ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԵՎ ԱԼ. ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի եւ բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի ստեղծագործական կյանքում կան ընդհանուր այնպիսի գծեր, որոնք նրանց մոտեցրել, դարձրել են երկար տարիների մտերիմ բարեկամներ: Այդ ընդհանրությունը դրսեւորվել է երկու Ալեքսանդրների թողած գրական ու երաժշտական ժառանգության մեջ: Ստեղծագործական խառնվածքի այդ ընդհանրությունն էլ փոխադարձաբար նպաստել է նրանց գործերի մասսայականացմանըՙ արժանանալով համընդհանուր ճանաչման: Սպենդիարյանի եւ Ծատուրյանի առաջին ծանոթությունը տեղի է ունեցել 19-րդ դարի 90-ական թվականների սկզբներին, Մոսկվայում: Շատ հավանական է, որ նրանց հանդիպումը տեղի ունեցած լինի 1892 թ. ապրիլի 9-ին, բանաստեղծ Սմբատ Շահազիզի գրական գործունեության 30-ամյա հոբելյանի ժամանակ: Հոբելյանական հանդեսն սկսվել ու ավարտվել է մոսկվաբնակ հայ աղջիկներից ու երիտասարդներից կազմված երգեցիկ խմբի ելույթով, որը կատարել է հոբելյարի տեքստով գրած «Ազնիվ ընկեր» եւ «Հանգիստ իմ ընկեր» երգերը: Այդ երգեցիկ խմբի ղեկավարը եղել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժնի ուսանող Ալեքսանդր Սպենդիարյանը: Ալ. Ծատուրյանն էլ հանդես է եկել Շահազիզին նվիրած իր «Հայկական երգչին» բանաստեղծության արտասանությամբ: Շահազիզի հոբելյանի նկարագրության մեջ Սպենդիարյանի մասնակցության մասին հիշատակություն է մնացել «Սմբատ Շահազիզյանի երեսնամյա հոբելյանը» գրքում (1894, Մոսկվա), որի խմբագիրը եղել է ինքը Ծատուրյանը: Այստեղից էլ սկիզբ է առել նրանց բարեկամությունը, որը տեւել է քառորդ դար: Շահազիզի հոբելյանական հանդեսը նպաստավոր դեր է կատարել Սպենդիարյանի կյանքումՙ ոչ միայն նրան կապելով հայկական միջավայրի հետ, այլեւ նրա ստեղծագործության մեջ ներմուծելով ազգային ոգի ու գաղափար: Պատահական չէ, որ Սպենդիարյանի եղբայր, հետագայում նշանավոր երկրաբան Լեոնիդ Սպենդիարյանը այդ նույն 1892 թ. մարտի 12-ին հորն ուղղած նամակում գրել է. «Հիմա Սաշայի հետ այնպիսի հայեր ենք, որ դու հանգիստ մնա... Կարդում ենք հայերեն թերթեր, հատկապես «Մշակը»: Մոսկվայի ազդեցիկ հայերի տանը հաճախ կազմակերպվող երեկոներին, ուր հավաքվել է հայ երիտասարդությունըՙ վերապրելու հայրենի հուշերով ու հույզերով, քանիցս մասնակցել են նաեւ Սպենդիարյանն ու Ծատուրյանը: Ահա այսպիսի երեկոներից մեկի ժամանակ, 1894-ի դեկտեմբերին, Մոսկվայի համալսարանի դասախոս, Ղարաբաղի Հադրութ գյուղացի իրավաբան Ներսես Ներսիսյանի (1848-1894) տանը (1): Սպենդիարյանը լսելով Ծատուրյանի «Այ վարդ» բանաստեղծությունը, տարվել է նրանով եւ կարճ ժամանակամիջոցում գրել այն հանրահայտ ռոմանսը, որը կատարվել է հաջորդ երեկոյին: Իմ ուսանողական տարիների երաժշտության պատմության դասախոս, կոմպոզիտոր Անուշավան Տեր-Ղեւոնդյանը պատմում էր, որ Ծատուրյանի խոսքերով, Սպենդիարյանի երաժշտությամբ «Այ վարդ» ռոմանսի առաջին կատարողը եղել է երգիչ Եվլախովը եւ մեծ ժողովրդականություն վայելել ոչ միայն մեզանում, այլեւ հայկական շրջանակներից դուրս: Այս ռոմանսի ստեղծման շուրջն այն պատմությունն է ստեղծվել, թե իբր Ծատուրյանը եւ Սպենդիարյանը տարված լինելով մի աղջկանով, տեղն ու տեղըՙ հանպատրաստից առաջինը հորինել է տեքստը, իսկ երկրորդըՙ երաժշտությունը: Բայց ճշմարտությունն այն է, որ Ծատուրյանն այդ բանաստեղծությունը գրել է ամենաուշը 1890 դեկտեմբերին, իսկ Սպենդիարյանը ձայնագրել 1894 թ. դեկտեմբերին: Այս առիթով պետք է ասենք նաեւ, որ մերժելի է հայ գրականության պատմության մեջ արմատավորված այն կարծիքըՙ թե իբր «Այ վարդը» գրված է 1891-ին: «Այ վարդը» առանց վերնագրի առաջին անգամ տպագրվել է Ալ. Ծատուրյանի «Բանաստեղծություններ» գրքում: Գիրքը լույս է տեսել Մոսկվայում, տպագրության թույլտվությունը կատարվել է Պետերբուրգումՙ 1891-ի հունվարի 8-ին: Առաջին հրատարակության մեջ տպագրվել է այս տեքստով (էջ 142): *** Ա՛յ վարդ, լսիր աղաչանքիս, Թո՛ւյլ տուր թփից քեզ քաղեմ, Եվ քեզանով սիրած կուսիս Փափուկ կուրծքը զարդարեմ: Մի՛ վախենար, նորա կրծքին Չես թառամիլ, քնքո՛ւյշ վարդ Այնտեղ, մատաղ կրծքի տակին Կյանքի աղբյուր կա առատ: Հետագայում Ծատուրյանը «փափուկ» կուրծքը դարձրել է «չքնաղ»ՙ ավելացնելով եւս երկու քառյակ. Ա՛յ վարդ, պատմիր նրան հուշիկ, Իմ հուր տենչանքն ու հույսեր, Թող բուրմունքով քո անուշիկ Նրա սրտում զարթնի սեր: Պատմիր նրան իմ ցավերը, Պատմիր ինչպես ամեն օր, Ես օրհնում եմ նրա սերը, Որ ինձ կանի բախտավոր: Մեր օրերում այս ռոմանսը շատ քիչ է կատարվում, այն էլ միայն առաջին երկու տունը: «Այ վարդի» լավագույն կատարողը հռչակավոր երգիչ Պավել Լիսիցյանն է: «Այ վարդը» միօրինակություն չի ունեցել նաեւ 20-րդ դարի հրատարակություններում: Ծատուրյանի «Երկերում» (1948, էջ 99) եւ «Մարգարիտներ հայ քնարերգության» ժողովածուի երկրորդ հատորում (1974, էջ 119) տպագրվել է միայն առաջին երկու տունը, իսկ «Սիրված երգեր» երգարանի առաջին գրքում (1974, էջ 23)ՙ ամբողջականՙ չորս քառատողով: «Այ վարդը» «փորձանքի» է հանդիպել նաեւ Կահիրեում լույս տեսած «Գանձարան հայկական երգերու» ժողովածուում: Տպագրվել է չորս քառյակ, որոշ տողերի փոփոխությամբ: Ա՜յ վարդ լսիր Ա՛յ վարդ, լսիր աղաչանքիս, Թույլ տուր թփից քեզ քաղեմ, Եվ քեզանով սիրած կուսիս Չքնաղ կուրծքը զարդարեմ: Մի վախենար, նորա կուրծքինՙ Չես թառամիլ քնքույշ վարդ Այնտեղ, մատաղ կուրծքի տակին Կյանքի աղբյուր կա առատ: Մեղմ զեփյուռ գուրգուրալով Կը շոյե քեզ, քնքույշ վարդ, Այնտեղ, նրա կուրծքի տակին, Կյաքնի աղբյուր կա առատ: Մի վախենար, նորա կուրծքինՙ Չես թառամիլ, քնքույշ վարդ, Այնտեղ նորա փարթամ կուրծքինՙ Չես ունենա ո՛չ մի դարտ: Խոսք Ալ. Ծատուրյանի, երաժշտ. Ալ. Սպենդիարյանի: «Այ վարդը» ավելի լայն տարածում ստանալու նպատակով, Սպենդիարյանը դեռեւս Մոսկվայում սովորելու շրջանում թարգմանել է ռուսերենՙ հայերեն մեկ տողը ռուսերեն երկու տող դարձնելով: Բնագիրը պահպանվում է Սպենդիարյանի տուն-թանգարանի ցուցադրության մեջ: «Այ վարդը» ռուսերեն թարգմանելու մի փորձ էլ կատարել է գրականագետ-թարգմանիչ Յուրի Վեսելովսկին (Լազարյան ճեմարանի շրջանավարտ), բայց ոչ մեկի աշխատանքը բնագրին չեն հասնում: Սպենդիարյանի այս ռոմանսը երեք այլ գործերի հետ առաջին անգամ տպագրվել է 1899 թ. եւ նվիրված է իր վաղամեռիկ եղբորՙ Լեոնիդ Սպենդիարյանի հիշատակին: Երգի նախնական վերնագիրը եղել է «Արեւելյան մեղեդի»: Ռոմանսն այնպիսի մեծ ընդունելություն է գտել երաժշտասեր հասարակայնության կողմից, որ տարիներ շարունակ, հայ թե օտարազգի, Սպենդիարյանից խնդրել են այդ երգը եւ կատարել: Սպենդիարյանի եւ Ծատուրյանի ստեղծագործական համագործակցության արդյունք է նաեւ վերջինիս «Մի լար, բլբուլ» բանաստեղծության ձայնագրումը առաջինի կողմից: Երգի ձայնագրումը Սպենդիարյանի մոտ մտահղացվել է հավանաբար 1909 թ. գարնանը, երբ Ալ. Ծատուրյանն առողջությունը վերականգնելու նպատակով 1909 թ. մարտ-ապրիլ ամիսներն անց է կացրել Յալթայում: Ծատուրյանն այդտեղ գրեթե միշտ հանդիպել է Սպենդիարյանին, հյուրընկալվել նրա տանը: Այդ հանդիպումների ժամանակ Ծատուրյանը ծանոթացել է կոմպոզիտորի ստեղծագործական ծրագրերին, օգնել իր խորհուրդներով ու առաջարկություններով: Ի սեր այդ բարեկամության, Սպենդիարյանը «Մի լար, բլբուլը» երգը ձոնել է տեքստի հեղինակինՙ Ծատուրյանին: Երգը լույս է տեսել հետեւյալ տիտղոսաթերթովՙ «Նվիրվում է Ալեքսանդր Հովսեփի Ծատուրյանին «Մի լար բլբուլ», հայկական երգ, բառերը Ա. Ծատուրյանի, երաժշտությունըՙ Ա. Սպենդիարովի» (1910, ռուսերեն): Այս տիտղոսաթերթը նկարազարդել է բանաստեղծի եւ կոմպոզիտորի մերձավոր ընկեր, ականավոր նկարիչ Վարդգես Սուրենյանցը: Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում անել եւս մի ճշգրտում: Թեեւ ընդունված է ասել, որ «Մի լար, բլբուլը» տպագրվել է 1910-ին, բայց այն փաստորեն լույս է տեսել 1911 թ. փետրվարի կեսերից հետո: Ահա թե ինչու: Սուրենյանցը նախօրոք պատրաստելով երգի տիտղոսաթերթը, գրել է միայն իրեն հայտնի տեքստը, իսկ ինչը որ անհայտ է եղել, կլիշեի վրա բաց տեղ է թողել տպագրական շրիֆտով լրացնելու համար: Այսպիսով, տիտղոսաթերթի վրա մնացել է 1910 թ.: Հարցի մեջ պարզություն մտցնելու նպատակով բերենք Վ. Սուրենյանցի մի նամակը Ալ. Ծատուրյանին: « Սիրելի Ալեքսանդր ,- գրել է Սուրենյանցը,- վստահ եմ, որ պատասխանս չես ուշացնիլ- բանն այն է, որ այսօր հեռագիր ստացա Սպենդիարյանից, որի մեջ նա աղաչում է շուտով վերջացնեմ նկարներս: Իր խոստացած նամակները չեմ ստացել եւ մնացել եմ բոլորովին անօգնականՙ ոչ ռոմանսների թիվը գիտեմ եւ ոչ վերնագրերը եւ ոչ գիտեմ, թե տպագրության որ տեսակի համար է նկարը կամ նկարները հարկավոր: Ուրեմն, սիրելի Ալեքսանդր, աղաչում եմ Յուրգենսոնից (հրատարակչից- Բ.Հ.) իմ երեք հարցիս պատասխանը ճշտեսՙ 1) Ռոմանսի կամ ռոմանսների վերնագրերը (եւՙ մեկ հատ է հարկավոր, թե՞ երկու հատ), 2) լիթոգրաֆի համար է պետք, թե՞ ցինկոգրաֆի, 3) եթե լիթոգրաֆի համար է, արդյոք լավ չի՞ լինիլ, որ երկու գույնի անեմ եւ հենց կալկերը նրանց ուղարկեմ, որ իսկույն քարի վրա փոխադրել կարողանան»: Սուրենյանցն այս նամակը Պետերբուրգից ուղարկել է 1911 թ. հունվարի 31-ին: «Մի լար, բլբուլի» հրատարակման շապիկի ձեւավորման մասին Սուրենյանցը նամակ է գրել նաեւ Սպենդիարյանին: Ըստ այդ նամակի, 1911 թ. փետրվարի 9-ին դեռեւս խոսվել է ինչը կլիշեով, ինչը տպագրական շարվածքով տպագրելու մասին: Ուրեմն «Մի լար, բլբուլի» հրատարակության թվականն այսուհետեւ պետք է համարել ոչ թե 1910, այլ 1911 թվականը: Որ Յալթայում Ծատուրյանը շարունակ շփվել է Սպենդիարյանի հետ, իսկ Մոսկվայից հետաքրքրվել նրա աշխատանքներով, աջակցել դրանց իրագործմանը, բավական է թեկուզ հիշատակել «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» օպերայի օրինակը: Ինչպես հայտնի է, Սպենդիարյանը վաղուց եւ շատ է մտահոգվել օպերա գրելու հարցով: Նրա մտահղացումներից մեկն էլ Արա Գեղեցիկի եւ Շամիրամի մասին օպերա գրելն է, որի վրա Սպենդիարյանն սկսել է աշխատել 1909 թվականից, Ծատուրյանիՙ դեռեւս Յալթայում գտնված ժամանակից: Այդ աշխատանքից մեզ է հասել միայն Շամիրամի արիան, որի պատճառով շատերը վերնագրից հանել են Արայի անունը եւ գործն անվանել «Շամիրամ»: Յալթայում Մերկուրովի եւ ուրիշների թվում Ծատուրյանը մտերմացել է նաեւ երաժշտության դասատու (ջութակահար) Հար. Խաչատրյանի հետ: Այս երեքը ծանոթ են եղել Սպենդիարյանի մտադրությանըՙ Արա Գեղեցիկի եւ Շամիրամի թեմայով օպերա գրելուն: Այսպես, Ծատուրյանի Մոսկվա վերադառնալուց հետո, 1910 թ. հունվարին, Հար. Խաչատրյանը գրել է նրան. «Շուտ-շուտ գնում եմ Սպենդիարյանի մոտ, ջանուրի վերա նվագում եմ հայկական ժողովրդական երգեր, նա ձայնագրում է օպերայի համար» : Սպենդիարյանի այդ աշխատանքի նկատմամբ Ալ. Ծատուրյանի հետաքրքրության մասին Հ. Խաչատրյանն ավելի հանգամանորեն պատմել է բանաստեղծի գրական գործունեության 25-ամյակի առթիվ գրած հիշողություններում: Այդտեղ նա նույնիսկ տալիս է օպերայի համառոտ բովանդակությունը, որը նա լսել է Ծատուրյանից: Այս առթիվ նա գրել է. «Կես գիշերին մոտ էր, երբ մտանք մեր սովորական սրճարանը: Այստեղ խոսակցության նյութն էր երաժշտագետ Ալ. Սպենդիարյանի «Արա Գեղեցիկ» օպերան : Ծատուրյանի ասելով Պետերբուրգում ապրում է մի ռուս կին գրող, որ մանրամասն ուսումնասիրել է հին ասորաբաբելական եւ հայկական կյանքը: Ահա այդ կինը տվել է նյութ օպերայի համար: Ծատուրյանի պատմածով լիբրետտոն լավ կազմված է եւ բովանդակությունը մոտավորապես հետեւյալն է. Շամիրամն իր զորքերը ուղարկում է պատերազմ Արայի դեմ. զինվորները սպանում են Արային եւ մարմինը բերում Շամիրամի մոտ: Շամիրամն այնքան սիրելիս է եղել Արային, որ չի հավատում թե նա մեռած է, ուստի մարմինը դնում է մահճակալի վրա եւ մի քանի օր պահում: Ժողովուրդը բողոքում է դրա դեմ: Շամիրամը գահընկեց է լինում»: Սա թերեւս ամենաշատ տվյալն է «Շամիրամ» օպերայի մասին, որի լիրբետտոյին ծանոթ է եղել Ծատուրյանը: Ծատուրյանն այնքան շատ ու մոտիկից է տեղյակ եղել օպերայի ստեղծման աշխատանքներին, որ այդ շրջանում, մամուլում նույնիսկ այն կարծիքն է հայտնվել, թե իբր «Ա. Սպենդիարյանը գրում է «Արա Գեղեցիկ» անուն մի օպերա, որի լիբրետտոն կազմում է բանաստեղծ Ալ. Ծատուրյանը»: Կարո՞ղ է պատահել, որ Սպենդիարյանը, կամ Ծատուրյանը չեն հավանել պետերբուրգցի կին գրող Տեֆֆիի լիբրետտոն եւ ստիպված են եղել նոր լիբրետտո կազմելու, դժվար է ասել: Սպենդիարյանի եւ Ծատուրյանի փոխադարձ սիրո եւ գնահատության վառ արտահայտությունն իր դրսեւորումն է գտել նաեւ նրանց նամակագրություններում: Սերգեյ Կարա-Մուրզան մտադիր լինելով 1913 թ. Մոսկվայում մի դասախոսություն կարդալու արեւելյան երաժշտության մասին, կենսագրական տվյալներ է խնդրել Սպենդիարյանից: Վերջինս իր գործերը հիշատակելիս նշել է, որ դրանց թվում մեծ մասսայականություն է վայելում Ծատուրյանի տեքստով գրած «Արեւելյան մեղեդի» ռոմանսը: Կարա-Մուրզայի դասախոսությանը ներկա գտնվողների թվում է եղել նաեւ Ծատուրյանը: Մոսկվայի հայ համայնքի անունից նրա եւ Ստ. Մամիկոնյանի ստորագրությամբ մեծարանքի եւ շնորհավորանքի հեռագիր են ուղարկել, որի մեջ ասված է. «Յալթա, Ալեքսանդր Աֆանասեւիչ Սպենդիարովին. Մոսկվայի հայկական գաղութի անդամները երեկ լսելով Կարա-Մուրզայի «Օրիենտալիզմը ռուսական արվեստում» զեկուցումը, որի մեջ լուսաբանված է Ձեր երաժշտական փայլուն գործունեությունը, ողջունում են Ձեզ, որպես տաղանդավոր հայ կոմպոզիտորի, հղում են հետագա բեղմնավոր աշխատանքի լավագույն ցանկություններ» : Ի պատասխան այդ ջերմ վերաբերմունքի, 1913 թ. դեկտեմբերի 23-ին Յալթայից Սպենդիարյանը հեռագրել է Կարա-Մուրզային. «Խնդրում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել պարոնայք Ծատուրյանին, Մամիկոնյանին եւ Ձեր զեկուցմանը ներկա գտնված հայկական գաղութի անդամներինՙ իրենց ջերմ ու սիրալիր ողջույնի համար: Սրտանց շնորհակալ եմ Ձեզՙ Ձեր զեկուցման մեջ ինձ վրա ուշադրություն դարձնելու համար» : Եվս մի հարց: 1910 թ. Բաքվի Հայոց կուլտուրական միությանՙ Խաչատուր Աբովյանի արձանի բացման համար հանգանակության միջոցառումներից մեկը եղել է գրական երաժշտական երեկոների կազմակերպումը: Այդ առնչությամբ Միությունը դիմել է Սպենդիարյանինՙ գրելու մի կանտատ: Ծատուրյանը տեղյակ է եղել նրա նաեւ այս աշխատանքի ընթացքին: Հար. Խաչատրյանը 1910 թ. նոյեմբերին Ծատուրյանին գրած նամակում հայտնել է թե. «Սպենդիարյանը գնաց Պետերբուրգ, գնալուց առաջ մի երկար հեռագիր ուղարկեց Բաքու, բացատրեց կանտատան իր ժամանակին չհասցնելու պատճառները» : Սպենդիարյանը գրել-ավարտել է Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի վերջաբանից վերցրածՙ իր գրած տեքստով կանտատան, որը եւ կատարվել է Բաքվում, Աբովյանին նվիրված երեկոյին: Այն կրել է «Հայկական մարտիկի երգը» վերնագիրը: Ըստ երեւույթին, Սպենդիարյանը ցանկացել է, որ հայկական երեկոներին կանտատան կատարվի հայերեն: Լ. Խալաթովի 1915 թ. մի նամակից պարզվում է, որ այդ գործը հանձնարարվել է Ծատուրյանին, բայց նա հրաժարվել է թարգմանելՙ գտնելով որ դա չի լինի Աբովյանի տեքստը: Ծատուրյանի վերահաս մահը (1917 թ.) խանգարեց ծանոթ լինելու Սպենդիարյանի նոր գործինՙ «Ալմաստին», որի իրագործման համար չէր խնայի իր ուժերն ու օժանդակությունը: Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Ալեքսանդր Ծատուրյանի անձնական ու ստեղծագործական սերտ կապն ու համագործակցությունը հայ գրականության եւ մշակույթի գործիչների կապերի լավագույն դրսեւորումներից մեկն է հայ իրականության մեջ: |