RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 25-10-2019



Տեղադրվել է` 2019-10-24 21:14:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1209, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏՙ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ընթերցելով Արծուիի (Արծվի Բախչինյան) նորՙ «Հնազը Ճահճավան քտա-ից» վեպը («Մատյան պրես», 2019) ոչ միայն նորություն հայտնաբերողի բավականություն, այլեւ հուզախառն հրճվանքի ապրումներ ունեցա: Ինքս ինձ համար արած հայտնությունն այստեղ անընդհատ փոփոխվող իրավիճակներն իր ձեռքում պահող կերպարիՙ Հնազի հաջողված ջանքն էրՙ չխորանալ իր համար ոչ պիտանի այլընտրանքային իրավիճակների մեջ, չողողվել անհարկի զգացմունքներով, չմիանալ, չխառնվել իրեն շրջապատող աշխարհինՙ դրանով իսկ ցույց տալով նույն այդ աշխարհը որպես անկենդան ու քարացած մի միավոր: Այդ համահարթեցված, անկենդան միավորի վրա Հնազը Արծուիի վարպետ վրձնահարվածների արդյունքում անընդհատ թրթռացող մի լար է, որի միջոցով էլ կենդանի ձգողությամբ է օժտվում վիպական ողջ պատկեր-միավորը: Սույն դիտարկումն էր, որ թույլ տվեց ինձ իրար մոտեցնել գեղանկարչության մեջ իր վսեմությամբ հայտնի նատյուրմորտի եւ գրականության մեջ առանցքային տեղ գրավող ժանրիՙ վեպի եզրերը:

Հայրենի երկրի մի ժամանակահատվածը պատկերող Արծուիի պատմությունը աչքի է ընկնում պատկերման պարզ, ազատ ու համարձակ դիրքորոշումով, երբեմնՙ իրականության շատ ցցուն ու վառ ներկայացմամբ, մի բան, որը հատուկ է նաեւ նատյուրմորտի ոճին: Իրականության շատ ցցուն ներկայացուցիչ է վեպի գլխավոր հերոսըՙ Հնազը, խորհրդային իրականության մեջ մի նոր, այլ լույսի տակ պատկերված աղջիկը: Այդպիսին կարող է լինել, իրենով կարող է բացել բնության բարիքների փակ խորհուրդն, ասենք, հենց նատյուրմորտային սկուտեղի մեջ քար լռությամբ ամփոփված մրգերի երեսին տարածված, իր դեղին շողերը հազիվ ներսում պահող խաղողի ողկույզը: Հնազը եւս չի սիրում ոչինչ պահել իր ներսում, մանավանդ որ ներսում եղածն ինքն է ձգտում կտրել իրեն ամեն ինչի հետ կապող օղակները:

«Վերջին զանգին Հնազը բեմից արտասանեց «Դպրոցս մե տանջարան է»ՙ ձեւափոխելով Սայաթ-Նովայի հայտնի բանաստեղծությունը, դիմացավ դասարանիՙ Երեւան կատարած ուղեւորությանը, որի ժամանակ քաղաքով մեկ անկապ ֆռֆռացինՙ մայրաքաղաքցիներին ի ցույց դնելով իրենց կրծքներին կապված զանգուլակները, իսկ ավարտական քեֆին չմասնակցեցՙ շտապելով թեկուզ մեկ օր շուտ մեկընդմիշտ փակված համարել դպրոցի ու դասարանցիների իր էջը:

Երբ նա վերջին անգամ դուրս եկավ դպրոցից, շրջվեց, մի լավ թքեց շենքի ուղղությամբ ու ասաց.

- Դե հաջո՜ղ... ափսո՜ս տարիներս...»:

Հնազն ինքն է բացահայտում իրեն ու ինքնաճանաչվում, ասելով. «Պարզապես սիրում էի թարսվել, գնալ հոսանքին հակառակ ուղղությամբ...»: Իսկապես, նա ձգտում էր առանձնանալ որպես անհատ, ով կարող է, թեեւ շրջապատի համար անսովոր, բայց նոր շունչ հաղորդել, կենդանություն տալ գաղափարին, մտքին կամ լեզվին: Այսինքնՙ արթնացումի զգացում ապահովող կերպար է Հնազը, որը նույնիսկ նորովի է մոտենում իր անվանըՙ շրջապատի համար դառնալով Նազիկ:

Արծուիի ինչպես մյուս ստեղծագործությունները, այնպես էլ այս վեպը եւս կարող ենք համարել արտահայտչամիջոցների նատյուրմորտ: Սա մի տարածք է, որտեղ բաց պատկերով դրված է 70-ականների ոչ միայն բարբառային կամ ժողովրդական, այլեւ փողոցային խոսակցական լեզուն կամ ժարգոնը: Ահա մայր ու աղջկա խոսակցությունից մեջբերված մեկ-երկու կարճ նախադասություն. «Բա որ քեզ հենց մի շատ լավ ռուս տղա ռաստ գա՞»,- ասում է մայրը: «Բա որ մեր շոշն անցնելիս մի խմած տաքսիստ ինձ տակո՞վ անի, մա՛մ, արի նիսիա խոսակցություններ չանենք, լա՞վ...»,- ասում է աղջիկը: «Ռաստ գա», «տաքսիստը տակով անի», «նիսիա խոսակցություն» եւ նման այլ արտահայտություններն այսօր արդեն, եթե անգամ մոռացվել կամ մոռացության եզրին են, միեւնույն է, նրանց պատճենն ու պատկերը կենդանի կլինի այս վեպով, դեռ երկար ժամանակ:

Վեպում մի ժամանակաշրջան էՙ տարբեր խավերի, տարբեր տարիք ունեցողների, տարբեր բնակավայրերի, տարբեր մասնագետների, տարբեր իրավիճակներին բնորոշ խոսակցական լեզվի շաղախով, ժամանակաշրջան, որի իմացությունը, ամրագրումն ու ամեն ինչի վարպետ մեկտեղումը հեղինակի կողմից դեռ ամենազարմանալին չէ: Ընթերցողի տեսադաշտում իրականությանը բնորոշ այդ ամենին ավելանում է տարբեր լեզուների օգտագործումը: «Չորրորդ դասարան էր նա, երբ սկսեցին անցնել օտար լեզու, ինչպես անծայրածիր Խորհրդային Միության բոլոր դպրոցներում». այս խոսքերից հետո հեղինակն ընդամենը մեկ էջում, իր ոճի ողջ գունապնակով ներկայացնում է, թե ինչպես, ինչու էին որոշ լեզուներ հրապարակի վրա, իսկ ուրիշներըՙ ոչ: Վեպի այդՙ 61-րդ էջում լեզուների մասին խոսքի միջոցով բերվածն առանցքային իրավիճակ է, որն իր մեջ էր առել երկրագնդի մի հսկա հատվածի կյանքի խորհուրդը:

Լեզվի ու արտահայտչամիջոցների առումով օգտագործված տարատեսակ համեմումներից, թվում է, թե վեպում կարող էր առաջանալ մի այնպիսի խառնաշփոթ, որտեղ իրականության պատկերը կարող էր ծածկվել հենց այդ համեմումների տակ: Սակայն Արծուին պատվով է դուրս եկել գրականության այս անօրինակ պատմելաձեւի որոգայթներից, եւ դրան օգնել են նրա լեզվագիտական, բառագիտական, բանասիրական գիտելիքները: Առանց շեղվելու ստեղծագործական ընթացքը պահող պաթոսիցՙ նա այն զուգահեռել է հանրագիտարանային, տեղեկատվական, բառարանային ոլորտների իր բանիմացության հետՙ դրանով իսկ ընթերցողին ապահովելով ավելին ստանալու բավականությամբ: Եվ ընթերցողն այդ անում է առանց ուշադրությունը շեղելու հիմնական այն գործողությունից, որը նկարագրվում է:

Հեղինակն ինքը նկարագրվող իրականության ժամանակակիցն է: Նա տեսել ու լսել է այն ամենը, ինչի մասին խոսում է: Մարդկանց տարբեր հարաբերություններ ու կյանքի զանազան իրավիճակներ ընդգրկող այս վեպում չկա ոչ մի կեղծ, սարքովի կամ մտացածին պահՙ սկսած գյուղի ու քաղաքի, նույն ընտանիքում ապրող տղայի ու աղջկա, հարազատ-բարեկամների միջեւ հարաբերություններից, ուսման կարեւորությունից, օտարազգի տղամարդու հետ կապից մինչեւ Հանրային բարեփոխումների հիմնադրամի գործունեությունը ներկայացնելը: Սյուժեն սկսվում է լճացած կյանքով ապրող պայմանականորեն Ճահճավան բնակավայրի բնակիչ, դեռ երեխա Հնազով, ընթանում նրանով ու ավարտվում նրա հասուն այն տեսակով, որը դուրս է գալիս ճահճից, ուզում է նորովի ապրել, տեսնել նաեւ նորի շարունակությունն իր միջոցով:

Իսկ, ժամանակն, անշուշտ կանգ չի առնում, ասում է իր խոսքը, մի անգամ լավ, մի անգամՙ վատ: Վեպն ավարտվում է այնտեղ, երբ «խոսակցությունները վերածվել են էլեկտրոնային նամակագրության, գործողությունները վերածվել են զանգերի, զգացմունքներըՙ հաղորդագրությունների, սեր բառը դուրս է եկել համատեքստից...» եւ այլն, եւ այլն: Վեպի երկրորդ մասում հեղինակը հանդես է բերում մեր գրականության մեջ թեմատիկ մի նորությունՙ պատկերելով անկախության տարիների Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններում տիրող մթնոլորտը, որոնցում, չգրված օրենքի համաձայն, բարձր պաշտոնի էին նշանակվում կասկածելի գործունեություն ծավալող, ազգային նկարագրից հեռու, կոռումպացված անձինք: Ի դեմս վեպում հանդես բերված «Րիքթըր ֆաունդեյշընի»ՙ կարելի է կարծիք կազմել բարեգործության քողի տակ ծածկված, բայց իրականում Հայաստանը ներսից քանդող միջազգային այն կառույցների մասին, որոնցում ընթանում է տեսակների հակամարտություն: Այս առումով Արծուին հակադրում է իր մշակույթին կապված, իր երկրի ցավերով ապրող Հնազի տեսակը հիմնադրամի տնօրեն Ռաիսա Սինամյանի հայատյաց, մարդատյաց եւ կոռումպացված տեսակին:(*)

Հեղինակը որքան էլ խոսում է մի բանի մասին, ինչ որ տեսել ու լսել է, ինչն ունեցել է իր լավ ու վատ, գովելի ու պարսավելի կողմերը, այնուամենայնիվ, ամեն ինչ թողնելով ընթերցողի ընկալունակության աստիճանինՙ նա ինքն աներեւույթ կամ կրավորական դիրքում է: Ճիշտ այնպես, ինչպես նկարչության մեջՙ նատյուրմորտի հեղինակը: Այստեղ էլ, ամեն ինչ դրված է առջեւում, եւ ընթերցողը պետք է գտնի նրա մեջ թրթռացող, առողջ կենդանության լարը...

Մի պատմություն կա Մարտիրոս Սարյանի մասին, թե ինչպես գեղարվեստի ինստիտուտում անվանի նկարչին քննական հանձնաժողովի ղեկավար ընտրելու առթիվ սեղանին դրել են հայկական տարատեսակ մրգերի մի մեծ սկուտեղՙ մտադիր լինելով նրա առջեւ ստեղծել իսկը սարյանական պատկեր: Այս պատմությունն, անշուշտ, այլ հետաքրքրություն ունեցող շարունակություն ունի, սակայն այս պարագայում ես այն հիշեցիՙ մտածելով, որ ինչպես նատյուրմորտն իր ընկալելի տարբերակումով կարող է լինել սարյանական, ինչո՞ւ չենք կարող արծուիական համարել հավաստի վկայություններով գեղարվեստական դիտորդականություն ունեցող այն գրականությունը, որտեղ այն, ինչի մասին հավաստիորեն վկայվում է, կարող է իրեն կենդանի թրթիռներ հաղորդող մի ներքին լույս ունենալ: Նման գրականությունն էլ կարող ենք պսակել «արծուիական նատյուրմորտ» անվանումով:

Իսկ Արծուիի «Հնազը Ճահճավան քտա-ից» վեպն, իսկապես, նատյուրմորտ էՙ գրականության մեջ...

*) Գիրքը ուշադիր ընթերցած որոշ մարդկանց տպավորությամբ, հեղինակի համար նախատիպ են դարձել Սորոսի հիմնադրամը (Րիքթըր Ֆաունդեյշըն) ու նրա հայաստանյան կառույցի տնօրեն Լարիսա Մինասյանը (Ռաիսա Սինամյան): Չենք առարկում, բայց ուզում ենք շեշտել, որ թե՛ հիմնադրամը եւ թե՛ դրա տնօրենը գրքում ներկայացված են իբրեւ հավաքական կերպարներՙ ապազգային ու հակահայ, որոնց դեմ ընդվզում են թե՛ ազատ մտածող Հնազն ու թե՛ նրա գործընկերներից շատերը: Խմբ.:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 25-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ