RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 02-02-2018



ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Տեղադրվել է` 2018-02-01 22:07:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 2762, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱԼԵՏԻ ԱՀԵՂ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ. ՄԱԴԱՄ ՌՈՒԶԱՆ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Ազգի»ՙ այս տարվա հունվարի 12-ի համարում Աննա Մարիկյանի հետ մեր հրատարակած հարցազրույցում հիշվել էր ֆրանսիական պարուսույց մադամ Ռուզանը: Երկու ընթերցողուհի դիմեցին մեզՙ խնդրելով ներկայացնել այդ անձնավորությանը, որը եւ կատարում ենք ստորեւ...

Համաշխարհային բալետային մանկավարժության մեջ իրենց անունն են թողել մի քանի հայազգի պարուսույց տիկնայք, որոնք դաստիարակել են բալետային մեծությունների. Ագրիպինա Վագանովա, Սեդա Սյունի, Օլգա Տարասովա, Նորա Կիս, Լիդիա Ռաֆաիլովա, եւ իհարկե, մադամ Ռուզան, որը ժամանակակիցների հիշողության մեջ մնացել է որպես բալետի «ահեղ ուսուցչուհի»...

Ֆրանսիական բալետային շրջանակներում ժամանակին հեղինակություն վայելող այդ հայուհին ծնվել է 1894-ին, Բաքվում, Սարգսյան ընտանիքում: Մուրացանի «Ռուզան» դրաման արդեն մեկ տասնամյակ է, ինչ ասպարեզի վրա էր, եւ շատ հայ ընտանիքներ իրենց նորածին աղջիկներին անվանում էին այդ հայրենասեր հերոսուհու անվամբ: Նրա կյանքի վաղ տարիները մնում են մշուշոտ: Հայտնի է, որ 1920-ին հաստատվելով Փարիզումՙ Ռուզան Սարգսյանը ուսանել է ռուս հայտնի պարուսույց-բալետմայստերներ Իվան Խլյուստինի եւ Ալեքսանդր Վոլինինի մոտ: Որոշ ժամանակ հանդես է եկել «Դյագիլեւի ռուսական բալետ» խմբում եւ Աննա Պավլովայի կորդեբալետում: Նշանավոր պարող եւ բալետմայստեր Ռոլան Պըտին նրա մասին ասել է. «Չեմ կարծում, որ նա լավ պարուհի է եղել. ոտնաթաթերը խոշոր էին, իսկ ոտքերՙ նիհար ու երկար: Սակայն թե՛ որպես մանկավարժ, թե՛ որպես մարդ նա անզուգական էր»:

Ռուզան Սարգսյանը 1928-ից մինչեւ մահը, երեսուն տարի շարունակ դասական բալետ է դասավանդել Փարիզի Կլիշի թաղամասում գտնվող «Վակեր» պարի ստուդիայում տեղակայված իր սեփական դպրոցում (որոշ ժամանակՙ իր երբեմնի զուգընկեր, բալետի պարող Վիկտոր Գզովսկիի հետ): Ռուսական բալետի պատմությանը նվիրված աշխատության մեջ Սերժ Լիֆարը , խոսելով ժամանակի աչքի ընկնող բալետի դպրոցների մասին, հիշել է նաեւ Ռուզան Սարգսյանի դպրոցը: Մադամ Ռուզանը հայտնի է եղել իր խստությամբ, աշխատել է օրը 16 ժամից ավելիՙ բավարարվելով միայն սուրճ խմելով ու ծխելով: Սխալ կատարող աշակերտներին ստիպել է ժամերով նույն վարժությունը կրկնել եւ որպես պատիժՙ իր համար սուրճ պատրաստել: Պարող Պոլ Սիլարը հիշել է, որ երբ աշակերտներն ավարտում էին դասը, նրանք պետք է անմիջապես վճարեին («Ես տակավին պարտական եմ մադամ Ռուզան Սարգսյանին այս օրվա համար»,- գրել է նա իր հուշերում): Այս մեծապես ազդեցիկ ուսուցչուհուն են աշակերտել նաեւ ֆրանսիացի ուրիշ նշանավոր պարող-պարուհիներ եւ պարուսույցներՙ Ֆրանսուազ Ադրե, Վիոլետ Վերդի, Լեսլի Քարոն (հետագայում նաեւՙ հոլիվուդյան աստղ), Լիզետ Դարսոնվալ, Աննա Պասկեւսկա, Իվետ Շովիրե, Յուլի Ալգարոֆ, Ալեքսանդր Կալյուժնի, Փեթեր վան Դայք, Ժան Բաբիլե, Ռոլան Պըտի, Իվ Բրիո, Պիեռ Լակոտտ, Սերժ Պերետտի եւ հատկապեսՙ 20-րդ դարի ֆրանսիական բալետի մեծագույն դեմք Մորիս Բեժար (1927-2007): Վերջինս մադամ Ռուզանի աշակերտն է եղել 12 տարիՙ 1946-ից մինչեւ ուսուցչուհու մահը 1958-ին: Մորիսը նրան սիրել է հարազատի պեսՙ չնայած ուսուցչուհին իրեն անվանել է «tordue»ՙ ծռմռված, բայց որքան էլ հաճախ է ճիպոտով հարվածել իր գլխինՙ Բեժարի սերը դրանից չի պակասել: Հետագայում իր հեղինակավոր ուսուցչուհու սեւազգեստ, խարիզմատիկ եւ խստապահանջ կերպարը Բեժարն արտացոլել է 1977-ին բեմադրած «Փարիզյան զվարճություններ»ՙ հումորով եւ մելամաղձությամբ լի ներկայացման մեջՙ Օֆենբախի օպերետների հերոսների, Բավարիայի թագավոր Լյուդովիկոսի, Նապոլեոն Գ-ի եւ այլոց կերպարների կողքին:

2004-ին Ռուսաստան այցելած Ռոլան Պըտին, որը Մոսկվա է բերել իր «Բալետի գաղտնիքները» ներկայացումը, մի հարցազրույցում ասել է. «Մադամ Ռուզանն ինձ համար ավելին էր, քան մանկավարժը: Նա կարծես իմ հոգեմայրը դարձավ: Պատերազմի տարիներին, երբ Փարիզը բռնազավթված էր եւ քաղաքում պարետային ժամ էր, քանի անգամ նա ինձ թույլ է տվել գիշերել իր մոտ: Առհասարակ, շատ խիզախ կին էր, բացարձակապես անվախ: Նա ինձ նույնիսկ փողով է օգնել, երբ սկսեցի բեմադրություններ անել: Դեկորների համար ինձ որոշ գումար տվեց: Եվ երբ մի անգամ գնացի նրա մոտՙ փողը վերադարձնելու, նա մերժեցՙ ասելով, որ իրեն շտապ պետք չէ: Իսկ ես ստիպում էի: Հաջորդ օրը նա այլեւս չկար: Հավանաբար նա զգում էր իր մահը...»:

Մադամ Ռուզանի կերպարին մի քանի էջ է նվիրել նաեւ ինքըՙ Մորիս Բեժարն իր «Մի ակնթարթ օտարականի կյանքից» հուշագրքում, որը բերում ենք ստորեւՙ մեր թարգմանությամբ.

«Գոյան աշխատել է ամբողջ հոգով (ե՛ւ գթասրտությամբ, ե՛ւ նրբազգացությամբ)ՙ նկարելու համար իմ ուսուցչուհունՙ մադամ Ռուզանին: Այլոց համար նա մի ծեր ռուս տիկին էր: Ես չեմ կարող այստեղ գործածել այդ բառերը, քանի որ ես գրեթե սիրահարված էի նրան :

Գոյան նրան նկարել է կարմիրով, սպիտակով եւ շատ սեւով: Նա ուներ սեւ մազեր եւ խորունկ սեւ աչքեր: Փաթաթվում էր սեւ զգեստի մեջ, որն ավելի էր գեղեցկանում մաշվածությամբ. այն փայլում էր ստուդիայի պայծառ լուսավորության մեջ: Նրա մազերն անհավանական ձեւով ձգված ու յուղոտ էին: Ինձ առանձնապես տպավորում էին նրա աչքերըՙ եգիպտական մումիայի աչքեր, շրջանակված, ի՜նչ եմ ասում, սեղմվա՛ծ, սեւաներկի շուրջըՙ գովազդային արտառոց նեոնային լույսերի պես:

Ես եւ նա ներկայացնում էինք Հարոլդ եւ Մոդի մի նախնական տարբերակ (Հարոլդը - Մոդը 1971-ին նկարահանված համանուն ամերիկյան կինոկատակերգության հերոսներն են. ֆիլմը պատմում է 20-ամյա երիտասարդի եւ 80-ամյա տիկնոջ սիրո եւ բարեկամության մասին - Ա. Բ.):

Նա ինձ ընդունեց մի նախադասությամբ, որը, կարծում էի, հորինված էր միայն իմ պատվին, բայց որը հետագայում բազմիցս կրկնվեց որպես մի իսկական լոզունգ.

- Տղաներն իմ ստուդիայում ամենասիրելիներն են:

Եվ նա իր աչքերը դարձնում էր պատի երկայնքով շարված աղջիկների վրա ու ավելացնում երեք տոն ցածր.

- Պարող աղջիկներն ինձ հետաքրքիր չե՛ն:

Նա պարտադիր ձեռքի տակ պիտի ունենար երկու բանՙ մի գավաթ սուրճ (ժամը մեկ նա խմում էր սառը սեւ սուրճ, եւ մեկնումեկը պետք է լցներ գավաթը) ու զուգարանի թղթի գլան, որից նա անդադար մի կտոր պոկում էրՙ մատները սրբելու համար: Ամեն անգամ, երբ ինձ կանչում էր իր առոգանությամբՙ «Մորի՛ս», ես լսում էիՙ «Բորի՛ս»: Նրա եղունգները շուրթերից էլ կարմիր էին, եւ ահա ինչի համար էին դրանք. նա ցույց էր տալիս մի կեցվածք եւ մոտենում էրՙ ասես ոչինչ չի եղել: Որտեղ որ մկանը ճիշտ տեղում չէր լինումՙ այդ մասը կսմթում էր: Արագ եւ տեղը տեղին: Հաջորդ դասին այդ տեղում լինում էր մի հետք, սեւի ու կապույտի մեջ գտնվող մի հիշեցում...

- Բորի՛ս: Ոտքդ մի՛ տմբտմբացրու: Ձգի՛ր: Դու մեծ պարող չես, ինչը շատ ավելի լավ է: Շատ օժտվածը ոչ մի բան էլ չի անի: Իսկ եթե աշխատասեր եսՙ կեցցե՛ս, շատ աշխատողն առաջ կգնա:

Մի երեկո նա ինձ թատրոն հրավիրեց: Ես նրան գտա հսկիչ կետում: Նա դրել էր սեւ գլխարկՙ կարմիր վարդերով զարդարված: Կոկորդիլոսի կաշվից պայուսակի մեջ, որը նա բացեցՙ հանելու համար երկու հրավիրատոմսերը, ես հասցրի նկատել մի փղոսկրե հովհար եւ կես դյուժին փոքրիկ սպիտակ թաշկինակներ: Նա ցույց տվեց բեմ մտնող մի պարողի եւ թեքվելով ինձՙ շշնջաց.

- Նա իմ աշակերտը չէ, բայց այնքան էլ վատը չէ:

Մի ուրիշ օր ինձ ճաշի հրավիրեց մի ռեստորանում, այն հյուրանոցի դիմաց, որտեղ նա մշտապես ապրում էր: Ես նայում էի նրան, երբ ուսումնասիրում էր ճաշացանկը: Դեմքը գեղեցիկ էր ու թափանցիկ: Հուզում էր ինձ: Էժանագին դիմափոշին ու տարիքը նշանակություն չունեն:

Կգա մի ուրիշ օր, երբ ես կգնամ ստուդիա ու կիմանամ, որ պարապմունք չկա: Մադամը մահացել է:

Ես մի լուսանկար ունեմ, որտեղ ընկերներիս հետ տանում եմ նրա դագաղը» (տե՛ս Maurice Be'jart, Un instant dans la vie d autrui: me'moires, Փարիզ, 1979, էջ 49-50):

Այսօր բալետագիտության մեջ մադամ Ռուզանը հաճախ հիշվում է որպես ռուս ուսուցչուհի, սակայն մեմուարային գրականության մեջ նրան հիշում են նաեւ որպես «հայ գաղթականուհի», «հայտնի ուսուցչուհի Հայաստանից». մահախոսականում եւս նշված էր նրա հայ լինելը: Կարեւոր փաստ է նաեւ, որ մադամ Ռուզանի անունը հիշվում է Քյոգլերի բալետի մեծ հանրագիտարանում...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 02-02-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ