RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 23-11-2018



ՄԵԾԱՐՈՒՄ

Տեղադրվել է` 2018-11-24 03:29:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2097, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ԼԱՃԻԿՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՄԵԾԱՐՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒ «ՎԱՐԴՈՒՀԻ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Շիրակ» հայրենակցական միությունը անցած ուրբաթ Գյումրու «Օյունջյան» կրթամշակութային համալիրի «Վարդուհի» արվեստի դպրոցում բացեցին ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի գործերի հոբելյանական ցուցահանդեսըՙ նվիրված արվեստագետի ծննդյան 65-ամյակին: Ցուցադրված էին նկարչի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը ներկայացնող հինգ տասնյակ աշխատանքներՙ նատյուրմորտներ, դիմանկարներ, բնանկարներ, քաղաքային տեսարաններ, որոնցից մի մասն, ի դեպ, տեղ են գտել տարբեր մասնավոր հավաքածուներում, թանգարաններում ու պատկերասրահներում:

Բացմանը ներկայացնելով Սամվել Լաճիկյանի անցած ուղին, որի մուտքն արվեստի աշխարհՙ ժամանակին ողջունել է Ռուբեն Զարյանը, արվեստագիտության թեկնածու Արաքս Մարգարյանը նրան բնորոշեց իբրեւ մեծ նկարչական դիապազոն ունեցող եւ միշտ որոնող արվեստագետի: Նրա ստեղծագործությանը հատուկ են ոճային ու ժանրային բազմազանությունը, նուրբ տեխնիկան ու կատարման վարպետությունը: Նա նաեւ 15 գրքերի ձեւավորման, որմնանկարների հեղինակ է: «Լաճիկյանը ստեղծում է հայրենի քաղաքի իր հրաշալի գունապատկերները, նաեւ ձմեռային տեսարանները, որտեղ անգամ ձմեռը տաք է ու ջերմ»,- մասնավորապես նկատեց բանախոսը: Ծննդավայր Լենինական-Գյումրու հետ նկարչի հոգեւոր ամուր կապը նաեւ ժամանակի փորձությանն է դիմացել: 88-ի երկրաշարժից հետո նա ամեն ջանք գործադրեցՙ իր ղեկավարած Մերկուրովի անվան նկարչական դպրոցի աշխատանքը թեկուզ տնակային պայմաններում վերսկսելու համար ու հաջողեց: Իսկ ահա ստեղծագործական կյանքում դժվարին շրջան եղավ, նա 1995-ին բնակության մեկնեց ԱՄՆ... բայց 20 տարի հետո վերադարձավ: Եվ արդեն բավական ժամանակ ստեղծագործելուն զուգընթաց դասավանդում է «Վարդուհի» արվեստի դպրոցում:

Ցուցահանդեսի դիտումից հետո նույն դպրոցի դահլիճում կազմակերպվել էր Սամվել եւ նրա եղբայրներ Լեւոն , Գագիկ Լաճիկյանների մեծարման հանդիսությունՙ ի գնահատումն հետերկրաշարժյան Գյումրու հոգեւոր-մշակութային վերածննդին նրանցից ամեն մեկի բերած նպաստի: Ինչպես այս մասին իր ելույթում նշեց միջոցառման նախաձեռնող «Շիրակ» հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանը, մշակույթ ասվածը նաեւ մարդկանց վերաբերմունքն է մեկը մյուսի նկատմամբ, իրենց հող ու ջրի, քաղաքի, իրենց ծննդավայրի նկատմամբ, եւ այդ մշակույթն իր գեղեցիկ դրսեւորումներով առկա է Կարինից սերած Լաճիկյան տոհմի հարուստ ավանդույթների ժառանգորդ այս ընտանիքում:

Միջոցառմանը ներկա ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ընթերցեց հրամանագիրՙ հայկական կերպարվեստի զարգացման գործում ունեցած վաստակի եւ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Սամվել Լաճիկյանին նախարարության ոսկե մեդալով պարգեւատրելու մասին: Տարիներ առաջ նույն պատվավոր պարգեւին արժանացել է եղբայրներից երկրորդըՙ Լեւոնը: Ճանաչված գեղագետ, մշակութային մեկնաբան, գծանկարիչ, Երեւանի պետական համալսարանի դասախոս Լեւոն Լաճիկյանը նաեւ «Ազգի» մշակութային էջի հիմնադիրն է, 90-ականների առաջին կեսի անլույս-անհույս տարիներին ամեն օր մայրաքաղաքի մշակութային օջախների ցուրտ դահլիճներից սիրտ ջերմացնող տեղեկատվություն ու հոդվածներ էր հասցնում, որոնք աչքի էին ընկնում նյութի խոր իմացությամբ ու լուրջ վերլուծականությամբ, արժեքավոր, «չափանիշներ ձեւավորող» ( Դանիել Երաժիշտ ) տեսական ընդհանրացումներով եւ հմայիչ գրական հայերենով: Այդպիսին են նաեւ տարբեր տարիների նրա գրած ու կազմած մի քանի գրքերը, որոնք նվիրված են մեր լեզվին, հայրենի Գյումրիին, ուղեգրություններ են եւ այլն: «Միշտ եղել եմ այն կարծիքին, - ժամանակին նկատել է Հայաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Լեւոնյանը , - որ արվեստի, մշակույթի մասին ընդհանրապես ոչ բոլորը պիտի գրեն: Միայն նրանք, ովքեր նախՙ սիրում, ապա հասկանում են արվեստը: Լեւոն Լաճիկյանի հոդվածներն առանձնանոււմ են հենց այդ երկուսի ներդաշնակ միասնությամբ»:

Բնակվելով մայրաքաղաքում, Լաճիկյանը ոչ միայն երբեք չի կտրել կապը հարազատ քաղաքի հետ եւ միշտ ներկա ու մասնակից է նրա մշակութային կյանքի կարեւոր դրվագներին, այլ նաեւ իր գրչով ու վրձնով ծառայում է Գյումրին հանրապետությունում ու երկրի սահմաններից դուրս ճանաչելի դարձնելուն, նրա արժեքների ու գրավչությունների հանրահռչակմանը: Այս օրերին հրատարակվում է Լեւոնի կազմած «Գյումրի, իմ սեր» ալբոմը որը կարող է լինել քաղաքիս այցեքարտերից մեկը, լավ նվերՙ այստեղ եկող հյուրերին, զբոսաշրջիկներին: Եվ ի լրումն այս ամենիՙ Լաճիկյանը շաբաթը երկու օր այստեղ է, նույնպես դասավանդում, գեղագիտական իր հարուստ գիտելիքն է հաղորդում արվեստի այս դպրոցի սաներին:

Խիստ առարկայական է եղբայրներից տարիքով կրտսերիՙ իրավաբանական կրթությամբ Գագիկ Լաճիկյանի անձնական ներդրումըՙ նախ որպես ՀՕՖ-ի Շիրակի մասնաճյուղի աշխատակցի, ապաՙ «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի: Նաեւ նրա ազնիվ ջանքերի ու թողած վստահության շնորհիվ է, որ նյույորքաբնակ բժիշկ, բարերար Հովհաննես Օյունջյանը , տարիներ առաջ իր միջոցներով նորոգելով այժմ իր ծնողների անվամբ կոչվող, երկրաշարժից տուժած թիվ 21 դպրոցի շենքն ու այնտեղ ստեղծելով լավ պայմաններ, կանգ չառավ, շարունակեց եւ կից կառուցեց «Վարդուհի» արվեստի դպրոցը, «Աղավնի» արհեստի դպրոցը, հերթն այժմ, բարերարի վախճանվելուց հետո իսկ, համերգասրահինն է...

Ելութներից ու արժանի գնահատանքի խոսքերից հետո միջոցառումը եզրափակվեց արվեստի դպրոցի սաների մատուցած գեղեցիկ համերգային ծրագրով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 23-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ