ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԻՆ ԵՎՍ ՄԵԿ ՄՐՑԱՆԱԿ Հ.Ծ. «Գրքերի հեղինակ եւ ակտիվիստ Փիթեր Բալաքյանը պատկանում է աշխարհին: Որպես դասախոս նա նվիրված է այս համալսարանի ուսանողներին, որոնց նա սերնդե սերունդ դաստիարակում է ու ձեւավորում: Ես շնորհավորում եմ նրան դասավանդման բնագավառում «Բալմութ» մրցանակին արժանանալու առթիվ», նշել է Կոլգեյթ համալսարանի ռեկտոր Թրեյսի Հաքսը : «Կոլգեյթ նյուզի» հաղորդմամբ` փիլիսոփայության եւ կրոնի վաստակաշատ դասախոս Ջերոմ Բալմութի հիշատակը հավերժացնող մրցանակը 2009-ին է հաստատվել եւ շնորհվում է ուրիշներից որոշակիորեն տարբերվող այն առաջնակարգ դասախոսին, որն ավանդականի հետ կարողանում է նորարարական մեթոդներով գիտելիքը հասցնել ուսանողներին: Բալաքյանը 1980-ից սկսած ամերիկյան գրականության, գրավոր խոսքի, նաեւ Ցեղասպանության ուսումնասիրության կուրսեր է դասավանդում Համիլտոնի (Նյու Յորք) Կոլգեյթ համալսարանում: 1986-ից խորհրդատու անդամ է խաղաղության եւ հակամարտությունների ուսումնասիրության կենտրոնի: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում նաեւ` Հայաստանի Հանրապետության նախագահական եւ Մովսես Խորենացի մրցանակների: Հեղինակ է բանաստեղծությունների յոթ գրքերի, որոնցից «Ozone Journal»-ը Պուլիցերյան մրցանակ է ստացել, իսկ նրա «Ճակատագրի սեւ շունը» հուշագրությունըՙ 1998 թ. Փեն/Ալբրանդ մրցանակ: |