ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԳԻՐՔՙ ԽՈՐՎԱԹԵՐԵՆ Ա. Բ. Զագրեբի «Շկոլսկա կնյիգա» հրատարակչությունը լույս է ընծայել Արթուր Ռաֆայելի Բաղդասարովի «Հայաստանՙ Նոյի երկիր. մշակույթն ու պատմությունը» գիրքը: Ինչպես նշված է հրատարակչության կայքէջում, գիրքը նվիրված է «մեզ աշխարհագրականորեն հեռու, բայց հոգեպես մոտ Հայաստանի մշակույթին ու պատմությանը»: Հանրագիտարանային բնույթի այս գիրքը գիտահանրամատչելի ոճով տալիս է հիմնական տեղեկություններ Հայաստանի, Հայ եկեղեցու, տեսարժան վայրերի, մշակույթի եւ պատմության ականավոր ներկայացուցիչների մասին: Խորվաթ ընթերցողը կծանոթանա հայոց լեզվի, այբուբենի, ժողովրդական սովորույթների, գրականության, դիցաբանության, նկարչության, գրատպության, երաժշտության, կինոյի, մանրանկարչության, խաչքարերի արվեստի եւ որոշ ասացվածքների հետ: Գիրքը հարուստ է Հայաստանի բնության եւ հուշարձանների լուսանկարներով: Նախատեսված է Հայաստանի պատմությամբ եւ մշակույթով հետաքրքրվող ընթերցող լայն շրջանակների համար: «Շկոլսկա կնյիգա» հրատարակչությունը հույս է հայտնում, որ սույն հատորը Խորվաթիայում կմեծացնի հետաքրքրությունը հայ իրականության հանդեպ եւ կծառայի երկու ժողովուրդներիՙ խորվաթների եւ հայերի միջեւ էթնո-մշակութային եւ հոգեւոր կապերի հետագա ընդլայնմանն ու խորացմանը: |