«ՄԻՆՉ ՀԱՅ ՍՊԱՆ ԿՌՎՈՒՄ ԷՐ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ, ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՍՊԱՆՈՒՄ ԷԻՆ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻՆՙ ՀՈՐԸ, ՄՈՐԸ ԵՎ ԵՂԲՈՐԸ» Հ. ՉԱՔՐՅԱՆ «Ազգի» էջերում ժամանակ առ ժամանակ անդրադառնում ենք թուրք հրոսակի հայատյացության դրսեւորումներին: Ինչ վերաբերում է թուրք քաղաքական գործիչներին, ապա սրանց մասին էլ գրել էինք, որ ոչնչով չեն տարբերվում փողոցային խուժանից, երբ խոսքը վերաբերում է հայերին ու Հայաստանին: Պարզվում է, դիվանագետներն էլ նմանվում են փողոցային խուժանից չտարբերվող գործչին: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Կանադայում Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալիին, առանց իհարկե մոռանալու, որ ամեն մի դեսպան իրողությունը նենգափոխելիս, միջազգային հանրությանն ապակողմնորոշելու համար սեփական կեղծիքը մասայականացնելիս ելնում է այն պետության որդեգրած քաղաքականությունից, որի շահերն ի պաշտոնե ինքը ներկայացնում է: Մեծարգո դեսպան Բաբալին նենգափոխության, կեղծիքի եւ ապակողմնորոշման Թուրքիայի նկրտումների մարմնացումն է դարձել: Դրա վկայությունը կիսապաշտոնական «Անադոլու» գործակալության մարտի 17-ի հաղորդագրությունն է: Ըստ հաղորդագրության, թուրք դեսպանը Կանադայում հրատարակվող թերթերից մեկին հայտարարել է. «Թուրքիան իր դռները բացեց նաեւ Սիրիայի հայ փախստականների առջեւ: Նրանցից ոմանք արդեն տեղափոխվել են փախստականների ճամբարներ, մյուսներն էլ շրջակայքում բնակվող հարազատների տներում են»: Դրան նույն թերթի ընթերցողի սյունակում արձագանքել է Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը: Թուրքական գործակալությունը շրջանցում է վերջինիս արձագանքի բովանդակությունը եւ բավարարվում նշելով, որ նամակում Հայաստանի դեսպանը սկսած Հայոց ցեղասպանությունից հանդես է բերել հակաթուրքական դրսեւորումներ: Նախ ասենք, որ սիրիացի փախստականների ճամբարները տեղակայված են Թուրքիայի սիրիական սահմանի երկայնքով, որի շրջակայքում ոչ մի հայ չկա, ինչպես եւ ճամբարներում: Հետեւաբար սիրիացի հայերը չեն կարող, եթե անգամ անցնեն սահմանը, տեղավորվել ճամբարի շրջանում բնակվող հարազատների մոտ: Համենայն դեպս, թուրք դեսպանը պատասխանի իրավունքով նոր հայտարարություն է արել այդ թերթին եւ ընդգծել է, որ հիասթափված է Հայաստանի դեսպանի նախահարձակ արտահայտություններից: Ահա թե ինչ է ասել. «Մենք, զբաղեցրած պաշտոնի հրամայականով, պարտավոր ենք հարթել երկու երկրների կառավարությունների միջեւ առկա խնդիրները եւ գլխավորըՙ մերձեցնել երկու ժողովուրդներին այնպես, որ նրանք չդառնան մեկ բառի առաջացրած շրջապտույտի գերին: Կարիք չկա ջուր լցնելու արդեն բավականաչափ լցված ատելության ավազանը: Հոգնեցուցիչ են այս հայտնի եւ ամուլ բանավեճերը: Հայաստանի մեծարգո դեսպանը ամենեւին հաշվի չի առնում հայ հրոսակների ձեռքով սպանված թուրքերին, որոնցից 300 հազարը սպանվել են միայն Բիթլիսում եւ Վանում»: Պատասխան նամակում Թունջայ Բաբալին միաժամանակ հիշեցրել է «թշնամու բանակների հետ Անատոլիայի հայերի համագործակցության» մասին, «ազնիվ եւ բաց երկխոսության» կոչ է արել մեր դեսպանին, թե ինքը ունի դրա հանդգնությունը: Ապա ավելացրել է. «1915-ը միաժամանակ Դարդանելի կռիվների տարեթիվն է: Այդ կռիվների ընթացքում 250 հազար զոհ ենք տվել, ընդ որում մեր երկրի ուսյալ երիտասարդներին, որոնց մեջ կային նաեւ օսմանյան բանակում ծառայող հայեր»: Կանադայում Թուրքիայի դեսպանի հանդգնության մտավարժանքներով համեմված շատ ազնիվ եւ թափանցիկ երկխոսության կոչը ցույց է տալիս, որ արժանի պատասխան է ստացել Արմեն Եգանյանից: Գալով օսմանյան բանակում ծառայող հայերին, նրանք հիրավի կռվել են: Բայց ինչպե՞ս: Այդ հարցին մարտի 15-ի համարում պատասխանել է թուրքական «Սաբահ» թերթը «Հիշո՞ւմ եք Թորոսյանին» վերնագրով հոդվածում: «Սաբահն» ընդգծում է. «Օսմանյան բանակում գերակշռողը անշուշտ թուրքական տարրերն էին: Բայց դա կայսերական բանակ էր: Այդ փաստը թաքցնում ենՙ ցույց տալու համար, թե իբր բանակը «մաքուր թուրքերից» էր կազմավորված: Որովհետեւ հակառակ պարագայում ուշադիր ընթերցողը կհարցնի. «Ինչո՞ւ հանրապետական Թուրքիայի բանակում չկան հայ սպաներ»: Իրականությունը հետեւյալն է. երբ հայ սպան Դարդանելի ռազմաճակատում կռվում էր, որ պաշտպանի Օսմանյան կայսրութունը, թիկունքում սպանում էին նրա ընտանիքինՙ հորը, մորը եղբորը»: |