Մեյերհոլդի խնդրանքով սկսում է թարգմանել Շեքսպիրի «Համլետը»: Այդ գործի թարգմանության վերաբերյալ նա գրում է իր հորըՙ Լեոնիդ Պաստեռնակին. «Ինձ համար այդ աշխատանքը կատարյալ փրկություն էր շատ բաներից: Ես հասա այն նպատակին, որը դրել էի իմ առջեւ: Առանց այդ աշխատանքի ես կգժվեի: Ես թարգմանում եմ մտքերը, իրադարձությունները, բնագիրըՙ էջ առ էջ, այլ ոչ թե առանձին բառեր եւ տողեր: Թարգմանությունը հնարավորին չափ պարզ է, հալած յուղի պես, այն հասկանալի է առաջին լսումից եւ բնական է» (1940 թ., 14 փետրվարի):

Մի այլ առիթով թարգմանական արվեստի մասին նա գրում է. «Թարգմանությունը պետք է հորդի թարգմանչից, ով բնագրի ազդեցությունը վերապրել է շատ ավելի առաջ, քան սկսել է իր աշխատանքը: Այն պետք է լինի բնագրի պտուղը եւ նրա պատմական հետեւանքը» (Բ. Պաստեռնակ, «Թարգմանչի գրառումներ», տե՛ս Բ. Պաստեռնակ, Երկերի լիակատար ժողովածու 5 հատորով, Մոսկվա, 1989, հ. 2, էջ 645-646):

Պաստեռնակը օտար անուն չէր Իսահակյան ընտանիքի համար: Մինչ հեղափոխությունը Իսահակյանը եւ Պաստեռնակը ծանոթ չեն եղել: Նրանք ծանոթացել են 1935 թ. ամռանը Փարիզում, Առաջին միջազգային հակաֆաշիստական կոնգրեսի օրերին: Խոսքը տանք ականատեսինՙ Վարպետի որդի Վիգեն Իսահակյանին. «Մյուս օրը դարձյալ «Մյուտուալիտեում» ենք: Խորհրդային պատվիրակությունը երեւաց: Նրանք մշտապես միասին եւ կազմակերպված շարքով էին գալիս: Նրանց միջից ինձ շատ էր գրավել եւ հետաքրքրել Բորիս Պաստեռնակը: Նա ուրիշներին էլ էր շատ հետաքրքրել: Կարծես թե նրա անձից մի լույս էր ճառագում:

Բարձրահասակ էր, թուխ:

Կռահելով իմ ցանկությունը, Լեւոն Մուսինյանըՙ կինոտեսաբանը, ծանոթացրեց ինձ Պաստեռնակի հետ, ասելով. «Ահա Վիգեն Իսահակյանը, բանաստեղծի որդին, կինոյով է զբաղվում»:

Պաստեռնակը ձեռքը մեկնեց ինձ ու ասաց. «Ողջույն, Իսահակյանին գիտեմ, ես շատ եմ սիրում նրան, ժամանակին նրան հրաշալի կերպով թարգմանել է Բլոկը»:

Պաստեռնակն այն տարիներին դեռ հրապարակորեն չէր թարգմանել եւ տպել հորս գործերը: Սակայն շատ ավելի ուշՙ բոլորովին վերջերս, իմացանք նրա որդուցՙ Եվգենիից, որ Պաստեռնակը շատ շուտ, զուտ իր համար փորձեր էր կատարել թարգմանելու Իսահակյանին: Եվգենին հոր ձեռագրերի մեջ տեսել ու կարդացել էր:

Պաստեռնակը հարցրեց. «Դուք այժմ Փարիզու՞մ եք ապրում»:

«Այո՛, - պատասխանեցի ես, - ժամանակավոր, եկող տարի հորս հետ պիտի վերադառնանք հայրենիք» (Վիգեն Իսահակյան, «Հայրս», Երեւան, 2011 թ., էջ 327):

Պաստեռնակն իմանալով, որ Վիգենը լավ գիտե Փարիզը, խնդրում է նրան իրեն ուղեկցել դեպի ռուսական գրադարանը եւ եկեղեցի, Վիկտոր Հյուգոյի թանգարան եւ այլն: Հետաքրքրվողները Պաստեռնակի 1935 թ. փարիզյան օրերի մասին կարող են ավելին կարդալ Վիգեն Իսահակյանի «Հայրս» գրքում (էջ 326-336):

Իսահակյանը եւ Պաստեռնակը հաջորդ անգամ հանդիպում են Մոսկվայում 1941 թվականի հունիսի սկզբին «Հայ գրականության տասնօրյակի» շրջանակում: Հիշում են իրենց հանդիպումները Փարիզում, 1935 թ., երբ Եվրոպայի մտավորականները կարծում էին, թե կարելի է սանձահարել Հիտլերին: 1941 թ. երկուսն էլ, որպես հեռատես ու բարձր ինտուիցիայի տեր մարդիկ, հասկանում էին, որ պատերազմը հիտլերյան Գերմանիայի հետ անխուսափելի է: Եվ նրանց հանդիպումից մեկ ամիս չանցած, բռնկվում է «աշխարհահեղեղ» պատերազմը:

Մոսկվայում Իսահակյանն ու Պաստեռնակն ունեին ընդհանուր բարեկամների մի բարի շրջանակՙ Մարտիրոս Սարյան, Մարիետա Շահինյան, Հակոբ Խաչատրյանց, Իլյա Էրենբուրգ, Նիկոլայ Տիխոնով, Կոռնեյ Չուկովսկի, Սերգեյ Շերվինսկի, Վերա Զվյագինցեւա, Սոֆյա Խիտարովա:

Այդ շրջանում (1941 թ.) Պաստեռնակն արդեն թարգմանել էր Իսահակյանի բանաստեղծությունների շարքը եւ տպագրել մոսկովյան «Դրուժբա նարոդով» (1940, 5) եւ «30 դնեյ» (1940, 5) ամսագրերում: Ինչպես վկայում է Պաստեռնակին լավ ծանոթ գրականագետ Սոֆյա Խիտարովան (որն աշխատելիս է եղել «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչությունում), բանաստեղծությունների ընտրությունն արել է ինքըՙ Պաստեռնակը: Բնականաբար, Իսահակյանը Պաստեռնակին հայտնել է իր շնորհակալությունը կատարած բարձրարվեստ թարգմանությունների համար:

Այնուհետեւ Իսահակյանից Պաստեռնակի կատարած թարգմանական շարքըՙ վեց բանաստեղծություն եւ մեկ հատված «Ալագյազի մանիներից» (որի մեծ մասն, ի դեպ, թարգմանել է Աննա Ախմատովան), ընդգրկվում են Պաստեռնակի երկերի ժողովածուների կազմում եւ ներառվում ռուս թարգմանական արվեստի «Ոսկե ֆոնդի» մեջ: Այսպիսով, փաստորեն, Իսահակյանի դասական թարգմանիչներ Ա. Բլոկի եւ Վ. Բրյուսովի կողքին իր թարգմանություններով հանդես եկավ XX դարի ռուսական պոեզիայի այնպիսի մի հետաքրքիր դեմք, ինչպիսին Բորիս Պաստեռնակն էր:

Պաստեռնակը թարգմանել էր այն բանաստեղծությունները, որոնք հոգեպես մոտ էին իրեն եւ ինչ-որ չափով արտահայտում էին տվյալ ժամանակի իր տրամադրություններն ու հույզերը: Դրանք էինՙ «Իմ հոգին տարագիր մի թռչուն...», «Ո՞ւմ սիրտն է հեծում մըռայլ գիշերին...», «Գագաթներին մով սարերի...», «Ես որ մեռնիմ ու իմ վերքից...», «Զարոյի երգը» եւ այլն:

Մի շարք հանգույցներում Իսահակյանի քնարական հերոսի ապրումներն ու հույզերն արձագանքում էին Պաստեռնակի հոգեկան զգացմունքներին: Դա միայնակ ու վիրավոր մարդու ողբն է, հեծեծանքը «այս ցավի, մահի դաժան աշխարհում», երբ Իսահակյանի հերոսը իրեն ընկեր է կանչում «մըռայլ գիշերի»ՙ «մենավոր գայլին». «արի՛, լանք մեկտեղ, իմ խե՛ղճ գայլ-եղբայր»: Դա նաեւ սիրո ազնիվ զգացմունքի անարձագանք լինելն է, եւ իրեն (իր բանաստեղծական կերպարը) որեւէ ռոմանտիկ խորհրդանիշի տակ ներկայացնելըՙ «Իմ հոգին տարագիր մի թռչուն // Չունի բույն, չունի քուն ու անդորր» :

Այո՛, շատ հատվածներում Պաստեռնակին հարազատ էր Իսահակյանի թե՛ հոգեկան վիճակը, թե՛ բանաստեղծական սիմվոլիկան, եւ Պաստեռնակը թարգմանելու պրոցեսում այս ամենն անցկացնելով իր պոետական քուրայի միջով, ռուսերենով ստեղծում է բանաստեղծական շատ ինքնատիպ մի երեւույթ, որը մի կողմից կրում էր Պաստեռնակի սուբյեկտիվության կնիքը եւ ներծծված էր նրա ստեղծագործական տեմպերամենտով ու պատկերներով, մյուս կողմից իր էությամբ այն մաքուր ու ճշմարիտ Իսահակյան էր:

Ահա Պաստեռնակի թարգմանությամբ Իսահակյանի «Ո՞ւմ սիրտն է հեծում մըռայլ գիշերին...» բանաստեղծությունը.

У кого так ноет ретивое,

Что в ответ щемит и у меня?

Это волк голодный за горою

Горько воет, кровь мне леденя.

Злая тень на снеговом сугробе,

Я, как ты, устал и одинок.

Волчье сердце, я твое подобье

В этом мире смерти и тревог.

Мы родные братья и подобье

В этом мире горя и обид.

Так проклятье ж всей земной утробе.

Вместе, братец, заскулим навзрыд.

Բնագրի համեմատությամբ այստեղ վերափոխված են մի շարք պատկերներ, որոշ հատվածներում ներկա են պաստեռնակյան ներդրումներ, ոճական սկզբունքներ, որոնց անհրաժեշտությունը բխում է ռուսական պոեզիայի ներքին օրինաչափություններից: Եվ Պաստեռնակը համարձակորեն այս ամենը կիրառում է իր թարգմանության մեջ, ստեղծելով մի երկ, որը եթե բառացիորեն եւ կամ թե արտաքին ձեւով նման չէ Իսահակյանի բնագրին, ապա իր ողջ էությամբ (նաեւ ներքին հանգով ու տողերի էներգիայով) հայ բանաստեղծի երկի «երկվորյակն» է: Եվ մենք կրկին հավաստում ենք, որ մինչեւ անգամ այնպիսի մեծ վարպետի մոտ, ինչպիսին Պաստեռնակն էր, բանաստեղծական նվաճումն ստեղծվում է այն դեպքում, երբ բնագիրը համահունչ է թարգմանչի բանաստեղծական ու մարդկային խառնվածքին:

Իսահակյանի բանաստեղծությունների պաստեռնակյան թարգմանությունների շարքը (որն, ի դեպ, դեռ ըստ արժանվույն չի գնահատվել, մինչդեռ ժամանակին այն առաջ է բերել Իլյա Էրենբուրգի հիացմունքը) նոր հորիզոններ է բացում Իսահակյանին ռուսերեն թարգմանելու ասպարեզում: Պաստեռնակն իրավացի կռահելով, որ Իսահակյանի մոտ էականը հանգավորումը չէՙ այսպես կոչված բանաստեղծական տեխնիկան, այլՙ ներքին ռիթմը, բանաստեղծական կառույցի համատարած սիմֆոնիզմը, ձգտել է հաղորդել Իսահակյանի երկի ներքին մեղեդին, որն անխզելի ներդաշնակության մեջ է ասելիքի հետ, եւ նրա հետ միասին կազմում է յուրահատուկ «պոլիֆոնիկ ամբողջականություն»:

Душа - перелетная бедная птица

Со сломанным бурей крылом.

А дождь без конца, и в пути ни крупицы,

И тьма впереди и в былом.

Но где-то, усеявши неба покатость,

Не ведают звезды беды,

И ты - голубая хрустальная святость

Большой путеводной звезды.

Хоть раз меня взором мирящим порадуй

И верь мне: конец мятежу.

На дне твоего непорочного взгляда

Я сердце свое погружу.

Душа - перелетная бедная птица

Без дома, без сил и без сна.

А дождь без конца, и в пути ни крупицы.

Дорога ночная темна.

Սա նույնն է, ինչ «սեփական պոեզիայի» ստեղծումը. նման արդյունքը հնարավոր չէ առանց ներքին ստեղծագործական շիկացման, առանց ասելիքի համընկնման, երբ բնագրի տողը առաջ է բերում ե՛ւ համախոհություն, ե՛ւ հոգեկան ոգեւորություն:

Իսահակյանի 1945 թվականի ժողովածուի աննախադեպ հաջողության մի մասն էլ, Բլոկի եւ Բրյուսովի գործերի կողքին, բաժին է ընկնում նաեւ Պաստեռնակի թարգմանություններին:

Իսահակյանի «Ու՞մ սիրտն է հեծում մըռայլ գիշերին...» բանաստեղծությունը, գրված 1907 թ., առանձնանում է խոհական հնարքով, երբ Իսահակյանի քնարական հերոսը, իր ես-ը, իր տրամադրություններն ու ապրումները, հակիրճ ասածՙ հեղինակն իրեն համեմատում է «լեռան լանջերին դառն հեծեծող» գայլի հետ, տեսնելով բազմաթիվ ընդհանրություններ մարդու եւ գայլի իրավիճակների միջեւ: Բանաստեղծն ուղղվում է գայլին խոսքերով, որոնք ավելի շատ ատելություն են պարունակում ժամանակակից աշխարհի դեմ:

Այս ցավի, մահի դաժան աշխարհում

Մեր բախտը մեկ էՙ անհույս ու թըշվառ,

Իմ սիրտն էլ քեզ պես կյանքն է անիծում,

Արի՛, լանք մեկտեղ, իմ խե՛ղճ գայլ-եղբայր:

Ինչպես ցույց է տալիս Պաստեռնակի թարգմանությունը, այս իրավիճակը շատ հատկանշական է նաեւ ռուս բանաստեղծին: Անշուշտ, Պաստեռնակն այս թարգմանությունը առաջին հերթին կատարել է իր զգացածի դրդմամբ, սա մեծ պոետների յուրահատուկ փոխկանչ է:

Վարպետորեն է թարգմանում Պաստեռնակը նաեւ Իսահակյանի փոքր կտավիՙ բանաստեղծություն-խորհրդածությունները, որոնք ունեն ընդգծված փիլիսոփայական ուղղվածություն: Ահա Իսահակյանի երիտասարդ հասակում (1897 թ.) գրած խոստովանությունը.

Անհա՛յտ, անորո՛շ, անձեւ տենչերով

Ձգտում է հոգիս հեռո՛ւ, շատ հեռո՛ւ,

Տխուր ու մռայլ, ինչպես մշուշ-ծով,

Խուլ հեծեծում է ափերի վրա,

Եվ ինչպես երազ - ե՛ւ կա, ե՛ւ չկա...

Պաստեռնակին ճանաչող ընթերցողը այս բնագիրը կարդալուց հետո կարող է ասել, որ այն շատ պաստեռնակյան գործ է: Այն հարազատ է այն աստիճան, որ 50-ամյա թարգմանիչը խոր հոգեհարազատություն է զգացել իր եւ 22 տարեկան հասակում այս բանաստեղծական գլուխգործոցն ստեղծած պոետի միջեւ: Ասածս լավագույն ձեւով հաստատում է պաստեռնակյան թարգմանությունը.

Глухим, неясным, призрачным порывом

Куда-то рвется существо мое.

Как мглистой ночью моря забытье

Лишь плеском выдает себя тоскливым, -

Душа как сон: то есть, то нет ее.

Յուրաքանչյուր տող, լինելով շատ հարազատ բնագրին, բայց եւ թարգմանված լեզվում, հնչում է առաջնային գեղեցկությամբ եւ հնչեղությամբ:

Եվս մի խտացված գլուխգործոց, երբ ութ տողում Իսահակյանն իր ապրած կյանքի անցած ապրումների հակիրճ, բայց խոր գնահատականն է տալիս.

Ապրած իմ կյանքից

Մի սուրբ երազի

Բուրմունքը մնաց

Սրտումս անմոռաց -

Այն որՙ ջերմ լացի

Առանց տանջանքի,

Խորունկ սիրեցի

Առանց տենչանքի...

Հավատարիմ մնալով բանաստեղծության բուն էությանը, Պաստեռնակը հասնում է արդյունքիՙ առաջին հերթին ոչ թե թարգմանելու, այլ հարազատ լեզվով պոեզիա ստեղծելու սկզբունքին հետեւելով: Այս հանգամանքը հստակ երեւում է Պաստեռնակի թարգմանությունն ընթերցելիս.

Из жизни всей

Два аромата

С давнейших дней

Доныне святы,

Я ликовал,

От слез шалея,

И обожал

Не вожделея.

Սա վառ օրինակ է, երբ բնագիրը թարգմանվում է ոչ թե տառացիորեն, այլ թարգմանվում է միտքը, բանաստեղծությունն ամբողջապես շարժման մեջ է, կարդացվում է մեկ թափով, նույն թափով, ինչ բնագիրը:

Երկուսն էլ իրենց պոեզիայում խոսքի խտացման վարպետներ են: Այս օրինաչափությունը գերազանց երեւում է Իսահակյանի պոեզիայի պաստեռնակյան փոխադրումներն ուսումնասիրելիս:

Հարկ կա անդրադառնալու նաեւ Պաստեռնակի եւս մի թարգմանությանՙ Իսահակյանի «Ալագյազի մանիները» պոեմից «Զարոյի երգը» հատվածին: Թե՛ ողջ պոեմը եւ թե՛ «Զարոյի երգը», որ գրված է հայկական ժողովրդական պոեզիայի, ավելի շուտՙ բանահյուսության սկզբունքներով, բոլորովին նոր ասպարեզ է Պաստեռնակի համար: Այստեղ Պաստեռնակն իր համար մի նոր պոետական աշխարհ պիտի բացահայտեր եւ թարգմանելիս նրան օգնության է գալիս ռուս բանահյուսության գանձարանը: Նա կատարում է իր թարգմանությունըՙ առավելագույն չափով հավատարիմ մնալով բնագրին եւ անդրադառնալով մի շարք ոճային առանձնահատկությունների, որոնք ավելի բնորոշ էին ռուս բանահյուսությանը:

Եվ արդյունքը փայլուն էր.

Закрылись веки темноты,

И дол и горы сном объяты.

Над головою только ты

Сверкаешь солнцем без заката.

Я черных глаз читаю цель.

Твой взгляд, играющим агатом

Меня за тридевять земель

Уносит царством тридесятым.

Մինչեւ Պաստեռնակը ռուս անվանի բանաստեղծներից Իսահակյանին թարգմանել են Իվան Բունինը, Ալեքսանդր Բլոկը, Վալերի Բրյուսովը, Վյաչեսլավ Իվանովը, Կոնստանտին Բալմոնտը: Նույն շրջանում, ինչ Պաստեռնակը, Իսահակյանին անդրադարձել է նաեւ Աննա Ախմատովան, ավելի ուշՙ Նիկոլայ Տիխոնովը, Պավել Անտոկոլսկին: Այսպիսով կարելի է ասել, որ Իսահակյանին թարգմանել են համարյա բոլոր խոշոր ռուս բանաստեղծները, որոնք եւ հիմք են գցել Իսահակյանի հետագա ռուս թարգմանիչների համար:

Այսպես ասած, պաստեռնակյան թարգմանական դպրոցին առավել հարազատ եղավ բանաստեղծուհի Բելլա Ախմադուլինան: Եվ դա բնական է, քանզի նա որպես ստեղծագործող շատ մոտ է Պաստեռնակին եւ ռուս դասական պոեզիայի ավանդներին: 1950-ական թվականների Պաստեռնակին երկրպագող երիտասարդ բանաստեղծների սերնդիցՙ Եվտուշենկո, Վոզնեսենսկի, Ռոժդենստվենսկի, Ախմադուլինա, մեծ բանաստեղծին ամենամոտը Բելլա Ախմադուլինան էր: Մարդկային հարաբերությունների առումովՙ Վոզնեսենսկին, իսկ ստեղծագործականՙ Ախմադուլինան: Եվ պատահական չէ, որ 1970-ական թվականների սկզբներին Իսահակյանի հոբելյանական հատորի համար Ախմադուլինան հսկայական աշխատանք կատարեց, թարգմանելով Իսահակյանի պոետական մի ողջ շարք:

Հատկանշական է նաեւ այն փաստը, որ երկու մեծ բանաստեղծներն էլՙ Իսահակյանը եւ Պաստեռնակը, վեպ են գրել: Իսահակյանը «Ուստա Կարո» վեպը գրել է շուրջ կես դար, 1911 թվականից մինչեւ կյանքի վերջը: Վարպետն ասում էր. ««...Ուստա Կարոն» կավարտվի այն ժամանակ, երբ Հայկական հարցը կստանա իր լուծումը»: Եվ միայն ետմահու տպագրվեց վեպի առաջին տարբերակը, շուրջ 600 էջ: Իսկ Պաստեռնակն ստեղծեց «Դոկտոր Ժիվագոն» տասը տարումՙ 1946-1956 թթ.: Նրանք կարծես յուրովի փորձություն էին բռնում, թե իրենցՙ քնարերգակների մոտ կստացվի՞ արդյոք հաջողության հասնել վեպի ժանրում: Եվ, իհարկե, նրանց ստեղծած վեպերն առաջին հերթին բանաստեղծի արձակ էին: Եվ նրանք ինչ էլ գրեին, առաջին հերթին բանաստեղծ էին: Երկու բանաստեղծներն էլ իրենց վեպերը համարում էին իրենց կյանքի գլխավոր գործը: «Դոկտոր Ժիվագո» վեպը հեղինակին ճանաչում բերեց ողջ աշխարհում եւ որպես դափնեպսակ (որն ավելի շուտ կարելի է անվանել տատասկի ու փշի պսակ)ՙ Նոբելյան մրցանակը: Հիշենք, որ բոլոր ժամանակների ռուս հեղինակներից Նոբելյան մրցանակ մինչ այդ ստացել էր միայն տարագրությունում ապրող Իվան Բունինը: Կազմակերպված հալածանքները Պաստեռնակին հասցրին հսկայական բարոյական հարված, որի արդյունքը եղավ նրա մահացու հիվանդությունը:

Իսկ Իսահակյանը շարունակում էր գրել «Ուստա Կարոն», սակայն հայ ժողովրդի պատմությունը զարգանում էր այլ հունով, որի լուծումը հեռու էր Իսահակյանի պատկերացումից, ուստիեւ Վարպետի ձեռքը չէր գնում վերջակետ դնել:

Բնական է, որ նա խորհրդային տարիներին չէր կարող տպագրել իր «կյանքի վեպը», անգամ նրա առաջին տարբերակը: Եվ երկար տարիներ վեպը համարվում էր անավարտ կամ թե անտիպ: Իհարկե, դրանք շատ տարբեր վեպեր են, սակայն մի բան նրանց ընդհանրացնում է. երկու վեպերի հերոսներըՙ Ուստա Կարոն եւ դոկտոր Յուրի Ժիվագոն հանդիսանում են իրենց ստեղծողների երկվորյակները: Ակադեմիկոս Դմիտրի Լիխաչովը Բորիս Պաստեռնակի երկերի հինգհատորյակի համար գրած իր նախաբանում հետեւյալն է ասում. «Մենք պետք է կրկին հավաստենք, որ Պաստեռնակի ստեղծագործությունում պոեզիան եւ արձակը միասնական են: Նրանք գնում են նույն նավընթացով (հալսով): Բայց ինչ-որ մի պահ նրա ուշ շրջանի ստեղծագործությունում Պաստեռնակը կարծես հրամայում էՙ շրջադարձ դեպի վերջնական պարզություն...: Նա հնարավորություններ է որոնում քնարերգությունից անցնել էպոսի, իսկ պոեզիայից անցնել արձակի: Սակայն նրա էպոսը մնում է քնարական, իսկ արձակըՙ բանաստեղծական» :

Նույնը կարելի է ասել եւ Իսահակյանի վերաբերյալ: Նրա էպոսը («Սասմա Մհեր») քնարական է, իսկ արձակըՙ բանաստեղծական: (Այս թեմայի շուրջ ես հանդես եմ եկել դեռեւս 1975 թ. «Բանաստեղծի արձակը» մենագրությունում):

Պաստեռնակը վեպն ավարտում է 25 բանաստեղծությունից կազմված շարքով, որն անվանել է «Յուրի Ժիվագոյի բանաստեղծությունները»: Այս եզրափակիչ բանաստեղծություններն իրականում հանդիսացան Բորիս Պաստեռնակի պոեզիայի «կարապի երգը»: Այս շարքում կան բացառիկ պոետական գլուխգործոցներՙ «Համլետ», «На страстной», «Зимняя ночь», «Օգոստոս», «Բաժանում», «Рождественская звезда», «Гефсиманский сад». Այս բանաստեղծությունները 20-րդ դարի ռուսական պոեզիայի եզակի գանձերից են եւ հաստատում են այն ճշմարտությունը, որ նրանց հեղինակը, չնայած արտաքին աշխարհի հալածանքներին, չնայած հսկայական բռնատիրական վարչակարգի դեմ իր միայնակ դիմակայությանը, 20-րդ դարի ռուս ամենամեծ բանաստեղծներից մեկն էր, որ հեռացավ կյանքից ուժերի ծաղկման շրջանում, ասենք նաեւ, որ հեռացավ ոչ թե պարտվելով, այլՙ հաղթանակելով: Եվ շարունակում է մնալ ոչ միայն ռուս պոեզիայի, այլեւ արձակի մեծագույն դեմքերից մեկը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 31-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ