Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ՏԱԳՆԱՊԻՆ Միշել ԷՔԻԶՅԱՆ, ԱՄՆ Խորհրդային Միության ժամանակներից մնացած չարության հնացած գործելաոճի՞, թե՞ տգիտության հետեւանքով Հայաստանի Օպերային թատրոնի շուրջ ստեղծված տագնապը առիթ է, որ ժողովուրդը մեկ բռունցք դառնալով պաշտպանի Օրբելյանին, չնայած նա պաշտպանության կարիքը չունի, քանի որ Օպերայում նրա գործունեության կարճ ժամանակի պատմությունն ինքնին խոսուն ապացույց է նվիրվածության եւ կատարելության: Նա նոր շունչ ու հույս բերեց այդ հաստատությանը, կարողացավ հաղթահարել նախկին լճացած վարչական թերությունները, եւ նոր մոտեցումներով առաջ տանել այնՙ համահունչ 21-րդ դարի պահանջներին: Նվագախմբի մակարդակն էլ բարձրացավ բավականին արագ ինչպես կարգապահական, այնպես էլ կատարողական առումներովՙ համեմատվելու համար միջազգային ճանաչում ստացած օպերային թատրոնների հետ: Անցյալ տարի Օրբելյանը ծանոթացրեց երաժիշտներին Վերդիի ստեղծագործությունների հետ, որոնք դուրս էին մնացել նրանց սահմանափակ ռեպերտուարից: Ապա առաջին անգամ խումբը հյուրախաղերով առաջնորդել է դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ: Բացի նոր ռեպերտուար, աշխատելու նոր էթիկա եւ շրջագայությունների հնարավորություններ ստեղծելուց, վերջին երեք տարում Օրբելյանը, շնորհիվ իր ծանոթությունների, աշխարհահռչակ երաժիշտների, մեներգիչների, դասական երաժշտության եւ բեմական հարդարման մասնագետների է հրավիրել, ինչը խթան կարող է հանդիսանալ, որ Հայաստանի Օպերային թատրոնն իր արժանի տեղն զբաղեցնի միջազգային ասպարեզում: Օպերային թատրոն կառավարելը շատ նման է երկիր կառավարելուն: Թափանցիկ գործող եւ տեսլական ունեցող ղեկավարը շրջապատված պետք է լինի միեւնույն ունակությունների տեր մարդկանցով: Հակառակ հայերիս մեծամասնության մոտ ձեւավորված «ես ամեն ինչ գիտեմ» բնավորության գծին, նա կարողացել է հարգանքը վայելել իր երաժիշտների եւ ստեղծել թիմային առողջ մթնոլորտ: Նաեւ աննախադեպ նոր բարձունքների հասցնել Օպերային թատրոնը: Կարճ ասած, նա լավագույն թեկնածուն է իր երկու պաշտոնների համար: Բայց երաժշտագիտության եւ ղեկավարության կարողությունները ընդամենը մեկ երեսն են անսահմանորեն եռանդուն Օրբելյանի, որի վառ վկայությունն է նրա ներկայությունը նախանցյալ շաբաթ Նյու Յորքի Մետրոպոլիտեն Օպերայի գալահամերգին: Նա իր բնագավառի խորաթափանց գիտակ է ու մշակութային արվեստի միջազգային թատերաբեմում ճանաչված արվեստագետների եւ ֆինանսիստների հարգանքն ու պատիվն է վայելում, ինչը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Օպերային թատրոնը ճանաչելի դարձնելու աշխարհով մեկ: Նա դյուրահաղորդ է, ջանասեր ու խանդավառ, հատկանիշներ, որոնց շնորհիվ նրա բեմադրությունները դուրս են գալիս ազգային նեղ շրջանակներից եւ դառնում օտարազգի հանրության, գովասանքներին արժանի ստեղծագործություններ: Վերջին երեք տարում նրա ղեկավարությամբ իրականացված պրեմիերաներից կարելի է հիշատակել. ա) Մոսկվայի Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմադրություններից Ջյուլ Մասնեյի «Մանոնը» տենոր Լիպարիտ Ավետիսյանի դերակատարությամբ (Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում): բ) Մեծ թատրոնից գնված մանկական «Չիպոլինո» բալետային ներկայացումը: գ) Նաիրա Ստեփանյանի բեմադրությամբ «Կարմենի» նոր ներկայացումը Դուբայում, Օպերայի նորակառույց շենքի բացման արարողությանը ներկա գտնվելու առթիվ: դ) Մոցարտի «Կախարդական սրինգը», որն առաջին անգամ բեմադրվեց Հայաստանում: ե) Չուխաջյանի «Կարինեն»` Ժիրայր Փափազյանի բեմադրությամբ: զ) Վերդիի «Աթիլան», որը նույնպես առաջին անգամ բեմադրվեց Հայաստանում: է) Հրավիրեց Հայաստանի Օպերային շենքում ելույթ ունենալու Ռենի Ֆլեմինգին, որը դուռ բացեց այլ հռչակավորների եւս հրավիրելու Հայաստան: ը) Ներկայիս պատրաստվում է ներկայացնել Ռոսսինիի «Viaggio a Reims» համերգ-ներկայացումը` Մկրտիչ Բաբաջանյանի խմբավարությամբ: Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator) |