RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 16-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:27:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 993, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՉԻՆԱԿԱՆ ՊԱՏՆ» ԱՐԴԵՆ ԸՆԹԵՐՑԱՍԵՂԱՆԻՆ

Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Չորս տարիների լավագույն ստեղծագործությունները Նորայր Սարգսյանը ներկայացրեց հանրության դատինՙ «Չինական պատ» գրքի տեսքով: Թե ինչու է գիրքն անվանել «Չինական պատ», հեղինակը իր համար էլ հարցի պատասխանը դեռ չի գտել:

Պատմվածքներն ընդհանուր գծով հասնում են զարգացմանՙ պատանեկությունից մինչ ավելի հասուն տարիք:

Ստեղծագործությունները հնարավորություն են տալիս ընթերցողին ճանաչելու գրողի ներաշխարհը, թե մինչեւ որ սահմանն է թույլ տվել Նորայր Սարգսյանը ճանաչելու իրեն, հեղինակն ասաց. «Ես միշտ այդ խնդիրն ունեմ, մինչեւ վերջ անկեղծանում եմ: Գրականության մեջ չեմ կարողանում ազնիվ չլինել: Անկախ ինձնից ստացվում է այնքան ազնիվ, որ հնարավոր է խոսելուց այդքան բաց չլինեմ»:

Անդրադառնալով կերպարներին եւ միջավայրին, որը մոտիվացնում է ստեղծագործելունՙ Ն. Սարգսյանն ասաց. «Ստեղծագործություններիս միջի բոլոր կերպարներն իմ կյանքում կարեւոր դեր են ունեցել: Կյանքն ամբողջապես ինձ մոտիվացնում է ստեղծագործելու, եւ եթե նախկինում մինչեւ մենակ չէի լինում, ինչ-որ տեղ փակված, չէի կարողանում գրել, հիմա ժամանակի սղության պատճառով գրում եմ որտեղ պատահի, անգամՙ երթուղայիններում»:

Երիտասարդ ստեղծագործող Նորայր Սարգսյանն այժմ աշխատում է վեպի վրա, որն անվանել է «Հոմոպոստ Սովետիկուս»: «Կիսաքաղաքական դետեկտիվն իր մեջ ներառում է քաղաքական եւ քաղաքացիական իրավիճակը հետսովետական երկրներում: Մեծ աշխատանք ունեմ կատարելուՙ ուսումնասիրության շատ գրքեր ունեմ, թե ինչու Սովետական Միությունը ստեղծվեց, քանդվեց եւ այլն... Մարդկային ճակատագրեր: Ամեն ջանք գործադրելու եմ, որպեսզի գիրքը թարգմանվի»:

Արդյոք «Հոմոպոստ Սովետիկուսը» կվերածվի՞ կինոսցենարի, Նորայր Սարգսյանը նշեց, որ բաց է նման համագործակցության համար եւ եթե իրեն չառաջարկեն, ինքը կփորձի ռեժիսոր գտնել ֆիլմի համար:

Գրականագետ Հասմիկ Հակոբյանն խոսելով երիտասարդ գրողի մասին ասաց. «Նորայրի պատմվածքներին ծանոթ եմ վաղուց, երբ տպագրվում էր «Գրանիշ» գրական պարբերականում: Երկու տարի առաջ իր «Չե Գեւարան» լավագույն պատմվածք է ճանաչվել: Նորայրը ստեղծում է պատմություն սեփական անձի, պատմական իրադարձությունների մասին եւ կարծես փորձում է սեփական դերը որոշել այդ պատմության մեջ, գտնել սեփական եսը տարբեր իրադարձություններում, այս կյանքում: Շատ կենդանի լեզվով է գրում, լավ պատմություն պատմող հեղինակ է, կարողանում է մինչեւ վերջ զարգացնել սեփական պատմությունըՙ ներմուծելով գեղարվեստական տարրեր մշակութային շերտերի միջոցով»:

Գրող, գրականագետ Հայկ Համբարձումյանը ողջունելով երիտասարդ հայ հեղինակների գործերի հանրահռչակումը, տպագրումը, «Ազգի» հետ զրույցում նշեց, որ Նորայր Սարգսյանն այն հեղինակն է, որի ստեղծագործությունները կարելի է փնտրել, կարդալ:

Անդրադառնալով գրական ստեղծագործական ժամանակակից լեզվին, Հայկ Համբարձումյանն ասաց. «Ժամանակակից արձակ չի կարելի այլ լեզվով գրել, դասագրքային, օսլայած, մաքուր հայերենով: Մենք հաճախ գրական հայերենն ու գրականության հայերենը շփոթում ենք: Ինձ համար որեւէ խնդիր չկա, մարդը խոսակցական բառեր է օգտագործում, թեՙ ոչ, այլ կարեւոր է այն միջավայրը, որտեղ օգտագործում է դրանք: Եթե հերոսի տիպականացման համար պետք է հայհոյանք գրել, ապա ընդունելի է: Մենք պետք է սովորենք այդ տարրերին ուշադրություն դարձնել եւ ընկալել իր ամբողջության մեջ, թե որքանով է լեզուն համապատասխան այդ ստեղծագործության թեմաներին, գաղափարներին, որպեսզի գրական բառերը չսղոցեն (մեր ականջը)»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ