RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 22-03-2019



ՊՈՐՏԱՊԱՐՈՂԸ

Տեղադրվել է` 2019-03-28 20:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1066, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՐԳՈՄ ՄՈՎՍԵՍՅԱՆ. «ԲՈԼՈՐ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԵՆԱՊԱՐԵՐ»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նյույորքաբնակ Թորգոմ Մովսեսյանը պարող է եւ մշակույթի դեսպան: Նրա «Թորգոմադա» մշակութային կազմակերպությունը պարը դիտարկում է որպես մշակութային դիվանագիտության կարեւոր, սակայն անտեսված մի գործիք` ավելի ավանդական, բայց ձախողված մեթոդների համեմատությամբ: Նրա պարային նախագծերը, որոնք արժանացել են մի շարք դրամաշնորհների, յուրօրինակ ներդրում են արվեստի եւ դիվանագիտության աշխարհում: Նյու Յորքի Արվեստի Հիմնադրամը նրան անվանել է արտասովոր ունակություններով օժտված Վերածննդի արվեստագետ, որը քոլեջի դասախոս է, դերասան, պարող, երգիչ, մշակույթի դեսպան, հետազոտող եւ բազմալեզվագետ: Մովսեսյանն ամերիկյան համալսարաններում դասախոսություններ է կարդացել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, իսկ նրա «Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային իրավունքը» հոդվածն ընդգրկվել է 2016-ին Քեմբրիջի համալսարանի հրատարակած «Հակադրություններից ծնված հանրություններ» ժողովածուում: Թորգոմ Մովսեսյանն արժանացել է միջազգային գիտությունների դոկտորի եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչման: Նրա «Թորգոմադա» կազմակերպությունը դասընթացներ է վարում արեւելյան մենապարի եւ մշակութային դիվանագիտության վերաբերյալ:


- Թորգո՛մ, ուսումնասիրելով սփյուռքահայերի մասնակցությունը միջազգային պարային մշակույթի ասպարեզումՙ քո մասին գիտեմ որպես պորտապարողի: Կին ոստիկանը հաճախ ավելի նորմալ է ընկալվում, քան տղամարդ պորտապարողը: Ի՞նչն է առանձնահատուկ այդ մասնագիտությամբ զբաղվող տղամարդու համար:

- Ցավոք, մենք ապրում ենք մի աշխարհում, որը լի է կարծրատիպերով եւ կեղծավորությամբ, որտեղ բոլորը պետք է հարմարվեն որոշակի նորմիՙ նորմալ համարվելու համար: Չնայած եթե մեկը փորձի դուրս գալ այդ սահմանափակող կարծրատիպերից, կհասկանա, որ պորտապարողի մասնագիտությունը նորմալ է: Թեեւ լրատվամիջոցներում ավելի շատ գործածվում է «պորտապար» եզրը, արվեստի այս հնագույն ձեւը հաճախ կոչում են արաբերեն «ռաղս շարքի»ՙ «արեւելյան պար» տերմինով: Մյուս կողմից, պորտապար տերմինն անորոշ է, քանի որ այդ պարը ներառում է ոչ միայն պորտըՙ որովայնը, այլեւ իրանը, ազդրերը, ձեռքերը եւ որովայնի մկանները: Արաբական մշակույթում արեւելյան մենապարը գործածական է երկու սեռի համար էլ, քանի որ նման է ուրիշ հանրային պարերին, ինչպիսին են մերենգենՙ Դոմինիկյան Հանրապետությունից, կաթհակըՙ Հնդկաստանից, կամ քոչարինՙ Հայաստանից: Երկու սեռի համար նախատեսված մյուս պարերի նման արեւելյան մենապար կատարող տղամարդը պետք է օժտված լինի բազմաթիվ հատկություններովՙ դիմացկունություն, էներգիա, շարժունություն, ազդրերի շարժման կարողություն եւ նրբագեղ ձեռքեր:

- Ուրեմն ես էլ այսուհետ այդ պարատեսակը կկոչեմ արեւելյան մենապար... Պատմի՛ր, խնդրեմ, ինչպես սկսեցիր զբաղվել դրանով:

- Երբեք չէի պատկերացնի, որ մի օր պարող կդառնամ: Մանկությանս տարիներին երազում էի դառնալ փոփ երգիչ, այդ պատճառով էր, որ 21 տարեկանում տեղափոխվեցի Նյու Յորք: Գործի էի անցել կանանց հագուստի խանութում որպես պահեստի աշխատող: Այնտեղ իմ մարոկկացի գործընկերներն անընդհատ լսում էին արաբական երաժշտություն, որի ներքո ես միշտ խանդավառությամբ շարժում էի ազդրերս: Մի օր աշխատակիցներից մեկն ինձ ասաց. «Դու այնքան պրոֆեսիոնալ ես պարում, ջանս: Ես չեմ հավատում, որ դու թուրք չես»: Ես ծիծաղելով պատասխանեցի, որ նա սխալվում է: Այդ ժամանակ որպես երգիչ ես գնում էի լսումների ու նաեւ սկսել էի դերասանական արվեստ սովորել: Դերասանական լսումներից մեկի ժամանակ ծանոթացա երջանկահիշատակ պորտապարուհի Սերենա Վիլյամսի հետ, որին հարցրի, թե նա ճանաչո՞ւմ է արեւելյան մենապարեր կատարող արհեստավարժ պարողի, որը կպարապի տղաների հետ: Այդ ժամանակ ես չգիտեի, որ տղամարդիկ կանանց պես պրոֆեսիոնալ կերպով կարող են արեւելյան մենապար կատարել: Սերենան ինձ տեղեկացրեց լեգենդար պարուհի Մորոկկոյի եւ նրա հովանավորյալ Թարիք Սուլթանի մասին, որոնք էլ դարձան իմ ուսուցիչները: Ես սիրահարվեցի արեւելյան մենապարին ու երաժշտությանը, եւ այդպես ամեն ինչ ընթացավ...

- Ի՞նչ ես կարծում, միայն ոչ մաչո տղամարդի՞կ են ի վիճակի կատարել արեւելյան մենապարեր:

- Կրկնելով իմ տեսակետը կարծրատիպերի մասինՙ նշեմ, որ բոլո՛ր տղամարդիկ էլ կարող են կատարել արեւելյան մենապար, քանի որ դա արվեստի ձեւ է: Ընդհանուր առմամբ, արվեստը բաց է բոլորի համարՙ անկախ տարիքից, ռասայից, կրոնից, սեռից, քաղաքական հայացքներից, սեռական կողմնորոշումից եւ այլն: Արվեստում սահմաններ չկան: Այնպես որ, սահմանափակելով արեւելյան մենապարի արվեստը ոչ մաչո տղամարդկանցովՙ ի հակադրություն մաչոների, նույնն է, թե պնդել, որ այդ պարը վայելում է միայն գիրուկ կամ խոշոր ազդրերով կանանցՙ ի հակադրություն նիհարների...

- Ո՞րն է քո բեմական կյանքի ամենավառ փորձառությունը:

- Երբ 2016-ին Ներքին Մանհեթընի մշակութային խորհուրդը պարգեւատրեց իմ «Թորգոմադա» կազմակերպությունը ստեղծագործական ներգրավվածության դրամաշնորհովՙ ֆինանսավորելով իմ առաջին «Ռաղս առանց սահմանների» Միջին Արեւելքի պարի փառատոնը: Դրան հետեւեցին մի քանի ավելին հեղինակավոր պարգեւներ իմ մի քանի պարային նախագծերի համար: Թորգոմադան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աջակցում է մշակութային դիվանագիտության մեջ արվեստի ներգրավվածությանըՙ պարի դասընթացների, մշակութային փառատոների, օտար լեզուների դասընթացների, ցեղասպանության կանխարգելման, դերասանական արվեստի եւ գիտական հետազոտությունների միջոցով: Մեր կազմակերպության կայքէջն էՙ www.torkomada.weebly.com:

- Դու նաեւ որոշակի փորձ ունես կինոյում...

- Ես սիրում եմ դերասանի արվեստը եւ տարբեր կերպարների փոխակերպվելը: Իմ դերասանական կարիերան, ավելի ստույգՙ տարբեր լեզուների իմացությունս եւ տարբեր առոգանությամբ ու բարբառներով խոսելու ունակությունս ինձ հնարավորություն են տվել մասնակցել մի քանի խոշոր հոլիվուդյան նախագծերի, հեռուստաշոուների, գովազդներիՙ նկարահանվելով եւ ձայնագրվելով, հատկապես երբ պետք է եղել կիրառել լեզուների իմ իմացությունը, ասենք, խոսել բուլղարերեն կամ ռուսական կամ լեհական առոգանությամբ անգլերեն: Որպես ձայնագրվող դերասան ընդգրկվել եմ «Նիսան», «Մայքրոսոֆթ», «Գուգլ» եւ այլ ընկերությունների, Ամերիկյան բնության պատմության թանգարանի, «Բայոգրաֆի» հեռուստաալիքի, Քեմբրիջի համալսարանի հրատարակչության եւ այլ հաստատությունների տարբեր նախագծերում:

- Քո ֆեյսբուքյան էջում գրված է, որ գիտես 23 լեզու: Այդ ինչպե՞ս:

- Քանի որ իմ սքանչելի ականջները «վարակվում են» լեզուներով այնպես, ինչպես որ ոմանք վարակվում են գրիպով: Ես ծնվել եւ մեծացել եմ Բուլղարիայումՙ շրջապատված բազմաթիվ մշակույթներով: Հասակ եմ առել բուլղարացի գնչուների եւ թուրքերի հետՙ սովորելով նրանց մշակույթն ու լեզուն: Բուլղարիայի աշխարհագրական դիրքը հիանալի է, այնտեղ Արեւելքը հանդիպում է Արեւմուտքին: Երբ մեծացա, ծանոթացա միջազգային երաժշտության եւ արվեստի հետ, տարրական դպրոցում սովորեցի հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: Քոլեջում ուսանելիս սովորել եմ գերմաներեն, թուրքերեն, արաբերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն, պարսկերեն, մանդարին չինարեն եւ պորտուգալերեն: Չնայած բազմալեզվագետի շնորհքիսՙ ես վարժ չեմ խոսում իմ սովորած բոլոր 23 լեզուներով: Եթե հնարավորություն ունենայիՙ կայցելեի աշխարհի յուրաքանչյուր երկիրը ու կսովորեի բոլոր լեզուները: Քոլեջում դասընկերներս ինձ անվանում էին լեզվական «աննորմալություն»: Գրադարանի օտար լեզուների բաժնում ես համարյա դարձել էի կահույքի մի մասը: Նյու Յորքի Քաղաքային քոլեջում հարցազրույցի ժամանակ ինձ հարցրին, թե ինչ լեզվով եմ երազ տեսնում: Ներկայումս տարբեր ամերիկյան համալսարաններում ես ուսուցանում եմ արաբերեն, անգլերենը որպես երկրորդ լեզու եւ իսպաներեն:

- Դու ունես հայկական հինավուրց անուն, շատ գեղեցիկ, բայց մեր մեջՙ հազվադեպ: Որտեղի՞ց են քո արմատները:

- Իմ բախտը բերել էՙ մեծանալով քեզ զորավիգ կանգնող ուժեղ հայ համայնքում, որտեղ սովորել եմ հայոց լեզուն, հանդես եմ եկել եկեղեցու երգչախմբում, մասնակցել հայկական թատերական ներկայացումներին, արտասանել հայ պոեզիա, ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը եւ այժմ հրավիրվում եմ դասախոսություններ կարդալու Ցեղասպանության մասին ամերիկյան համալսարաններում: Ինձ անվանակոչել են իմ հայ պապիկի անունով, որը, հիշում եմ, խրախուսում էր իմ անգլերենի ուսումըՙ ամեն անգամ բարձր գնահատական ստանալիս ինձ տալով դրամական փոքրիկ պարգեւներ: Եղիսաբեթ տատիկս մի քանի լեզու էր խոսում, նա ինձ սովորեցրեց թուրքերեն եւ գնչուերեն, երբ ապրում էի նրա մոտ: Պապիկիս ընտանիքը Մուշից էր, տատիկիս ծնողներըՙ Օրթագյուղից, Կոստանդնուպոլսից: Կյանքումս փայփայած լավագույն հիշատակներն են ընտանիքիս հետ հայկական ավանդույթների ու տոների նշումըՙ կիրակի օրերին այցելելով եկեղեցի, վայելելով հայկական համեղ կերակուրները: 2013-ին ես պատիվ ունեցա աշխատել որպես Ցեղասպանության գծով խորհրդատու եւ լեզուների մարզիչի օգնական Ֆաթիհ Աքինի «Սպին» ֆիլմի համար: Ցանկանում եմ երախտագիտությամբ նշել ինձ կրթաթոշակ շնորհած ամերիկահայ հաստատություններին, որոնք ենՙ Հայ-ամերիկյան ուսանողական միությունը, Հայ օգնության միությունը, Հայ կրթական հիմնադրամը, Պոլսահայերի միությունը, Հայ օգնության ֆոնդը եւ Նյու Յորքի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին: Նմանապես, ես շնորհակալ եմ քեզՙ ներկայացնելու համար ինձ երեք տարի առաջ լույս տեսած քո «Հայերը համաշխարհային պարարվեստում» գրքում:

- Խնդրեմ, Թորգոմ: Ի դեպ, ամերիկահայ պարուհիների մեջ եղել են եւ կան արեւելյան մենապարերի ոչ քիչ թվով հմուտ կատարողներ: Մեր հայրենակիցները հաճախ չեն հանդուրժում մեր կանանց կողմից արեւելյան մենապարի կատարումը, այլեւս չասածՙ տղամարդկանց մասին: Ինչպե՞ս են հայերն ընկալում քո աշխատանքը:

- Ես չեմ պարել մեծ թվով հայերի համար, բայց գիտեմ, որ որոշ մարդիկ հավանություն չեն տա իմ աշխատանքին, ինչը լավ է: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ մի օր նրանք կկարողանան բաց սրտով եւ մտքով դուրս գալ սահմանափակ կարծրատիպերից եւ գնահատել արեւելյան մենապարի արվեստն ու աշխարհում նրա ունեցած ներդրումը: Ինչպես ասել է Էմմա Գոլդինը. «Եթե ես չեմ կարող պարել, ինձ պետք չէ ձեր հեղափոխությունը»:

- Բալետի պարողների բեմի կյանքը կարճ է: Իսկ արեւելյան մենապար կատարողների՞նը:

- Ես երախտապարտ եմ այն հնարավորությունների համար, որոնք ունեցել եմ որպես արեւելյան մենապար կատարող եւ զբաղված եմ իմ հետագա ծրագրերով: Պատրաստվում եմ իմ չորրորդ ամենամյա Մերձավոր Արեւելքի պարային փառատոնին Նյու Յորքումՙ «Պարը մշակութային դիվանագիտության մեջ» շարքով: Այսօրվա ԱՄՆ-Մերձավոր Արեւելք խոցելի հարաբերություններում, որտեղ երկուսն էլ կարիք ունեն ոչ թե ապահարզանի, այլ բուժման, արեւելյան մենապարը կարող է դիվանագիտական գործիք դառնալ միջազգային հարցերում: Հիմա նախապատրաստում եմ իմ մրցանակակիր պարային ներկայացումըՙ «Ռաղս հեղափոխությունը» եւ աշխատում եմ մի մեծ պարային նախագծի վրա` 1950-70-ական թվականների եգիպտացի երաժիշտների եւ պարողների կենդանի երաժշտությամբ: Միաժամանակ պատրաստում եմ Նյու Յորքում կայանալիք եգիպտական «Շաաբի» խոշոր պարային երեկոն: Փորձում եմ բացել օտար լեզուների իմ սեփական դպրոցը, գիրք գրել «արեւելյան երաժշտությունը մշակութային դիվանագիտության մեջ» թեմայով, հանդես գալ մի շարք նոր դասախոսություն-ցուցադրություններով եւ շարունակել աշխատել իմ թեկնածուական ատենախոսության վրա...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ