«ԻՐԱՑՄԱՆ ՎԱՅԵԼՔ», «ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԱՅԵԼՔ», «ԳՆԵԼՈՒ ՎԱՅԵԼՔ» Հ. Ա. «Հոնդա Մոտորը» Հայաստանում է Ճապոնացի Մանաբու Նիշիմայեն առաջին անգամ է Հայաստանում, իր իսկ խոսքերովՙ նա հիացած է մեր երկրի պատմամշակութային հուշարձաններով, գեղեցիկ լանդշտաֆտով եւ կենսախինդ, բարի ու խելացի մարդկանցով: Պրն Նիշիմայեն աշխարհի խոշորագույններիցՙ «Հոնդա Մոտոր» ավտոարտադրող ընկերության «Հոնդա Մոտոր Եվրոպայի» նախագահն է: 2012-ի արդյունքներով բրիտանական ավտոապահովագրողները հենց «Հոնդա Մոտորի» արտադրության մեքենաներն են ճանաչել ամենահուսալիները: Երեկ մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղիում տեղի ունեցավ Հայաստանում «Հոնդա Մոտոր» ընկերության պաշտոնական ներկայացուցչության բացման արարողությունը: Դեռեւս 2012-ին «Գրանդ Հոլդինիգի» մաս կազմող «Գրանդ Մոտորի» ու «Հոնդա Մոտորի» միջեւ ստորագրվել էր համաձայնագիրՙ Հայաստանում «Հոնդա Մոտորի» ներկայացուցչություն բացելու մասին: Այժմ 7 հազար քմ տարածք զբաղեցնող «Գրանդ Մոտորը» ապահովում է 60 աշխատատեղ, ընկերությունում 7 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել «Գրանդ Հոլդինգը»: «Գրանդ Մոտոր» ընկերության տնօրենն է Արա Նռանյանը: «Դուք գիտեք, թե որքան բծախնդրորեն է ընտրում իր գործընկերներին «Հոնդա Մոտոր» ընկերությունը,- բացման արարողության ժամանակ ասաց Արա Նռանյանը,- բանակցությունները երկար տեւեցին, եւ մենք շատ ուրախ ենք, որ այսօր Հայաստանի գնորդին կարող ենք առաջարկել ամենաբարձր մակարդակի մեքենաՙ հենց մեր կենտրոնից»: Նռանյանը հավելեց, որ սեպտեմբերից իրենք կներմուծեն ծրագիր, որով հին «Հոնդա» մակնիշի մեքենաների սեփականատերերը կարող ենք իրենց մեքենաները փոխանակել նոր «Հոնդա» մակնիշի մեքենաներով: «Մենք աշխատում ենք մի շարք բանկերի հետ նաեւ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանում «Հոնդան» կլինի շատ ավելի էժան, քան կարող է լինել», ասաց Նռանյանը: Իր հերթին Մանաբու Նիշիմայեն նշեց. «Անցյալ տարի մենք վաճառել ենք 4 մլն մեքենա, 2017-ին նախատեսում ենք վաճառել 6 մլն մեքենա, ու մենք ուշադրություն ենք դարձնում զարգացող երկրների նոր շուկաներին: Իհարկե, Հայաստանի շուկան փոքր է, բայց մենք ակնկալում ենք, որ կաճի: Մենք երկար էինք փնտրում գործընկեր-դիստրիբյուտորի եւ մենք գտանք «Գրանդ-Մոտորին». ինչպես եւ «Հոնդան», այնպես էլ «Գրանդ Մոտորը» շատ կարեւորում են գնորդին բավարարելու գործընթացը: Մենք այս առումով նույն գործելակերպն ու փիլիսոփայությունն ունենք»: Առհասարակ, պրն Նիշիմայեն ընդգծեց «Հոնդա Մոտորի» փիլիսոփայությունը. «Իրացման վայելք, գնելու վայելք, ստեղծելու վայելք». «Հուսով եմ, որ հայ գնորդները կգնահատեն մեր մեքենաները վարելու հաճույքն, ինչպես նաեւ վառելիքի խնայողությունը», ասաց պրն Նիշիմայեն: Այս պահին Հայաստանում «Գրանդ Մոտորը» ներկայացնում է «Հոնդա Մոտորի» Accord, Civic, Jazz, CR-V, Pilot մոդելները: Բացի ավտոմեքենաների վաճառքից, ներկայացնում է նաեւ հետեւյալ ծառայություններըՙ երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում, օրիգինալ յուղերի եւ քսահեղուկների վաճառք, օրիգինալ պահեստամասերի վաճառք: Նոր ավտոսրահի բացման արարոությանը ներկա էին նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Վարդանյան ընտանիքի անդամները, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք: |