ԱՊԵՐԱԽՏՈՒԹՅՈՒՆ Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ Այս հրեշավոր երեւույթը միշտ համարել եմ մարդկային նկարագրի ծայրաստիճան վնասաբեր ու նողկալի դրսեւորումներից մեկը, եւ միշտ զարմացել, թե ինչու չի հիշատակվում յոթ մահացու մեղքերի ցուցակում, երբ, ասենք, այնտեղ ընդգրկված «Որկրամոլությունը» վնասակար կարող է լինել նախեւառաջ «շատակեր Շարայի» համար, եւ գրեթե ոչնչով չի վնասում երկրին ու հասարակությանը: Մինչդեռ ապերախտությունն ավերիչ հետեւանքներ կարող է ունենալ թե՛ անհատի, թե՛ ժողովրդի եւ թե երկրի ճակատագրի համար: Մանավանդ երբ խրախուսվում է անարժանը եւ հետեւողականորեն անտեսվում արժանավորը, ինչը կարծես սովորական է դառնում Հայաստանի պարագայում: Անձը, որ առիթ տվեց ինձ կրկնելու իմ կողմից բազմիցս արտահայտված այս մտքերը, անարժաններից չէ, ավելինՙ առավել քան արժանավոր է, վաստակաշատ, կարելի է նույնիսկ ասելՙ աշխարհահռչակ, բայց ոչ իր մեղքով, այլ ուրիշների անմտածված փութեռանդության պատճառով ստիպում է նորից խոսելու ապերախտության հերթական դրսեւորումներից մեկի մասին: Արմինե Սարգսյանի եւ Ե. Չարենցի անվ. Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի զրույցում («Ոչ թե տեղանքն է դեր խաղում, այլ անունը», «Իրատես դե ֆակտո», 23.01.2018թ.) ասվում է, որ «Արա Գյուլերի անվան լուսանկարչության թանգարանի տարածքի հարցը «բանակցությունների» օրակարգում է»: Հրաշալի է, որ այսպիսի հոգատար ուշադրություն է ցուցաբերվում մեր ժամանակների ականավոր եւ, ընդգծում ենքՙ սփյուռքահայ արվեստագետներից մեկի հանդեպ: Ուրախալի է, որ երկարատեւ հապաղումից հետո վերջապես, պետականորե՛ն, ցուցասրահ է հատկացվում լուսանկարչական արվեստին: Բայց տխուր է ու ցավալի, որ այդ թանգարանը կրելու է պոլսահայ վերոնշյալ արվեստագետի անունը: Թող ոչ ոք ջանք չթափի ապացուցելու ինձ նրա բազմաթիվ եւ անժխտելի արժանիքները, որոնք իսկապես հիմք կարող էին դառնալ նման պատվի արժանանալու Հայաստանում, եթե... Արա Գյուլերի անունն ինձ հայտնի է դեռեւս վաթսունականների սկզբից, երբ վերջնականորեն «Հայաստան հաստատված» իմ լավ բարեկամ, տաղանդավոր բանաստեղծ, հայ մշակույթի բացառիկ նվիրյալ լուսահոգի Վարդերես Կարագյոզյանն (Գարակէօզեան) ինձ նվիրեց պոլսահայ սքանչելի բանաստեղծներ Զահրատի, Զարեհ Խրախունու, Իգնա Սարըասլանի եւ այլոց ժողովածուներըՙ Արա Գյուլերի լուսանկարներով հարստացված ու լրացված: Զարմանալի համերաշխություն կար այդ պատկերների եւ բանաստեղծական տողերի միջեւ, իսկապես որ մեկը լրացնում էր մյուսին: Նույն գեղագիտությունն էր, նույն հայացքը, որ միախառնված ստեղծում էին «միզերաբիլիզմի» այդ պոլսահայ դրսեւորումը, որը լիովին համահունչ էր անցյալ դարի հիսնականների եւ վաթսունականներիՙ եվրոպական մի շարք երկրներում դրսեւորված գեղարվեստական հոսանքին: Եվ այսօր, ավելի քան կես դար անցած, կարող եմ ասել, որ պոլսահայ գրականությունն առանց Արա Գյուլերի պատկերների գուցե այդպես անջնջելի չտպավորեր ինձ: Հետագա տարիներին էլ ես բազմաթիվ առիթներ ունեցա ծանոթանալու նրա արվեստին եւ համոզվելու, որ իսկապես կարող ենք նրան աշխարհի լավագույն լուսանկարիչներից մեկը համարել: Այնուհանդերձ, անարդար է Հայաստանում առաջին անգամ բացվող լուսանկարչության ցուցահանդեսը կոչել նրա անունով , քանի որ մինչեւ այդպիսի որոշումն ընդունելը պետք է անպայման հիշեին այդ պատվին արժանանալու իրավունքը լիուլի նվաճած մեկ այլ արժանավոր արվեստագետիՙ Անդրանիկ Քոչարին, անուն, որն այսօր գուցե անհայտ է շատ շատերին: Սակայն ոչ իր մեղքով: Լուսանկարչական իր արվեստով, իր թողած անջնջելի հետքով նա բնավ չի զիջում Արա Գյուլերին: Նա նույնպես մեծ է, բայց յուրովիՙ որպես անզուգական պորտրետիստ: Սակայն պարզվեց, որ զիջում է միայն, ավա՜ղ, իր ճակատագրով, ավելի պարզ ասածՙ իր բախտով: Անդրանիկ Քոչարը 1947 թ.Եգիպտոսից ներգաղթեց Խորհրդային Հայաստան եւ ամբողջովին նվիրվեց իր արվեստին: Նա հսկայական ժառանգություն է թողելՙ իր ժամանակակիցների, գերազանցապես մշակույթի, գիտության, սպորտի եւ այլ բնագավառների ականավոր մարդկանց դիմանկարները: Նա սովորական լուսանկարիչ չէր, այլ հոգեբան, իր գործիքով մարդու ներքինը բացահայտող նրբանկատ արվեստագետ: Ես բախտ եմ ունեցել 60-ական թվականներից սկսած հյուրընկալվելու Կիեւյան փողոցում գտնվող նրա երկսենյականոց բնակարան-արվեստանոցում եւ հետեւելու, թե ինչպես է աշխատում: Անգամ հյուր ընդունելիս, լուսանկարչական գործիքը մշտապես ձեռքին էր եւ շարունակ որսում էր պահը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր քաղաքներում նա ներկայացավ անհատական ցուցահանդեսներով, արժանացավ միջազգային հեղինակավոր մրցանակների: Բայց, ինչպես երեւում է, այդքանը քիչ էր, որպեսզի այսօր ըստ արժանվույն գնահատվի իր հայրենիքում: Եթե 1947թ. Անդրանիկ Քոչարը ոչ թե Հայաստան գար, այլ իր ավագ գործընկեր ու հայրենակիցՙ Օսմանյան կայսրության ծակուռներից մեկում ծնված Յուսուֆ Քարշի պես մեկներ Եվրոպա, ԱՄՆ կամ Կանադա, ապա, համոզվա՛ծ եմ, իր տաղանդով, իր աշխատասիրությամբ եւ նվիրվածությամբ նույնպիսի փառքի կարժանանար, մենք էլ այստեղ հպարտությամբ կխոսեինք նրա հայկական արմատների մասին, ես էլ գուցե ստիպված չլինեի այս ցավալի մտորումները շարադրել: Սակայն Անդրանիկ Քոչարն անսալով իր սրտի ձայնին, եկավ Հայաստան, աշխատեց ու իր նկատելի լուման դրեց հայրենիքի բարգավաճման գործին, եւ երանի՜ իր հայրենի հողի վրա նա արժանանար նույնքան պատիվների, որքան այսօր Արա Գյուլերն է արժանանում հայերի համար թշնամի համարվող Թուրքիայում: Արա Գյուլերի անունով այսօր Բեյօղլուում մշակութային կենտրոն է բացվում, նրա անունով փողոց կա Ստամբուլում, նա մի շարք պարգեւներ է ստացել թուրքական կառավարության կողմից, Ֆրանսիան նրան շնորհեց Պատվո Լեգեոն շքանշանը... ցուցակը կարելի է շարունակել: Հասկանալի է, որ Հայաստանի կառավարությունը նույնպես ցանկանում է արժանին մատուցել մեծ վարպետին, սակայն կարծում ենք ոչ այս կերպ: Հավանաբար ավելի արդար կլինի նրան շնորհել մեր հանրապետության պատվավոր շքանշաններից մեկը, մանավանդ որ հրաշալի առիթ է մոտենումՙ Հայկական պետականության վերականգնման 100 ամյակը: Իսկ լուսանկարչության ցուցասրահը, իմ խորին համոզմամբ, պիտի անպայման կոչվի Անդրանիկ Քոչարի անունով: Դա կլինի ամենաարդար լուծումը: |