ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆԸ ՉԻԼԻՈՒՄ Ա. Բ. Հոկտեմբերի 3-6-ին Չիլիի մայրաքաղաք Սանտեագոյում կայացել է բանաստեղծութեան միջազգային երկրորդ փառատօնը, որն ունեցել է հարիւր մասնակից աշխարհի քսան երկրներից: Հայաստանը ներկայացրել է նիւեորքաբնակ բանաստեղծուհի Լօլա Գունտաքճեանը, որը Սանտեագոյում եւ Վալպարեսոյում իր ստեղծագործութիւնները ութ անգամ ընթերցել է հանդիսասրահի համարՙ հայերէն եւ իսպաներէն թարգմանութիւններով: Փառատօնի նախագահի նախաձեռնութեամբ Գունտաքճեանի հետ երկու հանդիպում է կազմակերպուել Սանտեագոյի Հայ տանը, որին ներկայ են գտնուել քաղաքի 250 հոգուց բաղկացած հայ համայնքի ներկայացուցիչները: Լօլա Գունտաքճեանը հինգերորդ անգամ է ներկայացնում հայ բանաստեղծութիւնը պոեզիայի միջազգային փառատօներում (մինչ այսՙ Կոլումբիայում, Պերուում, Կանադայում եւ Պաղեստինում): Բանաստեղծուհին ծնուել է Բէյրութում, ճանաչուած լուսանկարիչ Հերի Գունտաքճեանի ընտանիքում: 1979 թուականից բնակւում է ԱՄՆ-ում, որտեղ ուսանել է Քոլումբիայի համալսարանում: Եղել է Քոլումբիայի համալսարանի հայագիտական ծրագրի խորհրդի եւ «Արարատ» գրական եռամսեայ հանդէսի խմբագրութեան անդամ: 2006-ին նախաձեռնել է Հայ բանաստեղծութեան նախագիծ առցանց հարթակը, որ ընդգրկում է տարբեր ժամանակների հայ եւ հայազգի բանաստեղծների գործերՙ հայերէն, անգլերէն եւ ֆրանսերէն բնագրերով: Գունտաքճեանը ստեղծագործում է հայերէն եւ անգլերէն: Հրատարակել է «Պատահական վկան» (Նիւ Եորք, 2011) եւ «Խորհուրդ բանաստեղծի մը» (Լիմա, Պերու, 2013) եռալեզու բանաստեղծական ժողովածուները (հայերէն, անգլերէն, իսպաներէն): 2014-ին դարձել է «Նաջի Նամաան» մրցանակի դափնեկիր: 2006 եւ 2018 թթ. այցելել է Հայաստան: Շուտով Նիւ Եորքում լոյս կտեսնի Լօլա Գունտաքճեանի հերթական ժողովածունՙ անգլերէն եւ իսպաներէն: |