ՎԵՐՋՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ ՀԱՐՑՆ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ Նաիր ՅԱՆ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դարձյալ անհանգիստ են: Ավելի քան մեկ ամիս է անցել, ինչ թատրոնի արտիստները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի փաստարկների դեմ հակափաստարկներ էր պահանջել իրենցից: Արտիստներն էլ թատրոնի իրավաբանի օգնությամբ հակափաստարկները գրավոր կերպով ներկայացրել են վարչապետին: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ եթե Նազենի Ղարիբյանիՙ Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու փաստարկներից թեկուզ մեկը սխալ լինի, նրան պաշտոնից հեռացնելու է: Իսկ այդ ընթացքում թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը: Օպերային թատրոնում վերջապես բացահայտ հայտարարեցին, թե ում բողոքների հիման վրա է Նազենի Ղարիբյանը Կոսնստանտին Օրբելյանին ազատել աշխատանքից: Նա օպերային թատրոնի նախկին իրավաբան Քրիստինե Նաղդալյանն է, որին չարաշահումների համար Օրբելյանը 2017 թվականին ազատել է աշխատանքից: Քրիստինե Նաղդալյանի ամուսինը մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալն է: «Պարզ ու հստակ է, որ այստեղ շահերի բախում կա: Քրիստինե Նաղդալյանը նաեւ օգտվել է այն հանգամանքից, որ իր ամուսինը մշակույթի նախարարության պաշտոնյաներից է եւ արշավ է սկսել Օրբելյանի դեմ, թե իբր նա երեք պաշտոն է զբաղեցնում: Օրենք կա, թուղթ ու թանաքով գրված է, որ գեղարվեստական ղեկավարը ստեղծագործական պաշտոն է: Բացի այդՙ պատճառաբանվում է, թե Օրբելյանին նշանակել են նախորդ իշխանությունների օրոք ընդունված օրենքի համաձայն, ու նրա հետ երեք տարվա պայմանագիր է կնքվել, որի ժամկետի լրանալուն դեռ մեկ տարի կա: Հիմա ասում ենՙ մենք նախորդ իշխանությունների իրավահաջորդը չենք, նրանց արածը ջնջում ենք: Ուրեմն նույն տրամաբանությամբ ասենք, որ մեր երկրի արտաքին պարտքից հրաժարվում ենք, որովհետեւ այդ պարտքը նախորդ իշխանությունների ժամանա՞կ է կուտակվել: Այդպես կլինի՞», վրդովվեցին արտիստները: Նիկոլ Փաշինյանին, ըստ արտիստների, մոլորության մեջ են գցել: Նազենի Ղարիբյանը նրա առաջ է դրել եւս մի կեղծ փաստարկ, թե իբր օպերային թատրոնը 92 միլիոն դրամի պարտք է կուտակել, բայց Ղարիբյանը չի նշել, որ այդ պարտքը գոյացել է 2014-16 թվականներին, երբ անգամ շշուկներ չկային, թե Օրբելյանն օպերային թատրոն է գալու: 2017-իցՙ մաեստրոյի պաշտոնավարարումից սկսած, թատրոնը ոչ մի լումա պարտք չի ունեցել, այստեղ անգամ ներդրումներ են արվել: Կարինե Կիրակոսյանը կարող է տնօրենի պաշտոնը զբաղեցնել մինչեւ 6 ամիս ժամկետով: Կոնստանտին Օրբելյանը նրա պաշտոնավարմանը դեմ չէ, բայց սա հարցի լուծում չէ: Հանրության շրջանում անհանգստության նշաններ են երեւումՙ վերջն Օրբելյանի հարցն ի՞նչ եղավ: Այդ հարցը, բայց ոչ հռետորական, մտահոգում է նաեւ օպերային թատրոնինՙ վերջն Օրբելյանի հարցն ի՞նչ է լինելու: Վերին հարթակներում լռում են, հարցը քնեցրել են: Պայմանավորվածության համաձայնՙ հակափաստարկները ներկայացվել են Նիկոլ Փաշինյանին, բայց արձագանքն ինչո՞ւ է ուշանում: Թատրոնում վարչապետի դրության մեջ մտնում ենՙ տեսնում են, լրահոսին հետեւում են, խիստ զբաղված է, աշխատանքային խիտ գրաֆիկով է աշխատում, բայց իրենց հարցն էլ է կարեւոր, չէ՞: Գոնե իմանան, որ վարչապետն իրենց գրավոր փաստարկները կարդացել է, հետաքրքրվել, ուսումնասիրել, ճիշտ ուղու վրա է: Կառավարությունից ոչ մի պատասխան իրենց չի տրվել: Թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանը նամակ է ուղղել վարչապետինՙ խնդրելով հանդիպել իրենց հետ ու անդրադառնալ Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնում վերականգնելու հարցին: |