ԾԱԳՈՒՄՈՎ ԳՈՂԹԱՆՑԻՆԵՐ, ԶՈԿԵՐ... ՍԱՐԳԻՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ (Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առիթով) Այս տարվա աշնանը լրանում է երաժշտության մեծ տեսաբան, երաժիշտ - բանահավաք, հորինող, խմբավար ու երգիչ Կոմիտասի ծննդյան 150-ամյակը, որը ոչ միայն Գողթանի, Քյոթահիայի, այլեւ համայն հայության հպարտությունն ու պարծանքն է: Կփորձենք գիտական գրականության, հուշագրությունների նյութերով անդրադառնալ գողթանցիներիՙ զոկերի ծագումնաբանության, Կոմիտասի, նրա «հոգեւոր ժառանգների» տոհմաբանության հարցերին: Անմահ Պարույր Սեւակը իր «Անլռելի զանգակատուն» պոեմով համայն աշխարհի համար հնչեցրեց Ցղնա տեղանունը: Մինչ այդ ոչ բոլորը գիտեին այդ բնակավայրի ու նրա գտնվելու վայրի մասին, իսկ նրա բնիկներըՙ զոկերը, հավանաբար, Կոմիտասի համահայկական երեւույթ, մեծություն լինելու հանգամանքից կաշկանդված «ամոթխածությամբ» էին խոսում ու գրում այն մասին, որ Կոմիտասի նախնիները զոկեր ենՙ ցղնեցիներ: Ավելին, Կոմիտասը ոչ միայն ծագումով զոկ է, այլեւ գենետիկայի, սոցիալական ժառանգորդման օրինաչափությունների համաձայն` Գողթան երգիչների բնական, օրինական ժառանգն է: Այդ երգ ու երգիչներ «ծնող» գավառը հետագայում եւս շարունակեց ծնել նշանավոր երաժիշտներ, որոնք իրավամբ Կոմիտասի հոգեւոր հետեւորդներն են: Գողթան գավառի էթնիկ եւ հիմնական կորիզը կազմող բնակավայրերից գլխավորը նրա սիրտը ու հպարտությունը համարվող նշանավոր Ագուլիս գյուղաքաղաքն էր: Այնտեղ ու մերձակաՙ Հանդամեջ, Դիսար, Տանակերտ, Քաղաքիկ, Ցղնա, Ռամիս, Փառակա գյուղերում դարերով ապրած-արարած հայ բնակչությունը հայտնի է «զոկ» էթնոանվամբ, որի խոսակցական լեզուն Ագուլիսի, զոկական կամ զոկերեն բարբառն է (Մ.Գ. Զաքարյան, Ագուլիսի բարբառի բառարան, Եր. 2008, Ա.Այվազյան, Ագուլիսի բարբառի մասունքներ, Եր.2011): Ինչպես ողջ հայ ժողովուրդը, այնպես էլ զոկերը հանգամանքների բերումով հաճախ են կանգնել արտագաղթելու փաստի առջեւ, արդյունքում տարբեր վայրերում առաջացել են նաեւ զոկերի գաղթօջախներ, հայկական սփյուռքի կազմում կազմավորվել է նաեւ զոկերի սփյուռքը: Զոկերը արտագաղթել են Երեւան, Թբիլիսի, Շուշի, Բաքու, Միջին Ասիա, Ռուսաստան, Պարսկաստան, Թուրքիա, Եվրոպա եւ այլուր: «Զոկ» եզրույթը, հասկացությունը, առաջին հերթին, էթնոանվանում է (ֆՑվՏվՌՎ), որով նախ եւ առաջ, ինքնակոչվում են զոկական բարբառը կրող հայերը, Գողթանի բնակչության մի մասը («զոկ», «Զոկստուն»), իսկ երկրորդ հերթինՙ նրանց այդպես են կոչում, ճանաչում հայության մյուս հատվածները, հատկապես Հայաստանից դուրս, նրանց տարբերակելով հայության այլ էթնոխմբերից: «Զոկ» էթնոանվանման եւ ընդհանրապես զոկերի ծագման վերաբերյալ գրականության մեջ առաջադրվել են բազմաթիվ տեսակետներ (մանրամասն տեսՙ Артак Варданян, Загадка зоков, "Мост" 8 (36), 29 октября 2015, с.7): Ժամանակին հետաքրքրական առասպելական-պատմական մեկնակետ է առաջադրել նաեւ անվանի հայագետ Մանուկ Աբեղյանը: Նա գտնում էր, որ «զոկ» էթնոանվանումը ծագել է մարական (միդիական) առասպելական թագավոր Աժդահակի անվան Զոհակ ձեւից... Աժդահակ-Դահակ-Զոհակ-Զոկ: Ստացվում է, որ Գողթան գավառի բնակիչների անվանումը ոչ այլ ինչ է, քան հնագույն «Աժդահակ ցեղի» անվան մնացորդը, որը պահպանվել է հնագույն դարերից մինչեւ մեր օրերը: Հիմնվելով ինչպես պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմության» (Ա, Ի Դ-Լ) վկայությունների, ակադեմիկոս Մ.Աբեղյանի (Աբեղյան Մ., Երկ.հ.1, Ե.,1966, էջ 97-115, 130-139) եզրահանգումների, այնպես էլ սեփական լեզվաբանական հետազոտությունների արդյունքների վրա Ա.Վարդանյանը, ամփոփելով խնդրո առարկայի քննությունը, գրում է, «այնուամենայնիվ առավել հավանական կարելի է համարել զոկերի ինքնանվան Աժդահակ-Զոհակ հատուկ անունից ծագման մեկնակետը: Եվ դա, անկասկած, ընդամենը խոսում է այդ հին հայկական ցեղի մեջ թափանցած որոշակի միդիական շերտերի մասին»: Հայոց պատմական Գողթան գավառը մտնում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի մեջ, Երասխի ձախափնյակում: Ընդգրկում է այժմյան Նախիջեւանի Օրդուբադի շրջանի տարածքը: Ինչպես նշվեց, Գողթանի կենտրոնը նշանավոր Ագուլիսն (Իգուլիս) է, բուն Ագուլիսը կոչվում է Վերին Ագուլիս, իսկ քաղաքից երկու կմ. հարավ, նախկին Դաշտ գյուղի տեղում գտնվող բնակավայրըՙ Ներքին Ագուլիս: Ագուլիսը նշանավոր էր իր բազմաթիվ եկեղեցիներով: Ուներ տասներկու մեծ ու փոքր եկեղեցիներ, նշանավոր է հատկապես Ս.Թովմա վանքը (17-րդ դար), ինչը, ինչպես նկատում է Հ.Հախնազարյանը, «միաժամանակ ցոյց է տալիս, թե որքան բարեպաշտ, հաւատացեալ եւ ազգային աւանդութիւններին կապւած են եղել ագուլեցիք»: Բնակավայրը առանձնանում էր նաեւ իր սքանչելի պարտեզներով, ծաղկանոցներով, հնձաններով, բազմաթիվ կամուրջներով, աղբյուրներով (զոկերենՙ կհով): Ագուլիսը հռչակված էր նաեւ իր նշանավոր շուկայով, իջեւանատներով, քաղաքային այգիով («բուլվարով»): Հայ ժողովրդի պատմության մեջ Գողթանը, առաջին հերթին, հայտնի է իր երգերով ու երգիչներով, որոնք Գողթան գավառի աշխարհիկ երգ-երաժշտության հորինող-կատարողներն էին: 20-րդ դ. սկզբին անվանի ազգագրագետ, բանահավաք Երվանդ Լալայանը, լինելով Գողթանում, Ագուլիսում, գրում է. «Եւ թէպէտ քաղաքական ու տնտեսական պատճառները միանգամայն կերպարանափոխել են գողթնեցուն, սակայն եւ այնպէս նրա ստեղծագործող ընդունակութիւնը եւ երաժշտական ունակութիւնը լիովին չեն անհետացել...» («Ազգագրական հանդես,, գիրք 9, Թիֆլիս, 1904, էջ 271): Բարեբախտաբար, ժամանակը շատ սպասեցնել չտվեց, Ե.Լալայանի կանխատեսումներն ու սպասումները կյանքի կոչվեցին գողթանցիների նոր սերնդի ներկայացուցիչների բազմաթիվ ձեռքբերումներով: Ցղնա (Ցաղնա) բնակավայրը Գողթանի նշանավոր մշակութային կենտրոններից, գրչության հայտնի օջախներից է: Ցղնայի ճարտարապետական հուշարձաններից են Ս.Աստվածածին վանքը, Ս.Սարգիս, Ս.Նշան եւ Ս.Գրիգոր եկեղեցիները: Կոմիտասի սանՙ ցղնեցի Մ. Քրիշչյանը Ցղնան անվանում է զմրուխտ Գողթնի երկրորդ զմրուխտ ավան, առաջինը Ագուլիսն էրՙ Գողթանի կենտրոնը: Այս բնակավայրի նշանավոր տոհմերից է Սարգսյանների տոհմը, որը տվել է ճանաչում ունեցող բազմաթիվ մտավորականներՙ Լեւոն Սարգսյան, բժիշկներ Հարություն ու Գարեգին Սարգսյաններ եւ ուրիշներ: Հատկապես պետք է առանձնացնել անվանի լեզվաբան Սարգիս Սարգսյանցին, որ «Ագուլեցոց բարբառը (զոկերի լեզուն)» (Մոսկվա, 1883) երկմասանոց ուսումնասիրության հեղինակն է: Մ.Քրիշչյանը, Կոմիտասի մասին հուշերում, Ցղնայիՙ ազգին տված կարկառուն եւ ուսումնական դեմքերի շարքում հիշատակում է նաեւ «Ռուբեն Մամուլյան, Մայքլ Առլեն, Էդգար Շահին, Հանրի Տրուայան եւ ուրիշներ» (Մելքոն Քրիշչյան «Անմար կանթեղ» Եր., 1969, էջ 13, ծանոթ.): 20-րդ դարում սրանց ավելացան Ավետ Ավետիսյանը, Դավիթ ու Հենրիկ Մալյանները, Արամ Մերանգուլյանը եւ շատ ուրիշներ: Այստեղ կցանկանայինք անդրադառնալ ծագումով Գողթան աշխարհի հայտնի զավակներից առաջինինՙ Կոմիտասին: Կոմիտասը (Սողոմոն Գեւորգի Սողոմոնյան, 1869-1935/ ծնվել է Գողթանի Ցղնա ավանից 17-րդ դ. վերջերին Քյոթահիա (Կուտինա)ՙ Արեւմտյան Թուրքիա տեղափոխված ցղնեցիների հետնորդների ընտանիքում: Իր նախնիների մասին նա կենսագրականում գրել է. «Սողոմոնյաններն ու քյոթահեացի հայ հին ընտանիքները հայկական զոկ ցեղիցն են եւ գաղթել են 17-րդ դարու վերջում Գողթն գավառի Ցղնա գյուղից»: Ա. Այվազյանի վկայությամբ, Ցղնայի Տամբրի թաղամասում մինչեւ օրս էլ պահպանվում են Կոմիտասի պապերիՙ Սողոմոնաց ապարանքի ավերակները: Գաղթելով, գողթանցիները իրենց հետ տարել էին նաեւ հայրենի երկրիՙ իրենց բարբառովՙ զոկերենով, հորինված ազգային վիպասանությունը, երգն ու երաժշտությունը, ինչպես նաեւ այդ բոլորը մեծ արվեստով պատմելու եւ ախորժալուր ձայնով երգելու աստվածատուր շնորհքը: Երաժշտագետ Ռ.Թերլեմեզյանի պնդմամբ, Քյոթահիան ունեցել է նաեւ իր տաղասացները, ինչպես օրինակ, Տեր Անտոն, Տեր Հարություն: Կոմիտասը իր նախնիների ընդունակությունների մասին կենսագրականում գրել է. «Թե հորս, եւ թե մորս ազգատոհմը ի բնե ձայնեղ էին: Հայրս, որ հայտնի թառ ածող, իսկ հորեղբայրս հայտնի սազ ածող է եղել, հայտնի դպիրներ էին մեր քաղաքի Ս.Թեոդորոս եկեղեցում...»: Եկեղեցու երգիչների դասում առանձնապես աչքի էին ընկնում Գեւորգ Սողոմոնյանը եւ նրա եղբայր Հարությունը: Քյոթահիայի բնակիչները իրենց բնակավայրը անվանում էին փոքրիկ դրախտՙ իր հանքային ջրերով, գեղեցիկ անտառներով ու բուժիչ օդով: Ինչպես գրում են Կոմիտասի կենսագիրները, «1881-ի սեպտեմբերին Քյոթահիայի փոխառաջնորդ Գեւորգ ծայրագույն վարդապետ Դերձակյանը հրավիրված էր Մայր Աթոռ` եպիսկոպոս ձեռնադրվելու համար: Վեհափառի կոնդակի համաձայնՙ նա իր հետ պետք է տաներ մի ձայնեղ եւ միջոցներից զուրկ երեխա» (Բադիկյան Խ.Գ. Կոմիտասըՙ ինչպիսին եղել է, Եր., 2002, էջ 15): Որբացած Սողոմոնին բերում են Ս. Էջմիածին եւ ուսումնառության տալիս Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, ուր գեղեցիկ ձայնի եւ երաժշտական ունակության համար հատուկ ուշադրություն է դարձվել նրա երաժշտական դաստիարակությանը: 1893 թ. մայիսին, Սողոմոն սարկավագը վերջացնում է ճեմարանի լսարանական լրիվ դասընթացը եւ նշանակվում տեղի երաժշտության ուսուցիչ եւ խմբավար Մայր տաճարում: 1894 թվականին սեպտեմբերի 11-ին, Խրիմյան կաթողիկոսի օրոք ձեռնադրվում է աբեղա, ստանալով 7-րդ դարի բանաստեղծ ու երաժիշտ կաթողիկոս Կոմիտասի անունը, իսկ 1895-ին դարձել է վարդապետ եւ այնուհետեւ կոչվել Կոմիտաս վարդապետ: 1896-99-ին Կոմիտասը ուսումը շարունակել է Բեռլինում եւ ավարտել Ռ.Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան եւ Արքունական համալսարանը: Դարձել է Միջազգային երաժշտական ընկերության առաջին անդամներից, Բեռլինի բաժանմունքի ժողովներին հանդես է եկել հայ երաժշտության վերաբերյալ զեկուցումներով: Վերադառնալով Էջմիածինՙ եռանդով շարունակել է գիտական եւ մանկավարժական աշխատանքը: Ճեմարանի խմբով համերգներ է տվել Էջմիածնում, Երեւանում, Թիֆլիսում ու Բաքվում: 1910-ին տեղափոխվել է Կ. Պոլիս, կազմել բազմամարդ, քառաձայն «Գուսան» երգչախումբը, համերգներով հանդես եկել Կ.Պոլսում, Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում, Ալեքսանդրիայում, Կահիրեում: 1915 թ. ապրիլին թուրքական կառավարության ձեռնարկած ցեղասպանությունը անսպասելիորեն ընդհատեց Կոմիտասի բեղմնավոր գործունեությունը, նա կորցրեց հոգեկան հավասարակշռությունը եւ մինչեւ կյանքի վերջը չապաքինվեց: Հայտնի մտավորականՙ Ցղնայի քահանայի որդի Մելքոն Քրիշչյանը (1882-1963), 1899-1905 թ.թ. Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում աշակերտել է անմահ Կոմիտասին, գործակցել նրա հետ եւ ակտիվ մասնակցություն ունեցել երգչախմբի աշխատանքում: Նրա վկայությամբ Էջմիածնի վանքի պարտեզում զոկ ուսանողները ունեին իրենց ծաղկամարգը, որտեղ հավաքվում ու շփվում էին ինչպես միմյանց, այնպես էլ Կոմիտասի հետ: Սրամիտ ու կատակախոս Կոմիտասը Մելքոնի եւ մյուս զոկ ուսանողների հետ զվարճանում էր զոկերի մասին պատմվող անեկդոտներով, նրանց համար հորինել ու օգտագործում էր «զոկլանդ» մականունը: Մ. Քրիշչյանը Կոմիտասին հաճախ էր հրավիրում Գողթան: Ցավոք, Կոմիտասը այդպես էլ չկարողացավ ոտք դնել իր նախնիների պանծալի հողի վրա: Ինչպես նկատում են հետազոտումները, Բեռլինում ուսումնառության տարիներին (1896-99) Կոմիտասը տիրապետում է նաեւ լարային քառյակի արվեստին եւ մի քանի գործեր գրում կվարտետի համար: Պահպանվել է այդ նույն ժամանակ, 1890-ական թվականներին, նրա նախնյաց երկրումՙ Ագուլիսում ստեղծված երաժշտական քառյակի լուսանկարը: Կպատկերացնեի՞ն այդ երաժիշտները, որ իրենց քառյակը տասնամյակներ անց ստեղծվելիք մեծ հայրենակցիՙ Կոմիտասի անունը կրող աշխարհահռչակ լարային քառյակի նախատիպն է լինելու: 1924 թ. Մոսկվայում, տեղի կոնսերվատորիայի հայ ուսանողներից (Ա.Գաբրիելյան, Լ.Օհանջանյան, Մ.Տերյան, Ս.Ասլամազյան) կազմվում է քառյակ, որը 1932-ից դառնում է մեծ Կոմիտասի անվանակիրը: Հետաքրքրական է նաեւ նշել, որ Կոմիտասի հայրենակիցներըՙ զոկերը եւս անմասն չեն մնացել քառյակի ստեղծումից ու գործունեությունից: Ագուլիսից Մոսկվա տեղափոխված Տերյանների ընտանիքում ծնված Միքայել Տերյանը (1905-1987)ՙ ալտահար, դիրիժոր, մանկավարժ, ոչ միայն «Կոմիտաս» քառյակի հիմնադիրներից, այլեւ նվագակցողներից է եղել (1924-30 թ.թ., 1938-1947թ.թ.), նա Հերբերտ ֆոն Կարայանի անվան միջազգային մրցույթի (1970) 1-ին մրցանակակիր էր: Իսկ Ագուլիսի Հախնազարյանների հայտնի տոհմի զավակ Սուրեն Հախնազարյանը (1949), 1984-ից երկար տարիներ եղել է լարային քառյակի կազմում (երկրորդ ջութակ): Հսկայական է քառյակի դերը կոմիտասյան ժառանգության պրոպագանդման գործում: Սարգիս Ասլամազյանի հռչակված մշակումները աշխարհին հաղորդակից դարձրեցին Կոմիտասի ստեղծագործության ուժին ու իմաստությանը: Արամ Խաչատրյանի բնութագրմամբ` «Կոմիտասի անվան քառյակը հայկական երաժշտական մշակույթի զարդն է»: Արամ Մերանգուլյանըՙ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, թառահար, մանկավարժ, նույնպես զոկ է, ծնվել է 1902 թ. Ցղնայում: 1927-ին կազմակերպել եւ մինչեւ 1967 թ. ղեկավարել է Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը, որը 1967 թ.ից կրում է նրա անունը: Այդ անսամբլում նրա ղեկավարությամբ ձեւավորվել են բազմաթիվ հայ երաժիշտներ: Մասնավորապես, այստեղ են աճել ու կատարելության հասել հայ երգարվեստի երեք մեծություններըՙ Օֆելյա Համբարձումյան, Հովհաննես Բադալյան, Ռուբեն Մաթեւոսյան: Ա.Մերանգուլյանը հայտնի է նաեւ իր բազմաթիվ վոկալ ու գործիքային ստեղծագործություններով, ինչպես եւ ժողովրդական երգերի ու պարեղանակների բազմաթիվ մշակումներով, նպաստել է հայկական երաժշտությանՙ այդ ասպարեզում այժմ տիրապետող ոճի ձեւավորմանը: Աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը (1903-1978) եւս ծագումով Գողթանից է, Ազա գյուղից: Ա.Այվազյանի վկայությամբ Խաչատրյանների հայրական տան ավերակները մինչեւ օրս էլ տեսանելի են Ներքին Ազայում: Նրա պնդմամբ, ազացիների եւ Ա.Խաչատրյանի բարեկամների վկայությամբ ապագա կոմպոզիտորը ծնվել է հենց Ազայում եւ միայն 3-4 տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել Թիֆլիս, որի պատճառով էլ նրա ծննդյան փաստաթղթերում ու կենսագրականներում նշվել է Թբիլիսին: Իր հայրենի գյուղում Խաչատրյանը 1973թ. լինելուց հետո նշել է. «գնացի այնտեղ, տեսա իմ պապերի երկիրը: Երկինքն այնտեղ կապույտ է եւ մեր տան դուռը տխրալի ճռնչում էր... Երբ ես ստեղծում էի Ջութակի կոնցերտը, հոգով ու մտքով գտնվում էի Գողթնում... լսում էի մորս ձայնը...» («Կոմունիստ», ռուսերեն, 1978, 6. 05): Ա. Խաչատրյանը 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից է: Նա հայ ազգային երաժշտությանը համաշխարհային լայն ճանաչում է բերել: Խաչատրյանի ստեղծագործական ոճը բխում է հայ երաժշտական մշակույթից: Նրա արվեստը սերտորեն առնչվում է Կոմիտասի, Ա. Սպենդիարյանի, Ռ. Մելիքյանի ստեղծագործություններին, հատկապես հայ ժողովրդական երաժշտությանը: Նա ազգային առաջին բալետի, սիմֆոնիայի, գործիքային կոնցերտների հեղինակն է, հայ կինոերաժշտության հիմնադիրը: Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Հայրապետյանը ծնվել է 1933 թ. հոկտեմբերի 22-ին Երեւանում: Հայրական կողմից սերում է Գողթանի Տանակերտ (Տնակարտ) գյուղի Հայրապետյան տոհմից, անվանի մանկագիր Հայրապետ Հայրապետյանի թոռն է, մայրական կողմիցՙ Ագուլիսի Հախնազարյան տոհմից: Նա Հայաստանում միջազգային մրցույթների առաջին դաշնակահար-դափնեկիրն է: Նշանավոր Յա.Ֆլիերը նրան բնութագրել է որպես «Գերազանց դաշնակահար, բացառիկ վիրտուոզ տվյալներով», իսկ Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտի նրա կատարումը դարձավ չափանմուշային: Կոմպոզիտորը դաշնակահարին մշտապես հրավիրում էր իր հեղինակային համերգներին բեմի դասական աստղերիՙ Գալինա Վիշնեվսկայա, Լեոնիդ Կոգան, Լեվ Օբորին, Մստիսլավ Ռոստրոպովիչ հետ: Յու. Հայրապետյանը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ամբիոնի վարիչ էր եւ 16 տարի կատարել է դաշնամուրային ֆակուլտետի դեկանի պարտականությունները: Վերջին 25 տարիներին Մոսկվայի Պ.Ի.Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Նրա սաներից շատերը, հայ եւ այլազգի, այդ թվում նաեւ որդինՙ Հրանտ Հայրապետյանը (Փարիզ) միջազգային մրցույթների դափնեկիրներ են: 2018 թ. նոյեմբերի 3-7-ը Երեւանում ծննդյան 85-ամյակի առիթով կազմակերպվեց միջազգային երաժշտական փառատոն: Փառատոնի օրակարգից կցանկանայինք առանձնացնել նոյեմբերի 5-ին նրա սաների, միջազգային դաշնամուրային մրցույթների դափնեկիրների ուխտագնացություն-ելույթները Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Նորահայտ տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ.նոյեմբերի 23-ին (հայոց համազգային զարթոնքի տարում), Երեւանում, տոհմիկ երաժիշտների ընտանիքում: Հավանաբար ծնողները, ինչ-որ կանխազգացում ունենալով, նրան տվել են հայերիս համար աստվածային Նարեկ անունը: Հայրըՙ հայտնի ջութակահար Սուրեն Հախնազարյանն է, մայրըՙ Գայանեն, կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Մայրական կողմից Հախնազարյան տոհմից են սերում նաեւ Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար, Ս.Քեչեկը, նրա երկու որդիները եւս դաշնակահար են, բնակվում են Էստոնիայում եւ Բեյրութում («Կոմիտասյան հինգ սաներից»ՙ Բարսեղ Կանաչյանի անվ. երաժշտական դպրոցի տնօրենն է): Նարեկը նախնական երաժշտական կրթությունը ստացել է Երեւանի Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցում (պրոֆ.Զարեհ Սարգսյանի դասարան), ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆ.Ալ.Սելեզնյովի դասարան) եւ ասպիրանտուրան: Նա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում Ա.Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթ (2007), 1-ին մրցանակ եւ Ոսկե մեդալ, Պ.Չայկովսկու անվ. 14-րդ միջազգային մրցույթ (2011), 1-ին մրցանակ, Ոսկե մեդալ եւ երկու Հատուկ պարգեւ/: Ն. Հախնազարյանը արժանացել է նաեւ ՀՀ Նախագահի մրցանակին: Նրա հյուրախաղերի աշխարհագրությունը ընդգրկում է Եվրոպայի, Ամերիկայի եւ Ասիայի մի շարք երկրներ: Համաշխարհային երաժշտական մամուլը Նարեկին համարել է «հասուն» ֆենոմենՙ նրա համար կանխատեսելով «աստղային կարիերա»: |