ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԾԱԳՈՒՄՈՎ ՄԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՙ ՉԵԶԱՐԵ ԼԱՔՔԱ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ «Ազգի» նոյեմբերի 22-ի մշակութային համարում ընդգրկված էր Բախտիար Հովակիմյանի «Հին աստվածների» թարգմանություններն ու բեմադրություններն օտար լեզուներով» հոդվածը: Այնտեղ չի հիշատակված Շանթի նշանավոր թատերախաղի իտալերեն թարգմանությունը, լույս տեսած տակավին 1917-ին, «Բ. Ռեմպորադ եւ որդիներ» հրատարակչության կողմից (Ֆլորենցիա-Միլան-Հռոմ-Պիզա-Նեապոլ-Պալերմո)ՙ Levon Sciant, Gli Antichi Dei, Dramma allegorico in quattro atti. Con prologo e dodici quadri. Tradotto da Giacomo Monico. Interprete Sig. Greggo Lacca, armeno (Լեւոն Շանթ, Հին աստվածներ: Այլաբանական դրամա չորս գործողությամբ: Նախաբանով եւ տասներկու պատկերով: Թարգմանությունըՙ Ջակոմո Մոնիկոյի, մեկնություններըՙ պարոն Գրեգգո Լաքքայի, հայ) վերնառությամբ: Օգտվելով առիթիցՙ ներկայացնենք վերջին անձնավորությանը, որը հայ թատրոնի եւ նկարչության պատմաբաններին ծանոթ է որպես Չեզարե (Գրիգոր) Կ. Լաքքա: Մեր կարծիքով, Շանթի թատերախաղի իրական թարգմանիչը եղել է նա, քանի որ վերոնշյալ Ջակոմո Մոնիկոն եղել է բեմադրիչ եւ հազիվ թե տիրապետեր հայերենին: Ամենայն հավանականությամբ, նա եղել է իտալերեն տեքստի վերջնական խմբագիրը, իսկ Լաքքան կատարել է տողացի թարգմանությունը... Դերասան, երգիծանկարիչ, կինոգործիչ, թարգմանիչ Չեզարե Լաքքան ծնվել էր 1888-ին, Տրապիզոնում, իտալացի հոր եւ հայուհի մոր ընտանիքում: 1903-1907 թթ. ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանումՙ Վահրամ Փափազյանի եւ ֆրանսիական թատրոնի ու կինոյի ապագա դերասան Հյուգ դը Բագրատիդի (Մարտիկ Սվաճյան) հետ: Ուսումնառությունն ավարտելուց հետո կարճ ժամանակ հանդես է եկել իտալական թատերախմբերում, ապա տեղափոխվել է Այսրկովկաս: Նրա նախաձեռնությամբ 1907-ին Բաթումում ստեղծվել է հայկական թատերախումբ: Այնուհետեւ Թիֆլիսում հանդես է եկել հայ թատրոնի ներկայացումներումՙ լինելով այնպիսի խոշոր դերասանների խաղընկերը, որպիսիք են Հովհաննես Աբելյանը, Վահրամ Փափազյանը, Հովհաննես Զարիֆյանը եւ Օվի Սեւումյանը: Նրա թատերական դերերից ենՙ քահանա (Շիլլերի «Ավազակներ»), Հայրապետ եւ Նալբանդ Ոսկան (Շիրվանզադեի «Նամուս» եւ «Չար ոգի»), Ժեկկո (Գեի «Տրիլբի»), Քիլոն Քիլոնիդես («Յո երթաս», ըստ Սենկեւիչի համանուն վեպի): Սակայն նա առավելապես հայտնի է եղել որպես կատակերգու: Ժամանակի մամուլում կարդում ենք. «ո՞վ մեր կոմիկներից կարող է տալ այն հիւթալից, ծանրաշարժ եւ ծիծաղաշարժ դէմքերը, որ ստեղծում էր Վրոյրը եւ թեթեւ ու արագաշարժ, որ տալիս էին Աւետեանն ու Լաքան» («Կովկասի լրաբեր», 8.10.1913): Չեզարե Լաքքան երգիծանկարներով հանդես է եկել կովկասահայ մամուլում («Գեղարվեստ», «Հուշարար», «Թատրոն եւ երաժշտություն»), պատկերել արեւելահայ գրեթե բոլոր դերասաններին: Իտալերենից հայերեն է թարգմանել Ռովետտիի «Բարեկամները» թատերախաղը, հայերենից իտալերենՙ Միքայել Մանվելյանի «Հեքիաթը», որը բեմադրվել է 1914-ին, Միլանի «Սոչիետա» Լոմբարդական ընկերության դահլիճում: Իր դպրոցական դասընկերոջՙ Վահրամ Փափազյանի հետ 1917-1919 թվականներին Մոսկվայում եւ Յալթայում Խանժոնկովի ստուդիայում Լաքքան նկարահանվել է մի քանի շարժապատկերում, նաեւ եղել ավելի քան 10 կինոֆիլմի ձեւավորող նկարիչը, այդ թվումՙ Ալեքսանդր Ուրալսկու «Սիրո երկրում» (1915), «Երազանք եւ կյանք» (1918), Բորիս Չայկովսկու «Երջանկության դեկորացիան», «Բանաստեղծը եւ կորուսյալ հոգին» (1918), Օլգա Ռախմանովայի «Ֆաուստ» (1919), «Ճակատագրական ժառանգություն», «Սթիվենսի համանվագը»... 1918-ին Փափազյանն ու Լաքքան որպես իտալացիներ ներկայացել են բեմադրիչ Պերեստիանիինՙ առաջարկելով նկարահանել սիցիլիական կյանքից վերցված «Երդումով կապվածները» ֆիլմը: Նկարահանումների վերջում միայն բեմադրիչն իմացել է, որ սիցիլիական լեգենդն իրականում Շիրվանզադեի «Նամուս» վիպակի անփույթ վերաշարադրանքն է: Պերեստիանիին այդպես էլ պարզ չի եղել այդ միստիֆիկացիայի նպատակը: Իսկ 1919-ին Լաքքան եւ Փափազյանը կյանքի են կոչել «Սա չլինի, նա լինի» արեւելյան թեմայով կինոնկարը... 1920 թվականին Լաքքան ռուսաստանցի շատ տարագիրների պես տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ փորձել է իրականացնել ֆանտաստիկ մի գաղափարՙ հայկական կինոստուդիայի հիմնում: Ցավոք, մանրամասներ պակասում են նրա այս նախաձեռնության վերաբերյալ: Ժամանակի պոլսահայ մամուլում առկա է բանաստեղծ Գեւորգ Կառվարենցի հոդվածը, որտեղ նա գրել է. «Բայց Հայը կարո՞ղ է ունենալ իր սեփական սինէման: Այո՛: Քիչ մը բարեացակամութիւն եւ հետաքրքրութիւն քանի մը ընդասէրներու կողմէ, եւ ահա՛ ժողովրդային խանդավառութիւնը պիտի գայ ամրապնդելու այն գեղեցիկ ձեռնարկըՙ որ այնքան մօտիկ է իր բաղձանքներուն եւ սրտին: Լաքանՙ արուեստին փորձ եւ ժիրաժիր մարդը, պատնէշին վրայ է, ծրագիրն ու դերասաններըՙ կազմ եւ պատրաստ. կը պակսի միայն դրամագլուխը» («Ժողովուրդի ձայնը», 12.10.1920): Ինչպես միշտ, երբեք դրամի պակաս չունեցող հայությունը այս անգամ եւս դրամագլուխ չի հատկացրել ազգային կինոստուդիա ունենալու գործին... Այնուհետեւ Լաքքան իր կնոջ դրդմամբ տեղափոխվել է Փարիզ: Այստեղ նա զբաղվել է հիմնականում թատերական եւ կինոյի ձեւավորումներով ու երգիծանկարչությամբ: Ժամանակի գրեթե բոլոր հայ մտավորականներին եւ արվեստագետներին պատկերող շարժերով աշխատակցել է Փարիզի «Կավռոշ» երգիծաթերթին: Արդեն 1929-ին նա հիշվել է որպես «մեծ արդիսդ մը», որի տաղանդը բարձր են գնահատել ֆրանսիացի կինոբեմադրիչ Աբել Գանսը, ռուս դերասան Իվան Մոզժուխինը: Նա է ձեւավորել Աշո Շահխաթունու «Անդրանիկ» (1928), Աբել Գանսի «Աշխարհի վերջը» (1931) շարժանկարների դեկորները, պայմանագիր կնքել «Դավաճանություն» ֆիլմի համար... Երբեմն որպես դերասան մասնակցել է հայերեն ներկայացումների, 1932-ին եղել է Վահրամ Փափազյանի խաղընկերը Փարիզում ներկայացված «Ուրիել Ակոստայում»... Ըստ Վահրամ Փափազյանիՙ Լաքքան ծանր տարիներ է ապրել իր «չարակամ, դյուրագրիռ» հունգարացի հրեա ատամնաբույժ կնոջ առեւտրական ձեռնարկների պատճառով, եւ ի վերջո Փարիզում վերջինիս համար մի ատամնաբուժական կաբինետ ստեղծելովՙ կարողացել է ազատվել նրանից: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա տեղափոխվել է հոր հայրենիքըՙ Իտալիա: 1950-ի տվյալովՙ Չեզարե Լաքքան նախագծել է ազգային ճարտարապետությամբ հայկական եկեղեցի, որը պետք է կառուցվեր Միլանում: Նրան անձնապես ճանաչած դերասան Արտաշես Գմբեթյանի վկայությամբՙ Լաքքան իտալական կինոյում մեծ համբավի է հասել որպես կինոնկարիչՙ 1950-ականներին աշխատելով Հռոմի Չինեչիտայում: Կա վկայություն, որ որոշ ժամանակ էլ աշխատել է Հոլիվուդում... Իր գրավոր խոսքում չափազանցումների եւ գունազարդման հակված Վահրամ Փափազյանն իր «Հետադարձ հայացք» հուշագրության մեջ գրել է. «Մեռավ խեղճ Լաքքան, ինչպես լսեցի, երբ վերադարձել էի Փարիզից.... Խե՛ղճ, խե՛ղճ Լաքքա: Սա եւս մեկն էր ապարդյուն կորած այն տաղանդներից, որին ծնեց մեր ժողովուրդը եւ որի անժամանակ կործանման պատճառը ժամանակը եղավ» (Վահրամ Փափազյան, Երկեր 5 հատորով, հատոր 2, Երեւան, 1981, էջ 328:): Մինչդեռ այս խոսքերը գրելու ժամանակաշրջանում Լաքքան տակավին ողջ է եղել, եւ հազիվ թե իրավացի է նրան համարել «ապարդյուն կորած տաղանդ»: Հայ-իտալական ծագումով այս դերասան-նկարիչը մահացել է 1959 թվականին, Հռոմումՙ հանրային կյանքից մեկուսացած, լքված վիճակում... Ի դեպ, Յոլանդա Լաքքանՙ Չեզարեի եղբոր եւ նրա ռուս կնոջ դուստրը, ամերիկաբնակ պարուհի-դերասանուհի էր. եղել է «Բալե ռյուս դը Մոնտե Կառլո» խմբի պարուհիներից, որը նաեւ նկարահանվել է կինոյում, 1942-1949 թթ. մասնակցել ինը ֆիլմի, այդ թվումՙ Ժան Նեգուլեսկոյի «Իսպանական ֆիեստան», Ժաք Տուրնյորի «Փառքի օրերը», Արթուր Ռիփլիի «Հետապնդումը»... Նրա յուղանկար պատկերը վրձնել է ռուս հայտնի նկարիչ Կոնստանտին Կորովինը: Չնայած մեկ քառորդ հայկական արյանըՙ Յոլանդա Լաքքան հիշվել է որպես հայրենասեր հայ աղջիկ, որը երբեմն գրվել է Յոլանդա Լաքքա Արմեն եւ մասնակցել է ամերիկահայոց մշակութային կյանքին (ինչպես, սիրող դերասանուհի եւ հանրային գործիչ Վերժինե Մամուլյանի մեծարման երեկոյին)... Վերջում ավելացնենք, որ դերասանի նույնՙ Չեզարե Լաքքա անուն-ազգանունն է կրում 1929-ին Նեապոլում ծնված մի իտալացի դիզայներ եւ ճարտարապետ, հետպատերազմյան իտալական մոդեռնիզմի վառ կերպարներից մեկը: Ցավոք, մեզ հայտնի չէ, եթե նա որեւէ կապ ունի հայ թատրոնի երբեմնի դերասանի ու հայ մամուլի երգիծանկարչի հետ... |