ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԻ «ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆԸ» ՊԱՐՍԿԵՐԵՆ Ա. Բ. Կ. Պոլսի Օսմանյան Բանկի գրավման եւ նույն քաղաքում դրան հաջորդող հազարավոր հայերի ջարդի պատմությունը, հասկանալի պատճառներով, չարտացոլվեց խորհրդահայ գրողների երկերում: Անկախությունից հետո էլ կարծես չէին շտապում խախտել այդ պարտադրված լռությունը: Ալեքսանդր Թոփչյանն էր միայն, որ 2008 թ. լույս տեսած իր «Բանկ Օտոման» վեպով վերջապես անդրադարձավ մեր պատմության այդ հիշարժան էջերից մեկին: Հայաստանի եւ Սփյուռքի մամուլը բարձր գնահատեց այդ երկը` մասնավորապես նշելով, որ դա նոր խոսք է հայ պատմավիպասանության մեջ: Մեկ տարի չանցած, 2009թ. վեպը` դասական ուղղագրությամբ, վերահրատարակվեց Բեյրութի «Արծիվ» հրատարակչության կողմից: Երկու տարի անց` 2010թ., թարգմանվեց ռումիներեն, այնուհետեւ ֆրանսերեն եւ ռուսերեն: Սրանց ավելացավ չորրորդ թարգմանությունը` պարսկերեն, որը լույս տեսավ բոլորովին վերջերս Թեհրանում: Ալ. Թոփչյանը մեզ պատմեց, որ թարգմանչի` դոկտոր Գավամեդդին Ռազավիզադեհի հետ ծանոթացել է 2016 թ. աշնանը, Երեւանում: Դրդապատճառը եղել է Վահե Քաչայի «Մի դաշույն այս պարտեզի մեջ»` ցեղասպանությանը նվիրված ծավալուն վեպը, որն իրանցի հյուրը թարգմանել էր պարսկերեն եւ ցանկություն հայտնել գրքի ընծայագրված օրինակը նվիրելու իր հայ գործընկերոջը, որը նույնպես այդ վեպը թարգմանել էր հայերեն եւ լույս ընծայել Երեւանում` 1999 թ.: «Բանկ Օտոմանի պատմությունը նրան ծանոթ էր,- ասում է Ալ. Թոփչյանը:- Չէ՞ որ Վահե Քաչայի վեպում ընդարձակ մի գլուխ կա, որտեղ նկարագրվում են այդ դեպքերը: Ուստի իմանալով, որ ես մի ամբողջ վեպ եմ գրել` նվիրված այդ իրադարձություններին, ինձնից խնդրեց ֆրանսերեն եւ ռուսերեն թարգմանությունները: Պարզվեց, որ նա ոչ միայն ֆրանսերենից, այլեւ ռուսերենից է թարգմանում եւ արդեն ռուս մի շարք դասականների գործեր է թարգմանել»: Դոկտոր Ռազավիզադեհը Թեհրան վերադառնալով, մի քանի օր անց, համացանցով հեղինակից արտոնություն է խնդրել «Բանկ Օտոման»-ը թարգմանելու պարսկերեն, եւ ահա, վեպի չորրորդ թարգմանությունն արդեն սեղանին է: |