RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 22-03-2019



ՄՈՌԱՑՎԱԾԸ

Տեղադրվել է` 2019-03-28 20:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 812, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԲՈՒՆ ԻՄԱՍՏՈՎ ԱՐՁԱՆԱԳՈՐԾԸ». ԽՈՐԵՆ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅԱՆ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Օրերս Երեւանի «Օղակաձեւ այգում» աննախադեպ ձգողականությամբ ուշադրությունս սեւեռվեց մի արձանի վրա, որ «Վերածնված Հայաստան» է կոչվում: Անկեղծ ասած, արձանի վիճակն աննախանձելի էր, ուղիղ համեմատական այսօրվա հայաստանյան իրավիճակինՙ վերածնված, բայց տկար: Եթե չիմանաս քանդակի հեղինակին, կարող ես կարծել, որ այն պատկանում է հասարակության կողմից մերժված մի մարդու, որի հետ էլ իր արձանը դատապարտվել է «դանդաղ մահվան»: Փորձեցի հետաքրքրվելՙ ո՞վ է քանդակի հեղինակը. Խորեն Տեր-Հարության: Իսկ ո՞վ է Խ. Տեր-Հարությանը: Ուզենք, թե չուզնեք, այս հարցը մեզ միանգամից տանելու է հետՙ անցյալ դար, Արեւմտյան Հայաստան, Ամերիկա, Արեւելյան Հայաստան:

Խորեն Տեր-Հարությանը ծնվել է 1909 թ ապիլի 2-ին, Արեւմտյան Հայաստանի Խարբերդի գավառի Աշոտավան գյուղում: Ծանր ու դաժան է եղել Խորենի գերդաստանի պատմությունը: Նրա գերդաստանը 1800-ականներին, երբ դեռ Կայայան ազգանունն էր կրում, բախվել է ճակատագրի հաշմեցնող հարվածներից մեկին: Մի գիշեր զինված թուրքերը շրջապատում են Կայայանների տունը, հարձակվում, սպանում Խորենի մեծ պապինՙ Կայա Կայայանին:

Կայայի որդիներ Կիրակոսին ու Հարությունին հաջողվում է փախչել ու ապաստան գտնել Արաբկիրում: Երկու տարի հետո վերադառնալով հայրենի Ձընձոր, նրանք ոչինչ չեն գտել, բացի իրենց այրված տան ավերակներից եւ անհետ կորած հարազատների մասին այրող հուշերից: Հետագայում հենց Կայա Կայայանի որդի Հարությունից ու նրա կին Նունուֆարից պիտի ծնվեր Խորենը եւ հոր անունն իրեն ազգանուն դարձներՙ Տեր-Հարության: Խորենն իր հետագա ողջ կյանքի ընթացքում բարձր պահեց հոր խրատըՙ « Այս կյանքում հարատեւելու համար անհրաժեշտ է ուժգին հավատ ունենալ Աստծո նկատմամբ, խնամքով փայփայել համբերելու առաքինությունը եւ ամեն ինչին դիմանալու վճռականություն ցուցաբերել»:

Սակայն տեղահանումն ու դժբախտությունը չէին լքել Կայայան գերդաստանին: 1914 թ. թվականին նոր թափ առած ու մեկ տարվա ընթացում մի բովանդակ ազգ կուլ տված Հայոց ցեղասպանության պտուղները միլիոնավոր հայերի հետ ճաշակեցին նաեւ Խորենն ու իր հարզատները:

Երկար տառապանքներից հետո, թուրքական աքսորի քարավանից մի կերպ խույս տալով, իննամյա Խորենը հայտնվում է քրդերի մոտ, որպես հովիվ: Խորենի քույրըՙ Մերիոն Տեր-Ղազարյանն իր հետագա հուշերի մեջ պիտի գրեր.

«Տարիներ անց այս փորձառությունը օգտակար եղավ Խորենի համար, երբ նա բակաուտի փայտից հասակով մեկ կերտում էր հսկա Գողիաթին հաղթող Դավթի կերպարը («Դավիթ եւ Գողիաթ») : Տեւական ժամանակ մնալով քրդերի մոտ, Խորենը հայտնվում է Ալեքսանդրապոլում, եւ իրենց ընտանիքի բարեկամ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի նշանավոր վիրաբույժ Բաղդասար Մանուելյանի օգնությամբ տեղավորվում Կարագյոզյանի արական որբանոցում:

1921 թ. Խորենն իր ընտանիքի հետ հայտնվում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում: Նույն տարվա ամռանը Խորենն իր երկու քույրերի հետ հաճախում է տեղիՙ տարբեր ազգություններին պատկանող դպրոցը:

«Մեր ուսուցչուհին օիորդ Քոնվերին էրՙ չար ու դժվարահաճ անձնավորություն... :

... Մի օր, ամերիկյան դրոշի հանդեպ երդումը տալուց անմիջապես առաջ, օրիորդ Քոնվերին հանկարծ արագորեն դեպի Խորենի նստարանը քայլեց, ցցվեց նրա կողքին եւ փորձեց քանոնով հարվածել նրանՙ բղավելով. «Վերադարձիր, օտարերկրացի: Վերադարձիր այնտեղ, որտեղից եկել ես»» ,- հիշում է Խորենի քույր Մերիոնը:

Ընդհանրապես դժվար է եղել Խորենի մանկությունը: Մի անգամ դպրոցի երեխաները ծեծում են նրանՙ անվանելով գնչու , թուրք , մոնղոլ եւ այլն: Դրանից հետո Խորենը որոշում է բռնցքամարտով զբաղվելՙ ինքնապաշտպանվելու նպատակով: Որոշ ժամանակ անց մեծ աղմուկ է բարձրանում. Խորենը ծեծել էր իր էթնիկ արժանապատվությունը վիրավորողներին ու սեղանները շրջել նրանց վրա:

Նույն քաղաքում աշխատանքի անցելով, Խորենը դառնում է կոշիկ մաքրող, որոշ ժամանակ անցՙ Վուսթերի «Հեռագրեր եւ լրագրեր» գործակալության համար լրագրեր վաճառողՙ Մեյն եւ Չանդլեր փողոցների անկյունում: Շատ կարճ ժամանակում Խորենը դառնում է փողոցային վաճառքի վերահսկիչ Լուիս Կահնի սիրելի տղաներից մեկը:

Հենց Մեյն փողոցն էր, որ պետք է դառնար Խորենի ու արվեստի երջանիկ բախման անմեղ մեղավորը: Իր դպրոցական կյանքի առավոտներից մեկում նա նկատեց այդ փողոցում գտնվող նկարչի խանութը: Արագ մտերմանալով նկարչի հետ, պատանի Խորենն սկսում է ընդօրինակել նրան ու կարճ ժամանակում հաջողում զարմացնել վարպետին. Խորենն արդեն նկարիչ էր, միաժամանակ... եւ քանդակագործ:

Ահա այստեղից, երբ նա նկարիչ է, քանդակագործ ու գուցե էլ ավելին, ասելիքը տրվում է արվեստաբանին, որ արդեն տասնյակ տարիներ լռում է, նաեւ որի լռության պատճառով այսօր Խորեն Տեր-Հարությանի նման ուղնուծուծով մշակութաստեղծ մարդը դատապարտվել է մոռացության եւ «հույսը դրել» ինձ նմանՙ արվեստի մասին թռուցիկ գիտելիքներ ու անհիմն պնդումներ ունեցող մեկի վրա:

Ես միայն կարող եմ ասել, որ այն, ինչ հիմա պտտվում է Տեր-Հարությանի շուրջը, այն էՙ մոռացություն:

Ճիշտ է ասվածՙ ձորը դատարկ, աղվեսը տեր: Այսօր, երբ Տեր-Հարությանի պես մարդիկ մոռացված են, երբ Սարյանին հիշում ենք լոկ այն ժամանակ, երբ ժամադրության ենք գնում նրա անունը կրող այգում, երբ Բաբաջանյանն ուղղակի ընդգծված արծվաքթով քարակերտ է, երբ Թումանյանը «շաուրմա» է, երբ Կոմիտասը փողոց է եւ այդպես շարունակ, մեր գլխին են թափվել ինքնաշեն քանդակագործներ, երաժիշտներ, գրականգետներ, հրապարակախոսներ ու այլք, որոնք գրավում են աթոռներ, որ մի ժամանակ պատկանել են վերոբերյալ երանելի մարդկանց, որոնց մոռացել ենք, անտեսել ենք առանց ամոթի; Այդ ամենի զոհն է նաեւ Խորեն Տեր-Հարությանը: Մարդ, որի մասին անցյալ դարում հայ քանդակագործության տիտաններից մեկըՙ Երվանդ Քոչարն ասել է.

«Սիրելի Խորեն, դու իրոք շատ «խորեն» ես մոտենում քո գործին, արվեստի շնչով իմաստավորում ես ձեւը: Հայ արձանագործության պատմության մեջՙ սկզբից մինչեւ մեր օրերը, ես առաջին անգամ եմ տեսնում մի արձանագործի, որ իր հայությունը առնչում է համաշխարհային արձանագործության հետ: Շնորհակալություն, սիրելի Խորեն: Դու հայ ես, լավ, ազնիվ հայ ես, քո սիրտը օտար ափերում տրոփում է հայավարի.. .

Խորեն, դու բուն իմաստով արձանագործ ես, իսկական հայ արձանագործ» :

Գրությունս բացեցի վարպետիՙ «Օղակաձեւ այգում» գտնվող «Վերածնված Հայաստան» արձանի մասին տողով: Վստահորեն գիտեմՙ ովքեր են մեր երկրի հուշարձանների պատասխանատուները, բայց վստահ չեմ, որ նրանք վստահորեն գիտենՙ ո՞վ է Խորեն Տեր-Հարությանը եւ ինչ է նշանակում Վերածնված Հայաստան: Այդ արձանի գաղափարն այնքան խորն է, այնքան ազգային, որ նրա ներկա վիճակն ուղիղ արձագանքն է մեր ներկա հոգեկերտվածքի ու արվեստի մոտեցման:

Եվ Խորեն Տեր-Հարությանը միակը չէ այս մոռացության լաբիրինթոսում, մեր ժողովուրդն իր լավ ու ընտրյալ զավակներին մոռանալու մեծ փորձ ունի, այդ երեւույթը արդեն դարեր շարունակ մեզ համար դարձել է հասարակ, աննշան մի բան, այնինչ...

Հայաստանը չի ճանաչում իր զավակներին, որից էլ անվերջ տուժում է, եւ շարունակելու է տուժել: Այդ զավակների թվին է պատկանում նաեւ Խորեն Տեր-Հարությանըՙ Ամերիկայում ճանաչված քանդակագործ, Հայաստանում, ցավալի է, բացի Վաղարշապատի բնակիչներից, որոնց քաղաքում է գտնվում նրա անունը կրող թանգարանը, ոչ ոք: Ավելի ցավալի է այն, որ շատերի կողմից քննադատվող ԽՍՀՄ-ն ավելի բարյացակամ ու հարգալից է վերաբերվել Խորեն Տեր-Հարությանին, քան արդեն իր անկախության երրորդ տասնամյակը բոլորած Հայաստանի Հանրապետությունը: Պետությունը պետք է հստակ որոշում կայացնի Խորեն Տեր-Հարությանի նման մարդիկ մեզ պե՞տք են, թե՞ ոչ:

Հուսով եմՙ մեր մշակույթի պատասխանատուները վերջապես կանեն այն, ինչին կոչված են եւ բազմաթիվ հանիրավի մոռացյալների հետ պատշաճ ուշադրության կարժանացնեն նաեւ Խորեն Տեր-Հարությանին, մի խոշոր արվեստագետի, որն իր արձանների ու քանդակների ողջ հավաքածուն բերեց ու նվիրեց Վերածնված Հայաստանին: Նույնանուն այդ արձանը լքված է այսօր Օղակաձեւ այգու կեղտոտ ջրավազաններից մեկում, Գրիբոյեդովի արձանի հետնամասում, նորամանուկ Հայաստանի խորհրդանիշ հայ պատանու կտրած անդամով...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ