ՄԵՐ ՀՈԳՈՒ ԱՄԵՆԱՊԱՅԾԱՌ ԱՍՏՂԸ Նազենիկ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար աշխատող Ո՞վ չի կարդացել Անտուան դը Սենտ-Էկզյուպերիի «Փոքրիկ Իշխանը»: Այս խորը փիլիսոփայական երկը հարազատ է թե՛ երեխաներին, թե՛ երիտասարդներին, եւ թե՛ մեծահասակներին: Որովհետեւ յուրաքանչյուր տարիքում կարդալիս այն ընկալվում է նորովիՙ բացահայտելով մեր հոգու, մտքի եւ սրտի թաքնված խորքերը: Երեւի թե այդ պատճառով Արսեն Մեհրաբյանը ընտրեց հատկապես այդ երկը Երեւանի պետական Պարարվեստի քոլեջի 95-ամյակի կապակցությամբ նոր բեմադրություն ստեղծելիս: Այո, այս տարի Պարարվեստի քոլեջը նշում է իր 95-ամյակը: Համարյա մի դար: Նրա ծննդյան օրը հաշվվում է 1924 թվականից, երբ ականավոր պարող, պարուսույց, բալետմայստեր Վահրամ Արիստակեսյանը Երեւանում հիմնադրեց իր «Խորեոգրաֆիկ ստուդիան»: Նրանից սերեցին թե՛ հայ բալետը, թե՛ ժողովրդա-բեմադրական պարի բազում համույթները, թե՛ մոդեռն պարի ստուդիաները եւ, իհարկե, Երեւանի պարարվեստի ուսումնարանը (այժմՙ քոլեջ): Այս գրախոսականի շրջանակներում, իհարկե, անհնարին է թվարկել այն բոլոր սաներին, որոնք սովորելով եւ ավարտելով այդ ուսումնական հաստատությունըՙ դարձան մեր եւ աշխարհի բազում երկրների փայլուն պարողներ, բալետմայստերներ, պարուսույցներ: Շատ տեղ կգրավեն այն բոլոր բալետմայստերների անունները, որոնք բեմադրություններ են ստեղծել ուսումնարանիՙ այժմ քոլեջի, սաների համար: Այդ պատճառով մեր ուշադրությունը սեւեռենք քոլեջի վերջին տարիների գործունեության վրա: Այդ ժամանակաշրջանից, երբ քոլեջի գեղարվեստական ղեկավարը դարձավ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը , իսկ տնօրենըՙ պարագետ, ՀՀ վաստակավոր մանկավարժ Հասմիկ Մարկոսյանը , քոլեջն ավարտեցին արդեն մի շարք միջազգային մրցույթների մասնակիցներ եւ հաղթողներ Անդրանիկ Աբովյանը , Ռազմիկ Մարուքյանը , Կարինա Շիկանյանը , Րաֆֆի Գալստյանը ... Քոլեջի ներքնահարկում գտնվող փոքր բեմում կազմակերպվում են մրցույթներ, հաշվետու եւ ավարտական համերգներ: Ավաղ, մի քանի տասնամյակների ավանդույթըՙ Սպենդիարյանի օպերայի եւ բալետի թատրոնի ու քոլեջի անմիջական սերտ համագործակցությունը, այժմ ընդհատվել է: Բազում տարիներ քոլեջի ավարտական համերգները տոնական ոգով փայլում էին Սպենդիարյանի թատրոնի մեծ բեմում: Իսկ քոլեջի ուսանողները վաղ դասարաններից անմիջականորեն ընդգրկվում էին թատրոնի բալետային ներկայացումներում: Հույս ունենանք, որ այդ ավանդույթը կվերականգնվի: Իսկ այժմ արձանագրենք, որ հոկտեմբերի 13-ին Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Փոքրիկ իշխան» բալետի առաջնախաղը: Ինչպես նշեցինք, բեմադրող բալետմայստերն է Շվեդիայի Թագավորական Բալետի նախկին առաջատար պարող, բալետմայստեր, Ստոկհոլմի Մշակութային եւ կրթական ասոցիացիայի նախագահ, «Հզոր զգացմունքներ» բալետային խմբի համահիմնադիր եւ բալետմայստեր, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Մեհրաբյանը: Ավելորդ չէ նշել, որ արտասահմանում գործող մեր պարողների, բալետմայստերների մեջ Արսեն Մեհրաբյանը համարյա միակն է, որն արդեն մեծ ներդրում ունի Հայաստանի պարարվեստի բնագավառում: Նրա ջանքերով արտասահմանում գործող հայ պարողներից ձեւավորված «Հզոր զգացմունքներ» համույթն արդեն բազում տարիներ հանդես է գալիս Հայաստանումՙ իր հետ բերելով բալետի եւ մոդեռն պարի նորովի ուղղությունները: Նշենք նաեւ, որ Արսեն Մեհրաբյանը մասնակցել է «Բարեկամություն» համույթի ներկայացումներին, թե՛ իր խմբով, թե՛ որպես մենակատարՙ «Լոռեցի Սաքո» բալետում: «Հզոր զգացմունքներ» եւ «Բարեկամություն» համույթների միասնական ուժերով (երբեմն նաեւՙ մեր բալետի արտիստների մասնակցությամբ) ցուցադրվել են մի շարք համերգային ծրագրերՙ Արսեն Մեհրաբյանի բեմադրած «Արշիլ Գորկի» (2015) եւ «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» (2018) բալետները: Արսեն Մեհրաբյանը նաեւ սերտ համագործակցում է Երեւանի պարարվեստի քոլեջի հետՙ վերջին տարիներին այնտեղ բեմադրելով մի շարք երկեր: Եվ ահա «Փոքրիկ իշխանը»: Ներկայացումն ընդգրկում է մոտ 20 (ավելի ճիշտՙ 19) մասնակից, որոնք թե՛ ուսումնարանն արդեն ավարտած սաներն են, թե՛ բարձր դասարանների ուսանողները, եւ մեկ փոքր սանՙ 10 տարեկան Նարեկը: Սակայն նախքան դերակատարների կերտած կերպարների գնահատմանն անցնելը նշենք ներկայացման մի քանի կարեւոր առանձնահատկություն, որոնք նպաստում են բեմադրության անչափ խորը եւ հուզական ընկալմանը: Նախեւառաջՙ երաժշտական բաղադրամասը: Բալետի պարտիտուրը Մոցարտի մի շարք երկերի առանձին մասերի կազմածո էՙ ջութակի եւ ալտի համար Կրկնակի կոնցերտի 1-ին մասը, Դաշնամուրային կոնցերտներից մեկի ադաջոն, Փոքրիկ գիշերային սերենադի որոշ մասերը, «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նախերգանքը եւ այլն: Հատկապես Մոցարտիՙ այդ հրաշամանուկի եւ ավելի մեծ հասակում իր մեջ պահպանած երեխայի հոգու ամենապայծառ ու ամենատխուր գանձերը յուրօրինակ երաժշտության մեջ արտահայտելու ունակությունը զարմանալիորեն ճիշտ համընկավ «Փոքրիկ իշխանի» թե՛ իմաստին եւ թե՛ տոնայնությանը, իսկ բալետին հաղորդեցին առանձնակի խորություն, ոգի եւ հուզականություն: Եվ համընկան նաեւ Արսեն Մեհրաբյանիՙ որպես բալետմայստերի ստեղծագործական բնութագրին: Նմանատիպ ոգով է լի նրա «Արշիլ Գորկի» բալետը, որն արցունքներ կորզելու չափ տպավորություն թողեց հանդիսատեսի հոգում: Պարային լեզուն հիմնականում ժամանակակից դասական բալետի շարժումների, կենցաղային շարժումների պլաստիկ մեկնաբանման եւ մերթընդմերթ ներմուծվող «մոդեռն» պարի ելեւէջների գեղավեստական միավորման արդյունք է: Երեւի թե բեմադրության ամենաարտառոց նորույթն է մեծահասակ Օդաչուի եւ Փոքր իշխանի զուգապարերը: Այստեղ կան ե՛ւ սատարումներ (поддержки), որոնք հատուկ են պարող-պարուհի զուգապարին, ե՛ւ զուգահեռ համաչափ կատարվող շարժումներ ու «երկխոսական» դրվագներ, ե՛ւ կենցաղային շփման պլաստիկ ոճով մեկնաբանված «զրույցներ»: Ոչ պակաս ուշադրություն են գրավում Փոքրիկ իշխանի մոլորակի մասին հիշողության տեսարանները, նրա նուրբ վերաբերմունքը երեք վարդերին, իշխանի ճանապարհորդության դրվագները եւ արտահայտիչ պատկերներն այդ մոլորակների միայնակ բնակիչներիՙ Թագավորի, Գործարարի, ինչպես նաեւ աշխարհի պատմական իշխանիՙ Նապոլեոնիՙ երկու սպաների հետ հանդիպման եւ շփման պարային ռեժիսորական լուծումները: Յուրովի են մատուցվում Փոքրիկ իշխանի եւ Երկրի «բազում վարդերի» հանդիպումը, ոչ այնքան պարային, որքան պլաստիկ երկխոսության ոճով լուծված հանդիպումը Աղվեսի եւ ճակատագրական շփումը Օձի հետ: Ներկայացման երեւելի արժանիքներից է բեմաձեւավորումը եւ դերասանական զգեստները, որոնք իրականացրել է Օտտո Բուբենիչեկը : Վերջինս սովորել է Պրահայի Պարի եւ երաժշտության կոնսերվատորիայում: 1993-ին նա հրավիրվել է Ջոն Նոյմայերի Համբուրգի բալետ, որտեղ 1997-2014 թթ. եղել է առաջատար պարող: Որպես հրավիրված պարող ելույթ է ունեցել աշխարհի շատ հայտնի ընկերություններում եւ մասնակցել բազմաթիվ գալա ներկայացումների: Նաեւ բեմահարդարման եւ բեմական զգեստների տաղանդավոր դիզայներ է, նկարիչ, կոմպոզիտոր: Սա Մեհրաբյանի եւ Բուբենիչեկի առաջին համագործակցությունը չէ: Պետք է նշել, որ «Փոքրիկ իշխանի» ձեւավորումն ունի որոշ առանձնահատկություններՙ կապված այն հանգամանքի հետ, որ Անտուան դը Սենտ-Էկզյուպերին ոչ միայն գրել է այդ ալեգորիկ երկը, այլեւ պատմությունն անձնապես համալրել է իր իսկ նկարներով: Ուստի Բուբենիչեկը պետք է անպայման իր ձեւավորման մեջ արտահայտեր, նմանակերպեր եւ, միաժամանակ, յուրովի մեկնաբանություն տար Սենտ-Էկզյուպերիի նկարներինՙ Փոքրիկ իշխանի մոլորակինՙ որը մերթընդմերթ հայտնվում է հետնավարագույրի վրա, դերազգեստների մեկնաբանության, բեմական իրերի ձեւավորման մեջ եւ աստղերի, երկնքի, ամպերի, արեւի խավարման եւ պայծառացման դրվագներում: Վերջիններս նաեւ խորհրդանիշներ են, մանավանդՙ երկնքում օձանման ոլորապտույտներ կատարող անվերջությունը պատկերող խորհրդանիշը: Անշուշտ, Մեհրաբյանը հստակ ձիրք ունի դերասանի հետ կերպարի վրա աշխատելիսՙ լինի երիտասարդ պարող, թե երեխա: Թերեւս այդ է պատճառը, որ մենակատարներից յուրաքանչյուրին հաջողվեց ճշգրիտ հաղորդել իր կերտած կերպարի ոչ միայն պարային ոճը, այլեւ, ամենակարեւորը, կերպարի էությունը: Նրանք ենՙ Թագավորը ( Արտաշես Հակոբյան ), որն իր միայնակության մեջ երեւակայում է, որ ամեն ինչՙ երկինքը, աստղերն ու մոլորակները ու նաեւ Փոքրիկ իշխանը, իր հնազանդ ծառաներն են, Գործարարը ( Արմեն Զաքարյան ), որն անչափ զբաղված է աստղերի աննպատակ հաշվումով, իր անգերազանցելիությունը ցուցադրող Գեներալ Նապոլեոնը ( Էդուարդ Հովհաննիսյան ) եւ նրա երկու զգոն սպաները ( Նարեկ Վարդանյան , Ավիկ Հովհաննիսյան ), գեղեցիկ, անբաժան եւ տարբեր պլաստիկ հյուսվածքներով միավորվող վարդերի եռյակը ( Անահիտ Վասիլյան , Նատալի Սուքիասովա , Հասմիկ Ոսկանյան ), մե՛րթ վախեցած, դժվարությամբ երկխոսության մեջ մտնող, մե՛րթ մտերմության մեծ ծարավ ունեցող Աղվեսը (Գոռ Սարգսյան) եւ քնքուշ մահըՙ Օձը (Միլենա Ումրիկյան): Եվ, վերջապես, գլխավոր կերպարները: Օդաչուի դերը կատարեց Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի մենակատար Ռազմիկ Մարուքյանը , որը հանդիսատեսի ուշադրությունը գրավեց թե՛ իր պարային հմտությամբ եւ թե՛ դերասանական խաղով ու ամենակարեւորըՙ որպես Փոքրիկ իշխանի զուգընկեր: Թե՛ իմաստային, թե՛ հոգեբանական, թե՛ կերպարային առումով ամենամեծ ծանրությունը փայլուն հաղթահարեց քոլեջի սան, 10 տարեկան Նարեկ Ջուլհակյանը : Նա կերտեց հիրավի իսկական Փոքրիկ իշխանի կերպարն իր բոլոր առանձնահատկություններով. նա երեխա է, բայց իրոքՙ Իշխան, որոշ պարագաներումՙ հանդուգն, իրոք արքայական արժանապատվությամբ, մեկընդմեջ դառնալով չարաճճի երեխա, իր վարդերին հոգատար եւ սիրով վերաբերվող երիտասարդ, իր հանդիպած մոլորակների բնակիչներին որոշ երգիծանքով վերաբերվող եւ իմաստուն, ինչպես մեծ կյանք ու փորձություններ անցած տղամարդ, որը պատրաստ է մահվան, որպեսզի իր հոգին վերադառնա իր մոլորակ: Մենք մի փոքր զրուցեցինք Նարեկի հետ: Սա Նարեկի ոչ թե առաջին, այլ արդեն յոթերորդ գլխավոր դերն է: Փոքրիկ իշխանի դերի համար ընտրվել է քասթինգից հետո, որտեղ մասնակցել են նրանից տարիքով մեծ երեխաները: Նա մեզ պատմեց, որ Արսեն Մեհրաբյանի հետ շատ հեշտ է աշխատելը, որովհետեւ վերջինս շատ ստույգ է բացատրում իր կատարողական եւ դերասանական խնդիրները: Մեհրաբյանը, իհարկե, երբեմն գովում էր իրեն, բայց ոչ շատ հաճախ: Նարեկի նպատակն էՙ այս դերից հետո է՛լ ավելի աշխատել եւ կատարելագործվել իր մասնագիտության մեջ: Պետք է անպայման նշել ներկայացման փորձավարներինՙ ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանին եւ Լիլիթ Փալանջյանին : Եվ ավարտենք Նարեկի հարցազրույցից մի հատվածով: Ես հարցրի, թե ինչպես է նա ընկալում Փոքրիկ իշխանինՙ արդյոք դա իրոք գոյություն ունեցող ա՞նձ էր, թե՞ ծնվել էր Օդաչուի երեւակայության մեջ: Նարեկը պատասխանեց, որ իրական անձ է: Դե ինչ, եթե նկատի ունենանք, որ մեր հոգու ամենակարեւոր բաղադրիչներից մեկը երեխան է, որը չի անհետանում մինչեւ կյանքի վերջին պահը, ապա իրոք, մեր հոգու ամենավառ աստղն է մեր երեխա էությունըՙ իշխող, հրամայող, չարաճճի, երգիծող, հոգատար, իմաստուն եւ պատրաստ ամեն պահի հայտնվելու: Մեր հոգու Փոքրիկ իշխանը... Նկար 1. Արսեն Մեհրաբյանը եւ Օտտո Բուբենիչեկը Նկար 2. Դրվագ բեմադրությունից |