RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 22-03-2019



Տեղադրվել է` 2019-03-28 20:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1162, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԾԱՆՈԹ ՈՒ ԱՆԾԱՆՈԹ ՉԱՐԵՆՑ

Նաիր ՅԱՆ

Նկատելի է, որ վերջին տարիներին գրողների նկատմամբ հանրային հետաքրքրություն է ձեւավորվում: Տարբեր հարթակներում հանդիպում-քննարկումներ, ստեղծագործությունների ընթերցումներ, ցուցադրություններ են կազմակերպվում. առաջ նման բան չկար: Գրողների, արվեստագետների հոբելյանները սահմանափակվում էին տուն-թանգարանների շարքային միջոցառումներով, ու դրանով բոլոր պարտականությունները կատարված էին համարվում: Հիմա հանրության լոկալ հատվածներըՙ ուսանողներ, կրտսեր մասնագետներ, ուղղակի հետաքրքրասերներ, ակտիվորեն հաճախում են նման քննարկումների, անգամ թանգարաններում ուզում են ավելին իմանալ, քան ցուցադրված է ու ներկայացված:

Դրական տեղաշարժ կա. գրքերում գրված ու հաստատված «ճշմարտություններին» մարդիկ վերապահումով են մոտենում: Դա նրանից է, որ անգամ նոր սերունդը, որ սովետական գաղափարախոսություն չի տեսել, միայն կցկտուր լսել է դրա մասին, գիտեՙ պատմական, մշակութային, հասարակական կյանքի բազմաթիվ իրադարձություններ, դեպքեր ու դեմքեր տասնամյակներ շարունակ ներկայացվել են խեղաթյուրված, հորինված, կաղապարված կարծրատիպերով: Նույնիսկ հիմա այդ միտումը շարունակվում է, ինչ-որ վախ կա, որ մինչեւ հիմա արյան հետ հոսում է մեր երակներում, նստած է մեր ենթագիտակցության մեջ:

Եղիշե Չարենցի մասին անգամ 1980-ականների վերջերին շատերը վախենում էին համարձակ խոսել, գրքերում չգրված ճշմարտությունների մասին բարձրաձայնել, Չարենցի իրական կերպարի մասին բացեիբաց խոսել: Չարենց գրողին, մարդուն քչերն են մինչեւ վերջ բացահայտել. դա շատ դժվար է, որովհետեւ 1937-ից հետո նա «սեւ ցուցակում» է եղել: Հազվագյուտ մարդիկ են ուսումնասիրել ու բացահայտելՙ ով է եղել Չարենցի սիրելի Կարինե Քոթանճյանը: Ինչպես ինքըՙ Չարենցը, այնպես էլ նրա հետ թեկուզ նվազ առնչություն ունեցած մարդիկ իրականում մի-մի անհատականություն են եղելՙ հետաքրքրական, յուրօրինակ ներաշխարհով, անսովոր մղումներով: «Տաղ անձնականում» Չարենցը հիշատակում է Կարինե Քոթանճյանի անունը. թվում էՙ նա պոետի սովորական, հերթական սերերից մեկն է եղել: Կարինեն, անսալով Հովհաննես Թումանյանի կոչինՙ ուղղված հայոց մայրերին ու քույրերին, 17-18 տարեկանում թողնում է Կարսը, գալիս Երեւանՙ խնամելու հայ գաղթականներին: Դեռատի օրիորդը շատ նուրբ հոգու տեր գեղեցկուհի է եղել: Նա խնամելիս է եղել ժանտախտով հիվանդ գաղթականներին: Այնքան շատ են եղել ժանտախտից մահացողները, որ խնամողները չեն հասցրել դիակները կարգուկանոնով տեղափոխել ու ստիպված մահացածներին երկրորդ հարկից են նետել սայլերի մեջ: Այդ տեսարաններից Կարինե Քոթանճյանը հոգեկան լուրջ շեղում է ստացելՙ շիզոֆրենիա, բայց հետո, բարեբախտաբար, բուժվել է ու ապրել 90 տարուց ավելի:

Չարենցը կրքոտ սիրով սիրել է բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանինՙ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քրոջը, որը եղել է Հայաստանի գլխավոր դատախազ Վարդգես Ահարանոյանի (գրող Ավետիս Ահարանյանի որդին է) կինը: Դաշնակցական դատախազը Չարենցին չսիրելու երկու հիմնավոր պատճառ ուներՙ Չարենցը բոլշեւիկ էր եւ իր կնոջ սիրեցյալը: Այսքանից հետո Վարդգես Ահարոնյանը 1964-ին Հայաստանին է հանձնել իր կնոջ ու Չարենցի ամբողջ նամակագրույթյունը:

Բացի անձնական կյանքի ոչ պարկեշտ էջերից, տասնամյակներ շարունակ, նաեւ հիմա մեր գրականագետներն ու ուսումնասիրողները փորձել են խմբագրել Չարենցի ստեղծագործական, քաղաքական նկրտումները: Սովետի ժամանակ ուզում էին ջնջել1932-ից հետո նրա ապրած սարսափելի հիասթափությունը բոլշեւիկների, կոմունիզմի, հեղափոխության նկատմամբ, ուզում էին ջնջել Չարենցի ամենօրյա վախերն ու դեպրեսիաները, որովհետեւ նա կանխատեսում էր իր ու իր ընտանիքի վախճանը: Թաքցվել են ալկոհոլի, մորֆիի նկատմամբ նրա հակումները. չի բացատրվելՙ ինչու է պոետը դարձել թմրամոլ: Հերթական սիրային անհաջող արկածից հետո հայտնվելով բանտումՙ Չարենցին այցելում է կինըՙ Արփենիկը: Պարզվում էՙ նա արտարգանդային հղիություն է ունենում, որի հետեւանքով էլ մահանում է: Չնայած իր մեծ ու փոքր սերերինՙ Չարենցն Արփենիկին պաշտել է. նրա մահն ուղղակի ջախջախել է Չարենցին ու ընկերացրել մորֆիի հետ:

Գաղափարախոսությունները թույլ չեն տվել, որ Չարենցին ճանաչենք, ինչպիսին նա եղել է: Հիմա էլ է այդպես: Հիմա էլ ոմանք չեն ուզում ընդունել, որ եղել է ժամանակ, երբ Չարենցը երդվյալ բոլշեւիկ, Լենինի հետեւորդ է եղել, որ Հայաստանի փրկությունն ու ապագան կապել է կարմիրների հետ: Ուզում ենք նրան կտրել իր ժամանակից, բերել մեր օրերն ու պոետին նայել այսօրվա հայացքովՙ մոռանալով, որ յուրաքանչյուր ժամանակ ի՛ր պոետին, ի՛ր նկարչին ու կոմպոզիտորին է ծնում, ու նրանց պետք է ընկալել միայն ու միայն իրենց ժամանակի մեջ: Չարենցը հանճարեղ է, կոմունիստ լինելը երբեք ու երբեք չի կարող ստվերել նրա հանճարը, եւ պետք չէ խուսափել նրա կյանքի ու ստեղծագործության բոլշեւիկյան շեշտադրումներից:

Մարտի 13-ին լրացավ Չարենցի ծննդյան 122 ամյակը: Կինոյի տանը կազմակերպվեց «Եղիշե Չարենց» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նկարահանվել է 1957 թվականին, ռեժիսորը Հենրիկ Մարգարյանն է, սցենարի հեղինակըՙ անվանի գրականագետ Հակոբ Սալախյանը : «Եղիշե Չարենց» ֆիլմը նկարահանվելուց հետո երբեք չի ցուցադրվել. այն կինոյի տուն էր բերվել անմիջապես Հայաստանի ազգային արխիվից: Ֆիլմում Չարենցից ոչ մի կադր չկա. առհասարակ, ոչ մի կենդանի կադր չի պահպանվել: Մինչդեռ այս ֆիլմում կան անգամ Մաքսիմ Գորկին, Լենինը: 20 րոպեանոց կինոժապավենը ծայրից ծայր գովերգում է Լենինին, բոլշեւիկյան հեղափոխությունը եւ Չարենցին ներկայացնումՙ որպես այդ ամենի ծնունդ ու արգասիք: Ոչ ավելին: 20 րոպեանոց ֆիլում 5-6 րոպե Սուրեն Քոչարյանն արտասանում է Չարենցի «Լենինն ու Ալին»: Զարմանալի չէ. անգամ 1957-ին, երբ դատապարտվում էին ստալինյան ռեպրեսիաները, դարձյալ Եղիշե Չարենցի անունն արտասանելը մեծ համարձակություն է եղել, իսկ նրա մասին ֆիլմ նկարելըՙ մեծ խիզախություն: Համագումարների վավերագրությունները, կարմիր բանակի «սխրանքների», հոկտեմբերյան հեղափոխության կադրերը ֆիլմում օգտագործելու պարտադիր պայմանի դեպքում է թույլատրվել Չարենցի մասին ֆիլմ պատրաստել: Իհարկե, պոետի անունն ու ստեղծագործությունը ստորադասված էին հեղափոխությանն ու Լենինին, բայց այդ է եղել կարգը:

Եթե մտքներովս անցնի քննադատել 1957 թվականին նկարահանված «Եղիշե Չարենց» ֆիլմը, նախ հիշենքՙ ազատության ու անկախության մեր ժամանակներում ճշմարիտ Չարենցին ներկայացնելու գրական, թատերական կամ կինոյի որեւէ հաջող փորձ արե՞լ ենք: Մինչեւ հիմա միայն մի ֆիլմում է Չարենցը կերպավորվելՙ «Երկունքում»ՙ այն էլ ոչ թե որպես պատմական անձ, հանճար, այլ որպես քաղաքացի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ