ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ ՓԱՐԻԶՈՒՄ Ա. Բ. Հայազգի ֆրանսիական դերասանուհի եւ գրող Աննի Ռոմանի նախաձեռնությամբ նոյեմբերի 29-ին, Փարիզի 14-րդ շրջանի քաղաքապետարանում կայացել է «Հայերեն` մի յուրահատուկ լեզվի եւ այբուբենի հայտնաբերումը» վերնագրով երեկոն: Պատմաբան Դանիել Մկրտչյանը հանդես է եկել «Հայոց լեզվի, նրա ծագման, պատմության եւ այբուբենի ներկայացումը» բանախոսությամբ եւ ընթերցել է Վահան Տերյանի բանաստեղծությունները հայերեն, իսկ դրանց ֆրանսերեն թարգմանությունները կարդացել է Աննի Ռոմանը: Աննի Ռոմանը 1970-ականներից հաջողությամբ աշխատում է թատրոնում, կինոյում եւ հատկապես հեռատեսիլում: Նկարահանվել է կինոյի եւ հեռատեսիլի 78 ֆիլմում, աշխատել ֆրանսիացի այնպիսի հանրահայտ բեմադրիչների հետ, որպիսիք են Ժան-Լյուկ Գոդարը, Կլոդ Լելուշը, Իվ Բուասեն, Ժան-Ժաք Բենեքսը, Ժաք Ռընարը: Որպես արտադրիչ հանդես է եկել չորս ֆիլմով: 2015-ին հրատարակել է «Հայաստանցի տատիկս» գիրքը, որը թարգմանաբար լույս է տեսել նաեւ հայերեն եւ շվեդերեն: 2017-ին այցելել է Հայաստան: |