ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ԺՆԵՎԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ C-300-ների առաջին խմբաքանակը Սիրիայում Սիրիական ընդդիմության գլխավոր կազմակերպությունըՙ Ազգային կոալիցիան, հրապարակել է Ժնեւում սիրիական հակամարտության հարցերին նվիրված հունիսյան կոնֆերանսին իր մասնակցության պայմանները: Ընդդիմադիրները պահանջում են, որ կոնֆերանսում որոշվեն Սիրիայի հակամարտության ավարտման եւ նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողության ժամկետները: Ազգային կոալիցիայի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ կազմակերպությունը ողջունում է հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը: Ընդդիմադիրները զինված բախումների ավարտման գլխավոր պայման են համարում Ասադի, ինչպես նաեւ զինվորական հրամանատարության եւ անվտանգության ուժերի վերնախավի հրաժարականը: Ռոյթեր գործակալությունը նշում է, որ կոալիցիայի հայտարարությունն արվել է ներքին տարաձայնությունների պայմաններում: Ներկայումս կազմակերպության մեջ մտնող 60 անդամները ներկայացնում են սիրիական ընդդիմության առավելապես իսլամիստական թեւը: Արեւմուտքի երկրների պահանջով կոալիցիայի ընդլայնմանը եւ ազատական շարժումների ներգրավմանը ուղղված բանակցությունները առայժմ արդյունք չեն տալիս: Նախագահ Բաշար Ասադի վարչակազմը մայիսի 30-ին արձագանքել է ընդդիմության հայտարարությանը: Արտգործնախարար Վալիդ Մուալլեմը նշել է, որ Բաշար Ասադը կպաշտոնավարի մինչեւ սահմանված ժամկետի ավարտը. նախագահական լիազորություններն ավարտվում են 2014-ին: Ժնեւի հաշտության կոնֆերանսը նախապատրաստում են Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը: Պաշտոնական Դամասկոսը պատրաստակամություն է հայտնել դրան մասնակցելու առանց նախապայմանների: Ինչ վերաբերում է մի քանի տարի առաջ կնքված ռուս-սիրիական ռազմական գործարքին, նախագահ Ասադը լիբանանցի շիա արմատականներին «Հզբոլլահ» խմբավորմանը պատկանող «Ալ Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ռուսական C-300 հակաօդային համալիրների առաջին խմբաքանակն արդեն հասցվել է Սիրիա: Ասադի հարցազրույցը հեռուստաեթերում ցուցադրվել է մայիսի 30-ին: Նախագահի խոսքերով, մոտ ժամանակներս C-300-ների առաքումները պետք է ավարտվեն: Ասադն ավելացրել էր, որ Սիրիայի բանակը պատրաստ է պայքարել ներքին եւ արտաքին սպառնալիքների դեմ եւ մասնավորապես հետ մղել օդային գրոհները: Ավելի վաղՙ մայիսի 28-ին, Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել էր, որ Սիրիայի համար նախատեսված C-300-ները դեռ Ռուսաստանի տարածքում են: |