RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 20-04-2018



Տեղադրվել է` 2018-04-19 22:04:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2912, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՉՃԱՆԱՉՎԱԾ

Նաիր ՅԱՆ

Արցախի եւ արցախահայության նկատմամբ միջազգային կառույցների վերաբերմունքը դրսեւորվում է ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային ոլորտում: Հայ-ադրբեջանական հակամարտությունը, Արցախի տարածքային չլուծված խնդիրն ազդում է նաեւ միջմշակութային փոխհարաբերությունների վրա:

Հնագետներն ինքնըստինքյան իրենց վրա են վերցրել ոչ միայն պեղումներ կատարելու, պեղումների արդյունքները հետազոտելու, այլեւ դրանք հանրահռչակելու պատասխանատվությունը: Եվ նրանք դա ստիպված են անել սեփական կապերի միջոցովՙ թիկունքում չունենալով պետության հովանորությունը:

Վերջին տարիներին Արցախում հնագիտական հետազոտության է ենթարկվում 10 հուշարձան, այդ թվումՙ Տիգրանակերտը, Շուշին, Տողը, Վաճառը, Քաշաթաղը, Դադիվանքը: Ակադեմիական հետազոտություններից բացի, Արցախում աշխատող հնագիտական արշավախմբերը փորձում են ուսումնասիրությունների արդյունքները տարածել հնարավորինս շատ միջոցներովՙ համացանց, հոդվածներ ու զեկույցներ, ամսագրեր, միջազգային գիտաժողովներ: Գտածոներն ու բացահայտումներն անմիջապես դրվում են շրջանառության մեջ, նախՙ հանրությանն իրազեկելու, ինչպես նաեւ միջազգային գիտամշակութային դաշտում արտասահմանյան հեղինակավոր համալսարանների, կենտրոնների հետ համընթաց առաջ գնալու, մեր գիտակրթական ներուժը ցույց տալու համար:

Տիգրանակերտն Արցախի տարածքում պեղվող եւ ուսումնասիրվող միակ հուշարձանն է, որ պաշտոնապես ֆինանսավորվում է ԼՂՀ-ի իշխանությունների կողմից: Աջակցությունն ամեն տարի 17 միլիոն դրամ է, այս տարիՙ 10 միլիոն: Արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նկատում է. «Սովորական երեւույթ է. ամեն տարի քիչ են հատկացնում, հետո ես սկսում եմ դիմել Արցախի ղեկավարներին, բանակցել, համոզել, որ այդքանով շոշափելի արդյունքի հասնել հնարավոր չէ: Բանակցություններից հետո գումարը մի քանի միլիոնով ավելացնում են: Մեղմ ասածՙ սա աննախանձելի վիճակ է: Ինչո՞ւ պետք է ես կամ որեւէ մեկը խնդրի իշխանություններին, որ գիտական հետազոտությունների, պեղումների համար մի քիչ ավել փող տան: Արդյունքում Տիգրանակերտ քաղաքը կրիայի քայլերով է բացվում. հյուսիսային պարսպապատը, որն այսօր տարածաշրջանում ամենաէտալոնային հուշարձանն է, ստիպված ենք մարդկային ուժի կիրառմամբ 4-5 մ. փորել, որպեսզի ժայռի միջի հնագիտական շերտերը լիարժեք բացվեն: Այստեղ տեխնիկա կիրառել չի կարելի»:

Պատի 25 մետրը բացվել է, բացվել է նաեւ կարասային հուղարկավորության տարածք, հայտնաբերվել են զենքեր, զարդեր: Վաղ քրիստոնեական հրապարակի երկու հատվածները եւս պեղվել են: Այնտեղ երկու եկեղեցի ու դամբարան է հայտնաբերվել: 5-րդ դարի վերջերին եկեղեցին ավերվել-հողին է հավասարեցվել: Եկեղեցու տեղը խճողված ճարտարապետությամբ բնակավայր է կառուցվել. հնագետների կարծքովՙ բնակատեղին կառուցողները եկվոր քոչվորական ցեղեր են եղել, որոնք որոշ ժամանակ այդ տարածքում նստակյաց կյանք են վարել:

2018-ին Տիգրանակերտի վերաբերյալ երեք խոշոր ծրագիր է մշակվել. Արցախի կառավարության ֆինանսական աջակցությունից բացի, մի քանի գործարար ցանկություն են հայտնել հանդիպել հնագետների հետ. չի բացառվում, որ նրանք եւս հովնավորեն Տիգրանակերտի պեղումները: Հնագետների մեծագույն ցանկությունն է հետազոտել Տիգրանակերտի ջրանցքը, որը բացառիկ շինություն է համարվումՙ զգալի մասը փորված ժայռի տակ: Ուրարտական թագավորությունից հետո նման ջրանցքներ չեն կառուցվել, ու ահա տափաստանային գոտումՙ Խաչենագետի մոտակայքում, հայտնաբերվել է ժայռափոր մի համալիր, որը բնորոշ է ուրարտական շրջանին: Հնագետներին հետաքրքրում է ջրանցքի հատկապես ժամանակագրությունը:

Երկրորդ ուշագրավ հնավայրը Տիգրանակերտում անտիկ դամբարանադաշտն է: Այնտեղ պեղումներ քիչ են եղել. հայտնաբերվել է ընդամենը երկու թաղում, պարթեւական դրամներ, որոնք Ք.ա. 50-30-ական թվականների են: Դամբարանները Տիգրանակերտի ստույգ թվագրման հարցում շատ օգտակար կլինեն, բայց առայժմ հողի տակ ենՙ չպեղված: Կամ պետք է կատարել ծավալուն պեղումներ, ինչի հնարավորությունը ֆինանսական սղության պատճառով հնագետները չունեն, կամ պետք է տարածքը սկանավորել. 1 հա-ի արժեքը մեկ միլիոն դրամ է: Այդ հնավարությունը մենք եւս չունենք: Համլետ Պետրոսյանը դիմել է իր արտասահամանցի գործընկերներին: Նրանք սկանավորման հարցում կօգնեն իրեն, իսկ ինքը նրանց կփոխհատուցի իր մասնագիտական ծառայություններով:

Մասնավոր ներդրումների շնորհիվ պեղվում է նաեւ Վաճառի Սուրբ Ստեփանոս վանքը, որը գտնվում է Գանձասարի հարեւանությամբ: Այն եւս վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի մշակույթի շերտեր է բացում, որոնք Հայաստանի եւ Արցախի համար ընդհանուր առանձնահատկություններ են ցույց տալիս: Բացվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցու դամբարանը, գավիթը: 50 նոր խաչքարեր, երկու տասնյակ արձանագրություններ են գտնվել:

Պեղվում է նաեւ Դադիվանքի փոքր եկեղեցին, որի տակ գետնուղի է հայտնաբերվելՙ շատ նման թաքստոցի: Ընդհանրապես մեր եկեղեցիների տարածքում կատարված ու կատարվող պեղումները գիտահետազոտական հստակ արդյունք չեն կարող ապահովել: Պատճառն այն է, որ այդ տարածքներում խոր պեղումներ, որպես կանոն, չեն արվում: Պետք է բացել եկեղեցիների հատակը, մի քանի մետր փորելՙ պարզելու, թե դրանց տակ նախկինում ի՛նչ քաղաքակրթություն է թաղված եղել, եւ ո՛ր ժամանակներին պատկանող շերտերի մասին է խոսքը: Եզակի դեպքերում արված խորքային պեղումները ցույց են տվել, որ եկեղեցիները հաճախ կառուցվել են հին դամբարանների կամ նախաքրիստոնեական կրոնական կառույցների տեղում:

Եթե հնագիտական նյութը հետաքրքրական է, այն բնականաբար գրավում է նաեւ օտարազգիներին, արտասահմանյան կենտրոններին, որոնք համագործակցության առաջարկներ են անում: Բայց այդ առաջարկներն ուղղված են ոչ թե մեր պետությանը, այլ անձնապես մեր հնագետներին: Արդյունքում անձնական կապերը ծառայեցվում են պետական շահերին: Բայց երբ գալիս է ժամանակը, երբ պետությունը պետք է կանգնի գիտնականի թիկունքին, պարզվում էՙ թիկունքը դատարկ է:

Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը 10 օր առաջ է վերադարձել Ֆլորենցիայից: Այնտեղի համալսարանում դասախոսություններից մեկը նա նվիրել է Արցախի Տիգրանակերտի պեղումներին: Արձագանքը ոգեւորիչ է եղել: Ֆլորենցիայի համալսարանը վերջերս խուսափողական կեցվածք է ընդունել, երբ այնտեղ անց է կացվել Կովկասի եւ Ատրպատականի մշակույթին նվիրված գիտաժողով: Հնագետ Նժդեհ Երանյանը ներկայացրել է Արցախի մարդակերպ կոթողները: Թեման ընդունվել է, նաեւ տեղադրվել Հին միջերկրածովյան եւ մերձավոր-արեւելյան հետազոտությունների կենտրոնի պաշտոնական կայքում: Հայտնի է, որ ադրբեջանցիներն ամեն տեղ ներթափանցում են, ամենքի հետ համագործակցում: Նրանք բողոքի նամակներ են ուղղելՙ ասելով, որ Արցախը վիճելի տարածք է, հետեւաբար այնտեղ հնագիտական պեղումներ չպետք է կատարվեն, առավել եւս դրանց արդյունքները հայերի կողմից չպետք է ներկայացվեն միջազգային կառույցներին ու կենտրոններին: Նժդեհ Երանյանի զեկուցումն ադրբեջանցիները կայքից հանել են տվել: Համլետ Պետրոսյանը փորձել է գիտաժողովի կազմակերպիչներիցՙ Ֆլորենցիայի համալսարանականներից, պատասխան պահանջել: Ի դեպ, նրանք միջազգային հնագիտությանը հայտնի անուններ են, համագործակցում են նաեւ հայերի հետ: «Որտե՞ղ է գիտնականի մտքի ազատությունը, մի՞թե աշխարհում չկան չքաղաքականացված, անկախ գիտնականներ, որոնց համար պետք է կարեւորվի գիտական նյութը, այլ ոչ թե մեկ այլ պետության ազդեցությունը, եթե մանավանդ դրանից տուժում է համաշխարհային գիտությունը: Բացի այդ, միջազգային կոնվենցիաներով վիճելի, հակամարտության տարածքների բնակիչներն ունեն մշակութային իրավունքներ, մի՞թե քաղաքակիրթ Եվրոպան դրանք չի հարգում»,- Համլետ Պետրոսյանի նման բարոյախրատական հարցադրումներից հետո Ֆլորնցիայի գիտնականները գլխիկոր լսել են, համաձայնել ու լռել:

Մարդու մշակութային իրավունքները խախտվում են ոչ միայն Արցախում, հակամարտությունների այլ տարածքներում եւսՙ Սիրիա, Իրաք, Մարոկկո, Ալժիր, Դնեպր: Միջազգային կոնվենցիաներում միայն գեղեցիկ շարադրված է, թե քաղաքական, պատերազմական իրավիճակները չպետք է խանգարեն պատմամշակութային ու գիտական ոլորտների հետազոտություններին: Հումանիստական այդ ճռճռան կոչերն իրականում չեն կիրառվում: 30 տարի Արցախի քաղաքական կարգավիճակը հստակեցված չէ, հետեւաբար Արցախի բնակիչների մշակութային իրավունքները շրջանցված են: Իրական քաղաքական որոշումները ոչ մի կապ չունեն թղթի վրա գրված մարդակենտրոն կոնվենցիաների հետ: Գանձասարի վանքում 170 հայկական արձանագրություն է հայտնաբերվել. դրանք չպե՞տք է ներկայացվեն միջազգային հանրությանը: Ընդհակառակը, մենք պետք է բոլոր առիթներն ու միջոցներն օգտագործենքՙ ապացուցելու, որ հայերն Արցախում բնիկներ են:

«Ֆլորենցիայի համալսարանի գիտնականներին ասացիՙ ձեր կարծիքովՙ մենք իրավունք չունե՞նք Գանձասարի հայկական արձանագրությունների մասին հոդված գրել, ինչ է թե Արցախը միջազգայնորեն ճանաչված պետություն չէ: Դա բարոյակա՞ն է: Դուք կհամաձայնեի՞ք նույն կերպ վարվել, եթե ձեր երկրում հայտնաբերվեին նման հուշարձաններ ու ձեզ պարտադրեին լռել դրանց մասին: Դարձյալ գլուխները կախեցին-մնացին»,- պատմում է Համլետ Պետրոսյանը:

Նա հավելեց. «Տիգրանակերտը եղել եւ մնում է իմ եւ իմ ընկերների հոգսը: Թվում է, թե մենք ունենք պետական քաղաքականություն եւ այդ քաղաքականության մեջ կա մշակութային քաղաքականությանն ու գիտակրթական զարգացումներին վերաբերող դրույթ: Բայցՙ ոչ, չկա: Ինչո՞ւ պետք է ես փող մուրամ, որ Արցախում պեղումներ անեմ: Մինչդեռ պիտի այլ կերպ լիներՙ պետական այրերը պետք է շահագրգռված լինեին, որ Արցախում հնագիտությունը զարգանա, Արցախը դառնա զբոսաշրջության կենտրոն, մեր պեղած նյութերը դառնան միջազգային հանրության հետաքրքրության առարկան»:

Ակնհայտ է, որ ադրբեջանցիների սադրանքներներն ու հոխորտանքներն օտար հարթակներում խոր ազդեցություն ունեն: Բայց հարց է առաջանում. եթե իրենց նպատակների իրագործման մեջ ադրբեջանցիներն իրենց թիկունքին ունեն իրենց իշխանություններին, նրանց ծրագրված պետական հակահայ քաղաքականությունը, ի՞նչ է, մենք պետություն ու պետական քաղաքականություն չունե՞նք: Հնագետները Հայաստանի եւ Արցախի իշխանական բոլոր կառույցներին ու պաշտոնյաներին նամակներ են ուղարկել: Բոլորն էլ պարտաճանաչ կերպով հնագետներին պատասխանել ենՙ այդ ծանրությունը ձեր ուսերին է, դուք էլ տարեք. մենք ձեզ ոչնչով օգնել չենք կարող: Այսքանից հետո ինչպե՞ս չմտածես, որ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ իրականում որեւէ քաղաքականություն չի տարվում: Մեր արտգործնախարարությունը պետք է հազար անգամ հանդես եկած լիներ հակամարտության գոտի համարվող Արցախի մշակութային խնդիրների պաշտպանությամբ: Սա հնագետների գործը չէ, այլ պետության: Հնագետները պատվաբեր գործ են անումՙ հաշվի չառնելով, թե ինչ կասեն օտարազգի գիտնականները, ինչպես կարձագանքեն ադրբեջանցիները: «Գիտնականի նման կենսակերպը բնորոշ է պետություն չունեցող մարդուն, դավանական հանրույթներին, էթնիկ խմբերին: Բայց երբ ունես պետություն, այն էլՙ երկուսը, ունես տասնյակ նախարարներ, ինչո՞ւ պետք է պետություն ներկայացնելու պատասխանատվությունը բարդվի անհատների վրա»,- վրդովվում է Համլետ Պետրոսյանը:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը վճռել է մեր երկրում անց կացնել հակամարտության գոտիների մշակութային ժառանգությանը եւ մշակույթի իրավունքներին նվիրված գիտաժողով եւ հրավիրել միջազգային կառույցների ներկայացուցիչներին: Գիտաժողովին հարց է բարձրացվելուՙ Արցախի պատմամշակութային ժառանգությանը նվիրված զեկուցումներն ու հոդվածները մինչեւ ե՞րբ պետք է մերժվեն եւ ի՞նչ հիմքերով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #15, 20-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ