RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 09-05-2019



Տեղադրվել է` 2019-05-09 00:08:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 763, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՏԱԿՆ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ Է

ՆԱԻՐ ՅԱՆ

Եռաբլուր զինվորական պանթեոնում ամփոփվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակիՙ ԱՍԱԼԱ-ի կնքահայրը համարվող Գուրգեն Յանիկյանի աճյունը: Նրա անունը Հայաստանում հաճախ է հնչել, բայց հանրությունն առաջին անգամ իմացավ, որ մահից առաջ Գուրգեն Յանիկյանը կտակ է գրելՙ իր մարմինը ողջակիզել ու աճյունը տեղափոխել Հայաստան:

Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թվականին, Արեւմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում: Նա ԱՄն-ում հայտնի է եղել որպես անգլալեզու գրող, փիլիսոփա, արժանացել է «Մարկ Տվեն» գրական մրցանակին:

1965 թվականին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում ապրիլքսանչորսյան սգահանդեսներից հայությունը ձերբազատվեց ու սկսեց հանդես գալ պահանջատիրական դիրքերից, բարձրաձայն արտասանեց «մեր հողերը» արտահայտությունը: Ամերիկան ու Եվրոպան, սեփական շահերից ելնելով, չէին ուզում Թուրքիայի առաջ վատամարդ դուրս գալ ու անտեսում էին պատմական արդարությունը: Պայքարի ոգին հայության մեջ արդեն բույն էր դրել ու զարգանում, ծավալվում էր: 1973 թվականին 77-ամյա Գուրգեն Յանիկյանն ԱՄՆ-ի Սանտա Բարբարա քաղաքում գնդակահարում է Թուրքիայի հյուպատոսին ու նրա տեղակալին: Ամերիկյան դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման: Սակայն անգամ բանտից Յանիկյանը կոչով պարբերաբար դիմում է հայ երիտասարդությանըՙ ասելով. «Հպարտ եմ, որ հայ եմ, հավատում եմ ձեր հզոր ուժին. մարդանման թուրքը պետք է պատասխան տա իր արածի համար, եւ դուք պետք է լինեք պահանջատեր, ազատագրեք մեր կորցրած հայրենիքը»:

1975 թվականին Լիբանանում ստեղծվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, որի հոգեւոր առաջնորդն ու կնքահայրն է համարվում Գուրգեն Յանիկյանը: Նա բանտից մշտապես հետեւել է ԱՍԱԼԱ-ի գործունեությանը:

1981 թվականին նրա առողջությունը քայքայվել էր: Ցմահ բանտարկյալին տեղափոխում են փակ հիվանդանոց: 8 տարվա բանտարկությունից նրա մարմինը մաշվել էր: Բացի այդՙ արդեն ծեր էրՙ 86 տարեկան: 1984 թվականին Գուրգեն Յանիկյանը կնքում է իր մահկանացուն: Կտակի համաձայնՙ նրա մարմինը ողջակիզվում է:

Գուրգեն Յանիկյանի մահից հետո նրա կտակի մասին քչերը գիտեին. հատկապես որ սովետական ժամանակներ էին, ու աճյունը Հայաստան բերելու թեման փակված էր: Գրող, մտավորական Գեւորգ Յազճյանը պատմում է. «1984-ի մարտի 27-ին լսեցի, որ Գուրգեն Յանիկյանը մահացել է: Բարձրացա Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհեցի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի անմար կրակի առջեւ: Սրտումս մեծ ցավ կար. վախճանվել էր ԱՍԱԼԱ-ի կնքահայրը, որը Թուրքիայի դեմ հայ անհատի պայքարի սկիզբը դրեց: Յանիկյանը հավատացած էր, որ մենք հաջողության կհասնենք միայն զինված պայքարի դեպքում»:

Երբ բոլորովին վերջերս խոսվում էր այն մասին, որ Գուրգեն Յանիկյանի աճյունը բերվել է Հայաստան, հարց առաջավՙ իսկ ո՞ւմ մոտ է պահվելիս եղել աճյունը: Գաղնիքը բացահայտվեց այն օրը, երբ Յանիկյանի աճյունը հանձնվեց մայր հողին: Պարզվեցՙ ԱՍԱԼԱ-ի կնքահոր աճյունը 35 տարի պահել է նրա հոգեզավակըՙ ամերիկուհի Մեյրի Ունանը, որը Գուրգեն Յանիկյանի երկրորդ փաստաբանի կինն է:

Գուրգեն Յանիկյանի աճյունը թաղվեց Եռաբլուրումՙ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկների հիշատակին նվիրված հուշակոթողի հարեւանությամբ, հերոս նահատակների կողքին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 09-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ