«ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՒԼԻՍՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ»ՙ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԼՈՆԴՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Հ. Ծ. Մեծ եղեռնի հարյուրամյակի տարելիցին ընդառաջ կազմակերպված միջոցառումների շրջանակներում հունիսի 4-ին Լոնդոնի համալսարանում կկայանա դոկտ. Դեյվիդ Գոնտի դասախոսությունը «Ասորիներ, սիրիացիներ, քրդեր եւ թուրքեր: Ողբերգություն հայերի ցեղասպանության կուլիսների հետեւում» թեմայով: Նախաձեռնողներն են «Գալուստ Գյուլբենկյան» հաստատության օժանդակությամբ Լոնդոնի համալսարանում վերջերս ստեղծված Հայկական ուսումնասիրությունների ծրագիրը (հիմնադիր-տնօրեն Գրիգոր Մոսկոֆյան) եւ «SOAS-ում Հայաստանի բարեկամները» կազմակերպությունը: Առաջին աշխարհամարտի օրերին քրիստոնեական շատ խմբավորումներ կոտորվեցին, էթնիկական զտումների եւ ցեղասպանության ենթարկվեցին: Նրանց մեծ մասը ապրում էր Արեւելյան Անատոլիայում եւ Հյուսիսային Միջագետքում: Կոտորածներին զոհ գնաց մոտ 250 հազար հոգի: Ուսումնասիրությունները քիչ են այս մասին, բայց ասորիները հիշում են եւ 1915 թվականը անվանում «Սեյֆո», այսինքնՙ «յաթաղանի տարի»: Նրանք ամեն տարի աշխարհով մեկ հիշատակում են փետրվարյան այդ իրադարձությունը եւ «Սեյֆոյին» տալիս ցեղասպանության նշանակություն: Դոկտ. Դեյվիդ Գոնտը Սոդերտորն համալսարանի (Ստոկհոլմ) Բալթիկայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի պատմության դասախոս է եւ անդամ Եվրոպական ակադեմիայի: Բազմաթիվ հոդվածներ է ստորագրել Օսմանյան կայսրությունում ասորիների ճակատագրի մասին: |