ՌԱԴԱ ԲԻԼԼԵՐ (1930-2019) Ա. Բ. Սեպտեմբերի 11-ին Համբուրգում մահացել է գերմանագիր հայազգի գրող եւ աշխարհագրագետ Ռադա Բիլերը: Նա հուղարկավորվել է Պրահայի հրեական գերեզմանատանըՙ լինելով մոր կողմից հրեա: Նա ծնվել էր Բաքվում, ծննդյան անուն-ազգանունն էր Ռաիսա Չախմախչեւա (Չախմախչյան): 1937-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, Հայրենական պատերազմի տարիներին ապրել են Բաշկիրիայում եւ Ստալինգրադում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տնտեսական աշխարհագրություն է ուսանել Մոսկվայի պետական համալսարանում, այնուհետեւ աշխատել է որպես աշխարհագրագետ եւ տնտեսագետ: Ամուսնացել է հրեա Սեմյոն-Եվսեյ Բիլլերի հետ, որի ծնողները եղել են Բոհեմիայից: Երբ Խրուշչեւն օրենք է հաստատել, ըստ որի արտասահմանում ծնված խորհրդային քաղաքացիները կարող են վերադառնալ իրենց ծննդավայրը, Բիլլեր ընտանիքը տեղափոխվել է նախ Չեխոսլովակիա, իսկ 1970-ինՙ Համբուրգ, որտեղ Սեմյոնն աշխատել է որպես թարգմանիչ, իսկ կինը հետազոտություններ է իրականացրել Համբուրգի համալսարանի արտաքին առեւտրի եւ տնտեսագիտության ինստիտուտում ու հրատարակել մի շարք գիտական մենագրություններՙ Ռաիսա Չախմախչեւա անունով: Արդեն 1960-ականներին նա սկսել է գրել ռուսերեն պատմվածքներ եւ հուշեր, սակայն որպես գրող հայտնի է դարձել 72 տարեկանումՙ «Ձմերուկի կեղեւը» գերմաներեն ինքնակենսագրական վեպով (2003): Հեղինակել է նաեւ «Լինան եւ մյուսները» (2007) եւ «Իմ յոթ անուններն ու ես» (2011) գրքերը: Այսօրվա գերմանական գրականության դեմքերից է նրա որդինՙ Մաքսիմ Բիլլերը (ծն. 1960): Մի հարցազրույցի ժամանակ Ռադա Բիլլերն ասել է, որ ըստ իրենց տոհմի մասին իր զարմիկի գրած գրքիՙ «իմ հայ նախնիների մեջ արդեն երեք հարյուր տարի առաջ եղել են բանաստեղծներ»: Ցավոք, նա չի մանրամասնել, թե ուշ միջնադարի հայ բանաստեղծներից ո՛ր մեկի շառավիղն է ինքը... |