ՇԻՐՎԱՆԶԱԴԵ Պայծառ ԵՐԿԱԹ Ապրիլի 18-ին լրացավ Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան 160-ամյակը: Այս առթիվ հրատարակում ենք պոլսահայ եւ եգիպտահայ, այնուհետեւՙ հայաստանաբնակ գրող, սիրող դերասանուհի Պայծառ Երկաթի (1888-1988) «Գողտրիկ հուշեր ու սուր փշեր կամ Մի դերբուկ ճանապարհ» անտիպ հուշագրությանՙ Շիրվանզադեին վերաբերող գլուխը: Անվանի գրողին Պ. Երկաթը հանդիպել է 1921-ին, Կոստանդնուպոլսում: Հուշերի ձեռագիրը մեզ է տրամադրել Երկաթի թոռնուհինՙ Հայաստանի վաստակավոր արտիստուհի Աննա Մարիկյանը:
Այս թվականին ես պատեհությունը ունեցա անձամբ տեսնելու հայտնի տաղանդավոր գրող Ալ. Շիրվանզադեն: Նա եկել էր Պոլիս եւ Բերայի կանանց լիգայի հրավերով ունենալու էր ելույթ: Շիրվանզադե... այդ անունը քանդակվել էր իմ սրտի խորքում անջնջելի տառերով այն օրից, որ կարդացել էի նրա «Արտիստը»... արվեստի հուրով բոցավառված ու շրջապատի անհասկացողությամբ տանջված Լեւոնը... Հեղինակը հասարակության առջեւ դնելով դժբախտ արտիստի ներաշխարհը, հուզել էր տասնյակ տանջված լեւոններ... ու ես սիրում էի Լեւոնի հեղինակին, իսկ այժմ պիտի տեսնեի նրան: Սիրանը եւ ես գնացինք Բերա: Լիքն էր սրահը, երբ մտանք ներս: Կանգնեցինք վերջի շարքերում: Ճոճում էին գլուխները աջ, ձախ, վեր, վար, բոլորի ճիգն էրՙ լավ տեսնել օրվա մեծ մարդը: Ալեւոր Շիրվանզադեն նստել էր բեմի վրա: Մի տիկին հայտարարեց. «Հայ գրականության պարծանքներից, մեր ամենքին սիրելի, մեծատաղանդ գրող Շիրվանզադեն կարդալու է ձեզ իր «Արմենուհի» պիեսը»: Որպես սիրող դերակատար այս հայտարարությունը կրկնապես խանդավառեց ինձ: Ո՞վ է իմանում, ի՞նչ շեշտերով ու ապրումներով ցույց է տալու մեզ «Արմենուհին» նույնինքնՙ դրամատուրգը... Այլ ափսոս... Շիրվանզադեն կարդաց իր «Արմենուհին» այնպես, ինչպես մեկը իր տան մեջ ընթերցում է մի գիրք, նստած հանգիստ իր բազկաթոռում: Հազիվ թե լսում էի նրան ու մտածում. «Ուրեմն այլ է լինել դրամատուրգ, այլ է լինել դերասան... բնությունը չի պարգեւատրում մեկին միանգամից բոլոր արժանիքներով ու շնորհներով»: Վերջացավ ընթերցումը: Ուժգին ծափահարեցին «Արմենուհու» հեղինակին: Շնորհավորեցին մեծ գրողին ու վերջապես լիգայի վարչության հայտնի տիկինները շրջապատելով նրանՙ հրավիրեցին ճաշկերույթի, թեյասեղանի եւ այլ հավաքույթների: Շիրվանզադեն ժպտաշուրթն նայում էր բոլորին, ընդունում կամ մերժում էր հրավերներ: Տաքացավ մթնոլորտը: Խոսակցությունները սկսեցին դառնալ ավելի մտերիմ... սրտաբաց... ու մի վայելչագեղ տիկին մոտեցավ օրվա հերոսին... - Պարոն Շիրվանզադե, կարելի՞ է ձեզ տալ մի հարց: - Խնդրեմ: - Դուք, որ այնքան հոգեբան եք, ապրում եք մարդկային բոլոր տենչերը.... հույզերը, ի՞նչ է ձեր կարծիքը սիրո մասին: Մի մարդ կամ կին կարո՞ղ է կյանքումը մի քանի անգամներ սիրահարվել... Ժպտում է մեծ հոգեբանը: Խորաթափանց աչքերով նայում է շնորհալի տիկնոջ եւ ասում. - Գիտե՞ք ինչ, սիրելի տիկին, ձեր հարցին կարելի է պատասխանել այսպես: «Մարդ կյանքումը կարող է սիրել շա՛տ անգամներ»: - Ու պատշաճ, ներելի գտնո՞ւմ եք այդ դուք: - Այսի՞նքն... - Այսինքն, մի անգամ մեկին սիրելուց հետո դավաճանել նրան ու սիրել մի ուրիշին... - Դավաճանել... դուք դավաճանել ասելով ի՞նչ եք հասկանում, տիկին: - Հասկանում եմ այն, որ այլեւս չես սիրում նախապես սիրած անձդ ու խաբելով նրանՙ ասում ես ուրիշինՙ «սիրում եմ քեզ»: Շիրվանզադեն ընդմիջելով խոսակցինՙ ինք շարունակեց նրա ասելիքները. «...չեմ կարող ապրել առանց քեզ... դու իմ հոգյակն ես... դու ես իմ կյանքի արեւը...»: Հարց տվող տիկինը մի քիչ զարմացած նայում էր մեծ գրողին, որը շարունակում էր իր ասելիքները. «...քիչ հետո մի ուրիշին էլ կրկնել նույն նախադասությունները... այսպես շարունակելի, չէ՞... ուրեմն, դուք սիրելը հասկանում եք այս ձեւով, այո՞...»: Ներկաները լսում էին նրան մեծ հետաքրքրությամբ ու սպասում էին, թե տակավին ինչեր էր ասելու նա, որ գիտեր վերլուծել մարդկային բոլոր կրքերը, հույզերն ու նրանց կարգին, անշուշտ, սերն էլ իր այլազան տարրերով: Ես ու Սիրանը մոտեցել էինք նրան: Շիրվանզադեն մի րոպե նայեց շուրջը եւ ասաց շատ հանդարտորեն. - Գիտե՞ք ինչ, սիրելի եւ հարգելի տիկիններ, սերը մի այնպիսի զգացում է, որ չի կարելի սանձել նրան մտքի թելադրանքով... բայց Սեր կա, Սեր էլ կա... Վերջին ժամանակներում դժբախտաբար մարդիկ չեն կարող զանազանել իրարից սերն ու կիրքը: Սերը, ճշմարիտ սերը հիացական այն զգացումն է, որ միշտ տեսնում է գեղեցիկը, ճշմարիտն ու բարին ու չի կարող ժխտել բացահայտ ճշմարտություններ... իսկ աղավաղյալ սերը, որ մարմնացումն է միայն կրքին ու ցանկության, չի կարող զանազանել գեղեցիկը տգեղից, սուտըՙ իրավից, չարըՙ բարիից, ու մտածում է միայն յուրացնել այն, ինչ որ հաճելի է թվում իրեն: Լավ դաստիարակված մի ազնիվ անհատականություն, որ սիրել է մի անգամ ու հավատարմություն է խոստացել իր սիրածին, իր ընտրածին, անշուշտ, ներելի չէ նրան, որ խաբե, դավաճանե, բայց այդ չի նշանակում, որ մարդ կյանքումը հանդիպում է այնպիսի իդեալ գեղեցկության, որի կողքին նսեմանում, չքանում են ուրիշ բոլոր գեղեցկությունները: Ընդհակառակը, շատ անգամ նա հանդիպում է ու հիացմամբ նայում է մեկ աչքերի բացառիկ գեղեցկությանը... մի ուրիշի հոլանի լանջքն է գրավում նրա ուշադրությունը... մի օր էլ հափշտակված նայում է մի խարտիշահերի, որից բուրում է գարնանային թարմություն... Մին կարող է ունենալ առինքնող խոսակցություն, մյուսըՙ հիանալի երգեցողություն: Եվ դեռ այնքան գեղեցիկ, գրավիչ երեւույթներ: Եվ տեսնելով այդ երկնապարգեւ շնորհները, չի կարող անտարբեր մնալ գեղեցիկին ճաշակը ունեցող ազնիվ մարդը, բայց այդ էլ չի նշանակում, որ նա իրավունք ունի խաբելով, դավաճանելով յուրացնել ամեն մի տեսակ գեղեցիկը... այդ զգացումը սեր չէ, այլ կիրք, ցանկություն, չհագեցված սնոտի տենչերի մորմոք... ու պախարակելի է այդ սերը, որ հիմնված է ուրիշի դժբախտության վրա: Լուռ էինք բոլորս: Ժպտաց Շիրվանզադեն ու շարունակեց. - Օրինակի համար, ես այս րոպեին սիրում եմ ձեր նազելի հասակը, տիկին... սիրում եմ այն օրիորդի ծով աչքերը... սիրում եմ այնտեղ, հեռուն կանգնող տիկնոջ խորհրդավոր նայվածքը, որով ուսումնասիրում է ինձ... բայց չեմ խաբում, չեմ դավաճանում իմ կնոջը, որին խոստացել եմ հավատարմություն: Նա չունի այն, ինչ որ դուք ունեք յուրաքանչյուրդ, բայց նա իմն է, իմ կյանքի ընկերը, եւ մենք ապրում ենք իրար հետ հաշտ, խաղաղ, փոխադարձ վստահությամբ: Ոգեւորվել էին բոլորը: Սկսեցին կողմնակի խոսակցություններ: Ես մտածում էի մի կերպ ավելի մոտիկից ծանոթանալ ու խոսել Լեւոնի հեղինակի հետ: - Սիրան, ի՞նչ ես մտածում... հրավիրենք մենք էլ նրան: Հազիվ թե լսել էր ինձ Սիրանը. թռավ, ճեղքեց ճանապարհը ու հարգանոք կեցավ մոտը, ժողովուրդի սիրելի զավակին... - Պարոն Շիրվանզադե, թույլ տվեք ինձ ներկայանալ ձեզ, խնդրելու համար, որ ձեր ներկայությամբ պատվեք Հայ կարմիր խաչի կողմից սարքված մի համեստ թիյասեղան... ես, Սիրան, քարտուղարն եմ սույն վարչության... Սիրանը վերին աստիճանի աշխույժ, աշխատասեր մի աղջիկ էր. ինձ նման ողջ վերադառնալով թրքական հալածանքից, եկել էր Կ.Պոլիս ու անդամագրվելով Հայ կարմիր խաչինՙ անում էր իր բոլոր կարելին, օգնելու համար Հայաստանի ազգակիցներին: Շիրվանզադեն երկար նայեց նրան եւ ասաց. - Դուք որտեղացի՞ եք: - Ծնվել եմ Ադաբազար... ու աքսորվել եմ իմ ծննդավայրից: - Ուրեմն չեմ սխալվել... ձեր մի բառովը հայտնեցիք, որ եղել եք այդ գավառից: Լավ... շատ շնորհակալ եմ, որ հրավիրում եք ինձ, բայց ափսոս, որ չեմ կարող ընդունել ձեր հրավերը: Շատ, շատ եմ զբաղված... բայց, կարող եմ ասել ձեզ, օրիորդ, որ ուրիշ անգամ չասեք «թիյասեղան», ասացեք «թեյասեղան», աշխատեցեք ճիշտ հնչել բառերը... Այս դիտողության վրա ծիծաղեցին մի քանի իմաստակներ... կարմրեց Սիրանը... սկսեց բաբախել իմ սիրտը.... Շրջապատեցին նորից Շիրվանզադեն օրվա մտավորական ու հայլայֆ տիկինները, սրահը լցվեց ծիծաղի, խոսակցության աղմուկներով: Սիրանը մոտեցավ ինձ գլխիկոր... մենք նայեցինք իրար ու հիասթափվածի նման քայլում էինք ճանապարհին: Բայց ես մտածում էի. «Ճիշտ է, որ նա զբաղված է շատ... թանկ են նրա ժամերը... ինչքան բծախնդիր է մայրենի լեզվի հանդեպ... ինչո՞ւ ամաչեց ու կարմրեց Սիրանը... ինչո՞ւ սկսեց բաբախել իմ սիրտըՙ տեսնելով նրա խոնարհած աչքերը... Շիրվանզադեն պարտավո՞ր էր անպայման ընդունել ամեն հրավեր... իրավունք չունե՞ր նա սրբագրելու իր ժողովրդի սխալները, այնպիսի սխալներ, որոնք աղավաղում, տգեղացնում են մեր ոսկեղնիկ լեզուն: Ընդհակառակը, եթե ամեն մի գրող լիներ Շիրվանզադեի նման բարեխիղճ, հանդեպ իր մայրենի լեզվին, վաղուց մեր գրականությունից դուրս շպրտված կլինեին այնքան աղավաղյալ ու օտարոտի բառեր...»: Իմ այս ունեցած հանդիպումից անմիջապես հետո մենք լսեցինք, որ նա մեկնած էր Եգիպտոս 1921 թվի վերջերը: Հրապարակումըՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ Նկար 1. Շիրվանզադեի ընկերական շարժըՙ Միքայել Մազմանյանի (Գրականության եւ արվեստի թանգարան, հուշային բաժին) |