ԱՐԱՄ ԳՈՒՅՈՒՄՃՅԱՆԻ «ԿՈՆՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ» ՊԻԵՍԸ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ Հ.Ծ. Հյուսիսային Հոլիվուդի (Լոս Անջելես) «Սիկրետ Ռոուզ» թատրոնում հանրահռչակ «Vista Players» թատերախումբը սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 2-ը ընկած վեց շաբաթավերջերին բեմականացնում է մրցանակակիր դրամատուրգ եւ բեմադրիչ Արամ Գույումճյանի «Կոնստանդնուպոլիս» (Constantinople) պիեսը, որը հետեղեռնյան շրջանի Թուրքիայում կատարվող իրադարձություններիՙ քաղաքական ինտրիգների, ռազմական պայքարի եւ ֆեմինիստական շարժման ակտիվացման մասին է, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր»շաբաթաթերթը: Մեկուկես ժամանոց արագընթաց պիեսում ֆեմինիստական թերթի խմբագրիՙ Վեհանուշի եւ ֆիդայի Ռուբենի դերերը կատարում են համապատասխանաբար Ջեյդ Հայկուշը եւ Տրեվիս Լոլինը: Նրանք համակարգված աշխատանքով առաջ են տանում Ցեղասպանության ժամանակ առեւանգված կանանց ու երեխաներին գտնելու իրենց առաքելությունըՙ հաղթահարելով իրենց կյանքին սպառնացող բազում դժվարություններ: «Ցեղասպանության հետեւանքներին անդրադառնալով պիեսը բոլորովին էլ ողբի ու զոհերի մասին չէ, այլ պայքարի, ճկունության եւ վերապրելու կամքի, մղիչ ուժի մասին, որը արիություն է պահանջում եւ հաստատակամություն», նշում է Գույումճյանը, ավելացնելով, որ գլխավոր դերակատարների կողքին պիեսում դերեր ունեն նաեւ Եվա Աբրահամյանը, Ջոնաթան Ֆիշմենը, Լուկ Ռոզենտալը, Քրիստին Մաթերզբոն եւ Ռոբերտ Ուոլտերսը: Բեմական ձեւավորմանը մասնակցել է Ալան Տոլեֆսոնը, լուսային էֆեկտների կարգավորմանըՙ Հենրիկ Մանսուրյանը: Երաժշտության հեղինակն է մրցանակակիր Արա Դաբանջյանը: Արամ Գույումճյանը «Էլլի» մրցանակների է արժանացել ինչպես թատերագրության («The Farewells»), այնպես էլ բեմականացման («Three Hotels») բնագավառներում: «Sacramento Bee» պարբերականի հավաստմամբ «խելամիտ ու բանական բեմականացումների համար նա ունի համոզիչ արկածային արտիստիկ զգացողություն»: Նրա պիեսները ներկայացվել են տարբեր քաղաքներում սկսած Լոս Անջելեսից, վերջացրած Լոնդոնում: Նրա համեմատաբար նոր բեմականացումներից են «Երջանիկ հայերը» եւ «Վիլյամ Սարոյան: Անտիպ պիեսների կատարումները»: |