«ՏԵՐՏԵՐՅԱՆ ՖԵՍՏ 2019»ՙ ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ Աննա ԱԴԱՄՅԱՆ Այս տարվա փետրվարի 20-ից մարտի 12-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ ու գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կրկին մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը, որն այս տարի անվանվել էր «Տերտերյան Ֆեստ»ՙ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյա հոբելյանին: Հայ կոմպոզիտորական արվեստ փառատոնը յուրաքանչյուր տարի ավանդաբար նվիրվում է կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկի հոբելյանին։ Անցյալ տարիներին փառատոնի շրջանակներում նշվել են Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Չուխաճյանի, Ռոմանոս Մելիքյանի, Հարո Ստեփանյանի, Գրիգոր Եղիազարյանի, Էդվարդ Միրզոյանի հոբելյաններըՙ ներկայացնելով նրանց սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործությունները։ Առհասարակ, հայ կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումն ու տարածումը մեր օրերում ունեն վիթխարի նշանակությունՙ հաշվի առնելով այն, որ համերգային ձեւերից բացի դեռեւս բավարար միջոցներ եւ ուղիներ չեն գտնվում հայ կոմպոզիտորների հարուստ ժառանգությունը հանրահռչակելու համար: Նկատի ունենք ե՛ւ օտարալեզու երաժշտագիտական գրականության ստեղծումը, ե՛ւ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների լիակատար հրատարակումներն ու դրանց տարածումը եւ այլն: Փառատոնի հատկանշական գիծն է դարձել հայ կոմպոզիտորական արվեստի սակավ հնչող ստեղծագործությունների կատարումն ու տարածումըՙ դրանց վրայից սրբելով մոռացության փոշին, ստեղծելով հայ դասական երաժշտությունը նորովի արժեւորելու հիմքեր: Փառատոնն այս տարի ընդգրկում էր չորս համերգ, որոնց մասնակցում էին հայ եւ օտարերկրացի հանրահայտ երաժիշտներ: Առաջինՙ փետրվարի 20-ի բացման համերգին ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանի մասնակցությամբ հնչեցին հայ կոմպոզիտորների արիաներ, ռոմանսներ եւ երգեր. Տ. Չուխաճյանի Ավե Մարիան, Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Բարսեղ Կանաչյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Անդրեյ Բաբարի, Վաղարշակ Կոտոյանի, Պետրոս Շուժունյանի վոկալ ստեղծագործությունները: Ծրագրում հնչեցին նաեւ Ղազարոս Սարյանի 5 սիմֆոնիկ պատկերները: Այս համերգի տոմսերից ստացված հասույթը փոխանցվելու է «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։ Երկրորդՙ փետրվարի 23-ի համերգի ծրագրում ընդգրկված էին Տիգրան Չուխաճյանի «Անընդհատ շարժումը» դաշնամուրի եւ նվագախմբի համար (մենակատարՙ Լիլիթ Արտեմյան ), Առնո Բաբաջանյանի թավջութակի կոնցերտը (մենակատարՙ Դենիս Շապովալով ), Գրիգոր Եզիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան, համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռուբեն Ասատրյանը : Հատկապես պետք է նշենք Տ. Չուխաճյանի «Անընդհատ շարժում» կոնցերտային պիեսի կատարումը, որը մեզանում պրեմիերա է, քանի որ միայն վերջին տարիներին հնարավոր եղավ ծանոթանալ եւ վեր հանել Չուխաճյանի դաշնամուրային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունները: Տիգրան Չուխաճյանի «Անընդհատ շարժումը» պատմականորեն առաջին փորձն է հայ դասական երաժշտության մեջՙ ստեղծելու կոնցերտային ստեղծագործություն նվագախմբի եւ դաշնամուրի համար: Նշենք, որ այն կատարվել է դեռեւս 1896 թվականին Զմյուռնիայի «Սպորտինգ քլուբ» թատրոնի սրահումՙ Չուխաճյանի աշակերտուհի Աղավնի Շիրինյանի մենակատարմամբ եւ արժանացել ժամանակի մամուլի բարձր գնահատանքին: Երաժշտությունն աչքի է ընկնում աշխույժ, ծավալվող շարժմամբ, պահպանում է անընդհատ հոսուն բնույթըՙ հաղորդելով սրամտություն եւ ճկունություն: Երաժշտական նյութի ամբողջական եւ անկաշկանդ հոսքը ապահովում է ստեղծագործության կուռ կերտվածքն ու միասնական շունչը: Երիտասարդ դաշնակահարուհի, արվեստագիտության թեկնածու Լիլիթ Արտեմյանի կատարումն էլ աչքի էր ընկնում վիրտուոզ, թեթեւասահ եւ ինքաբուխ ծավալմամբՙ պահպանելով երաժշտության ճկուն եւ նրբագեղ էությունը: Դիրիժոր Ռուբեն Ասատրյանն էլ նշում է. «Այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ երկարատեւ դադարից հետո կրկին հանդիսատեսին ենք ներկայացնում մեր արժանավոր հեղինակիՙ Գրիգոր Եղիազարյանի սիմֆոնիան։ Ես հաճույքով պետք է հնչեցնեմ այն, քանի որ «Հրազդանը» հայ սիմֆոնիկ արվեստի լավագույն նմուշներից է»։ Ի դեպ, այս սիմֆոնիան հնչել է ավելի քան 60 տարվա ընդմիջումից հետո: Երրորդՙ մարտի 6-ի համերգին հնչեցին Էդգար Հովհաննիսյանի Պասակալիան «Անտունի» բալետից, Էդուարդ Միրզոյանի քիչ հայտնի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը եւ Հարո Ստեփանյանի դաշնամուրի կոնցերտըՙ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանի կատարմամբ, դիրիժորՙ Ռուբեն Ասատրյան: Հատկանշական է կրկին հայ դաշնամուրային երաժշտության անհայտ գոհարների վերհանումը, ինչպիսին նաեւ Հարո Ստեփանյանի կոնցերտն է: Այս եռամաս դաշնամուրային կոնցերտը ստեղծվել է 1959 թվականին: Ինչպես նշել է երաժշտագետ Շուշանիկ Ափոյանը , այն շարունակում է հայ երաժշտության նախորդ կոնցերտների ուղղությունը, ամուր հենվում է ժողովրդա-երգային ինտոնացիաների վրաՙ միաժամանակ իր մեջ արտացոլելով ռուս դասական կոնցերտի ավանդույթները: Ըստ պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի, ինքը վստահ է, որ Հարո Ստեփանյանի դաշնամուրի կոնցերտն իր արժանի տեղը կգտնի ցանկացած դաշնակահարի նվագացանկում: Չորրորդՙ մարտի 12-ի եզրափակիչ համերգին ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցին Ավետ Տերտերյանի թիվ 7 եւ 8 սիմֆոնիաները: Հայտնի է, որ Ավետ Տերտերյանի անվան հետ է կապվում հայ սիմֆոնիզմի զարգացման նոր շրջանը: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Տերտերյանի արվեստը բնորոշում է ինքնատիպ, հզոր ու նորարարական, նշում է, որ նվագախումբը մեծ պատասխանատվությամբ է իրականացնում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որի նպատակը հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների արվեստը հանրայնացնելն է, ինչպես նաեւ դրանք ձայնագրելու, թվայնացնելու միջոցով պահպանելն ու սերունդներին փոխանցելը։ |