ՄԵԾ ԵՎՐՈՊԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ ԴՐԱ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու «Մեծ Եվրոպա՞: Օ, ո՜չ: Եվրոպայում այդ մասին քաղաքական մարդիկ չեն ուզում խոսել»,- ասաց ինձ հետ զրույցի ժամանակ մի ճանաչված եվրոպացի քաղաքական գործիչ երկու շաբաթ առաջ: «Բայց չէ՞ որ Մեծ Եվրոպայի գաղափարը ծնվել է Արեւմտյան Եվրոպայում եւ այսօր ունի շատ կրողներ եվրասիական տարածքում»,- հարցրի ես: «Այո՛, որպես գաղափար գոյության իրավունք ունի»,- հաստատեց զրուցակիցս: Վերջին ամիսներին Հայաստանում աշխուժացած ինտեգրացիոն հեռանկարներին վերաբերող քննարկումները ստեղծել են մի ուշագրավ վիճակ, երբ կարծես, փափկել եւ ավելի զուսպ են դառնում Եվրոպական միությունից եւ Ռուսաստանից լսվող ձայներըՙ կապված Հայաստանի ինտեգրման հեռանկարների հետ: Փորձենք համադրել այդ բոլոր դատողությունները եւ վերլուծել այն իրավիճակը, որը ձեւավորվել է մեր իրականության մեջ վերջին ամիսների հասարակական քննարկումների արդյունքում: Որ այս թեման սկսել է իսկապես արդիական դառնալ, վկայում են տարաբնույթ հարցազրույցներն ու վերլուծականները, որոնք վերջին ամիսների ընթացքում անհամեմատ նույնպես շատացել են: Հայաստանի ընտրության իրավունքը Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ եվրոպական ինտեգրման գործընթացից Հայաստանն ակնկալում է մեր երկրի քաղաքական, տնտեսական, ֆինանսական, հասարակական եւ այլ ենթակառուցվածքների բարեփոխում եվրոպական չափանիշների համաձայն: Մենք ակնկալում ենք տնտեսական հարաբերությունների զարգացում Եվրոպական միության հետ, ֆինանսների, ծառայությունների եւ գաղափարների ազատ տեղաշարժի ոգով, ինչպես նաեւ վիզային ռեժիմի որոշակի դյուրացում, որն ինքնին դեռեւս վճռական գործոն չէ, բայց մյուս բաղադրիչների հետ որակական փոփոխությունների հնարավորություն կարող է ստեղծել: Վիլնյուսում այս տարվա նոյեմբերին կգումարվի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը, որտեղ հնարավոր է, որ Հայաստանը նախաստորագրի ասոցացման փաստաթուղթն` առնչվող Ազատ եւ համապարփակ առեւտրի գոտի ստեղծելու մասին: Մի քանի ամիս առաջ Եվրոմիությունն ու նրա երկրները ներկայացնող տարբեր գործիչներ ասում էին, որ Հայաստանը կանգնած է ընտրության առջեւ, եւ ինքը պետք է ընտրություն կատարիՙ ում հետ շարունակել խորացնել հարաբերություններըՙ Եվրոմիությա՞ն, թե՞ Մաքսային միության: Հայաստանում ծավալված քաղաքական, քաղաքագիտական եւ փորձագիտական (այդ թվումՙ տնտեսագիտական) քննարկումներից տեսակետների դաշտը բավական պարզվել էր, եւ մեզանում կարողացել են հիմնավորել մեր աշխարհաքաղաքական կարգավիճակից թելադրված այն մոտեցումը, որ Հայաստանն իրականում չի կարող հակադրել միմյանց ինտեգրման երկու ուղղությունները, որովհետեւ բազմաթիվ պատճառներով այդ հակադրությունը նույնիսկ ոչ թե մարտահրավեր, այլ ուղղակի սպառնալիք է մեր անվտանգության համար: Հասկանալի պատճառներով այս մոտեցումը, որն անդուլ կրկնում են մեր պաշտոնյաներն ու փորձագետները ամենատարբեր մակարդակներով, կարծես հասանելի եւ ընդունելի է սկսում դառնալ մեր քաղաքական գործընկերների համար: Հատկանշական է, որ Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան վերջերս, գուցե նաեւ իրեն շտկելով, ասաց. «Եվրոմիությունը չի դիտարկում Հայաստանի անդամակցությունը Եվրոմիությանը կամ Եվրասիական միությանը որպես միմյանց մրցակցություն»: Մյուս կողմից, նախորդ շաբաթվա ընթացքում լայնորեն լուսաբանվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայայի տեսակետը, որտեղ պարզ ասվում էր, որ Մաքսային միությունը դիտարկվում է որպես տնտեսական միջազգային կազմակերպություն, որն իր առջեւ քաղաքական խնդիրներ չի դնում, որովհետեւ դրա համար գոյություն ունեն միջազգային այլ ատյաններ, սկսած ՄԱԿ-ից: Նրա կարծիքով չկա հակասություն այն տարբեր երկրների համար, որոնք ուզում են խորացնել տնտեսական ինտեգրացիոն գործընթացները թե՛ Մաքսային միության, թե՛ այլ տնտեսական միջազգային կառույցների շրջանակներում: Անշուշտ, տիկին Վալովայան ներկայացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եւ դրա համար էլ լիազորված չէր տալու քաղաքական գնահատականներ: Սակայն այն պարզ տեսլականը, որ գալիք աշխարհը ոչ թե 200 պետություն-տնտեսական միավորների հարաբերությունների, այլ մոտ 20 վերազգային տնտեսական միավորների միջեւ հարաբերություններ են, պարզ խոսում է այն մասին, որ վերջին ամիսների ընթացքում կառավարչական ատյաններին է հասել աշխարհի առաջատար քաղաքագետների այն տեսական եզրակացությունը, որ բազմաբեւեռ աշխարհը թելադրում է գլոբալ մի քանի տնտեսաքաղաքական միավորումների պայքար-համագործակցություն, որոնցից մեկը կարող է լինել հետխորհրդային տարածքի վրա ձեւավորվող ապագա Եվրասիական միությունը: Մեր խնդրանքով մի քանի հարգված տնտեսագետներ եւ քաղաքագետներ անցած երկու շաբաթների ընթացքում ուշադրությամբ ուսումնասիրեցին այն բաց փաստաթղթերը, որոնց համաձայն ընթանում է Հայաստանի եվրոպական ինտեգրումը: Նրանք միաձայն հաստատում են, որ ասոցացման համաձայնագրում ոչ մի բառ չկա այլ միությունների հետ ինտեգրումը արգելելու կամ բացառելու մասին: Այսպիսով, հարկ է, որ այս ճշմարտությունը տարբեր ատյաններում ներկայացվի այնպես եւ այնքան, որ բոլոր մակարդակների զրուցակիցներին հասնի այն պարզ ճշմարտությունը, որ եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակցելու եւ եվրոպական ինտեգրումը զարգացնելու միջեւ հակասություն փնտրելը Հայաստանի համար կարող է կործանարար հետեւանքներ ունենալ: Սա վստահ ասում եմՙ ցանկանալով, որ Հայաստանի բոլոր ուղղությունների զրուցակիցները իսկապես մտնեն մեր երկրի դրության մեջ, որը գտնվում է մասնակի շրջափակման եւ աշխարհաքաղաքական արտակարգ աննպաստ պայմաններում: Համոզված եմ, որ համագործակցված աշխատանքի դեպքում կարելի կլինի եւ պետք է ստանալ հավաստիացումներ Եվրոպական միության բոլոր մակարդակների պետական պաշտոնյաներից նման հակասությունը բացառելու վերաբերյալ: Իսկ եթե նման հավաստիացումները ուշանան, ապա պետք է դանդաղեցնել նաեւ քաղաքական համապատասխան գործընթացները: Արեւելյան գործընկերները Եվրոմիության եւ Ռուսաստանի միջեւ Մինչեւ վերջերս մենք խոսում էինք այն մասին, որ Ուկրաինայի եւ Հայաստանի կարգավիճակները իրար բավական նման են, որովհետեւ երկուսն էլ փորձում են ամեն մեկը յուրովի համադրել եվրոպական ինտեգրումը եվրասիական ինտեգրմանը, փորձելով չփչացնել հարաբերությունները ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ: Եվրոպական միության հայտնի տնտեսական դժվարությունները շատ մեծացրել են եվրոհոռետեսների բանակը: Վաշինգտոնի Փյուիի անվան հետազոտական կենտրոնի վերջերս արած հետազոտության համաձայնՙ եվրոպացիների մեծ մասը կարծում է, որ եվրոպական ինտեգրման գաղափարը վարկաբեկված է: Ընդ որում, Եվրոպական միությունից ամենագոհը գերմանացիներն են, իսկ ամենադժգոհըՙ ֆրանսիացիները: Բոլոր եվրոպացիները կարեւորագույն մարտահրավեր են համարում գործազրկությունը, իսկ գերմանացիներըՙ նաեւ տարբերությունների մեծացումը հարուստների եւ աղքատների միջեւ: Այս պայմաններում Եվրոպական միության էական ընդլայնման մասին, անշուշտ, խոսք լինել չի կարող: Տարբեր աղբյուրներից տեղեկություններ են հասնում նաեւ այն մասին, որ Եվրոմիությունը չի պատրաստվում էական վարկեր կամ դրամաշնորհներ հատկացնել հարեւաններին տնտեսական դժվարությունների պատճառաբանությամբ: Մյուս կողմիցՙ տեղեկություններ են հասնում, որ եվրոպաշտոնյաները գտնում են, որ Մոլդովան չի կատարում Արեւելյան գործընկերությամբ ստանձնած իր պարտավորությունները: Եվ ընդհակառակը, մոլդովացիների ճնշող մեծամասնությունը սկսել է դրական արտահայտվել Մաքսային միության վերաբերյալ եւ չի նշել ոչ մի բացասական հետեւանք այդ ճանապարհով գնալու դեպքում: Մեր եւ Ուկրաինայի պարագայում սկսել է գծագրվել մի էական տարբերություն, որը մեր օգտին է հետեւյալ իմաստով: Ուկրաինան մեծ պետություն է շատ մեծ շուկայով: Նրա հարկային եւ մաքսային ռեգլամենտները ուղղակիորեն կարող են ազդեցություն ունենալ տարածաշրջանային, տնտեսական եւ քաղաքական միավորումների համար: Հայաստանը փոքր երկիր է, անհամեմատ ավելի համեստ մասշտաբներով, եւ եթե մեր տարածաշրջանում քաղաքական էական փոփոխություններ չլինեն (օրինակՙ բացվի հայ-թուրքական սահմանը կամ առաջընթաց նշմարվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ, կամ վերագործարկվի Աբխազական երկաթուղին եւ այլն), ապա դժվար թե Հայաստանի մասնակցությունից էական բան կախված լինի մաքսային կամ հարկային ռեգիոնալ վարչարարության տեսանկյունից: Ահա սա այն դեպքն է, որ եթե նույնիսկ Ուկրաինային իսկապես դնեն երկընտրանքի առջեւ, լինել Եվրոպական միության հետ, թե դառնալ Եվրասիական միության անդամ, տեսանելի հեռանկարում նման կոշտ երկընտրանքի առջեւ Հայաստանին կանգնեցնելը ուղղակի անտեղի դաժանություն է: Ուշադրությամբ հետեւելով Վրաստանում ընթացող գործընթացներին, մենք տեսնում ենք, որ շատ դանդաղ եւ զգուշորեն, բայց Վրաստանը եւս շարժվում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները կարգավորելու ճանապարհով: Գիտականորեն հիմնավորված եւ կասկածից վեր է, որ Հարավային Կովկասի վերջին քսանամյակի անվտանգության ճարտարապետությունը խարսխված է ԱՄՆ-ի, Եվրոմիության եւ Ռուսաստանյան Դաշնության համագործակցային- մրցակցային պատասխանատվության վրա: Այսպիսով, եթե այս ճարտարապետությունը պետք է փոխվի, ապա հարկ կլինի փոխել նաեւ տարածաշրջանի բոլոր պետությունների քաղաքական հասկացությունների բառապաշարը: Գործնական եզրակացություններ ընթացիկ փուլի վերաբերյալ Քանի որ տեսնում ենք, որ Եվրոմիության եւ Մաքսային միության հետ մեր երկրի հարաբերությունները զարգացնելու հարցում կամաց-կամաց ձեւավորվում է փոխըմբռնման դաշտ եւ մեր անելիքը որոշելու համար ստանում ենք ազատ ժամանակ, հարկ է շարունակել համախոհների եւ բարեկամների փնտրտուքը թե՛ Մոսկվայում եւ թե՛ Բրյուսելում: Քաղաքական մակարդակում անհրաժեշտ է, որ եվրոպաշտոնյաները մտնեն Հայաստանի դրության մեջ եւ ականջալուր լինեն մեր դժվարություններին: Նույնը վերաբերում է մեր ռազմաքաղաքական դաշնակիցներին հետխորհրդային տարածքում: Ավելի լավ է ընթանալ մի փոքր դանդաղ, սակայն առանց վարանելու եւ առանց թույլ տալու, որ մեր դաշնակիցները կամ մեր գործընկերները մեզանից երես թեքեն: Նախնական տեղեկություններ կան, որ 2014 թ. Ռուսաստանի Դաշնութունը եւ Եվրոմիությունը մի մեծ համաձայնագիր կարող են ստորագրել համագործակցության նոր մակարդակի վերաբերյալ: Եթե նույնիսկ սա այն Մեծ Եվրոպան չէ, որը պետք է ծավալվի Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ եւ որը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական տեսլականն է, ապա այս մանր քայլերը կամաց-կամաց առաջ են մղում այդ մեծ գաղափարը: Մեր քաղաքական դաշտում մենք մի մեծ կոնսենսուսի արդեն հասել ենք: Մենք հասկանում ենք, որ Մաքսային միության հետ համագործակցությունը, հավասարապես նաեւ Եվրոպական միության հետ ինտեգրման գործընթացները շարունակելը չեն կարող առաջացնել տարբեր կողմնորոշումների կողմնակիցների միջեւ առճակատում եւ այս խնդիրների լուծումը ընկած է բացառապես տնտեսական շահերի տիրույթում: Ուրեմն, շարունակելով մեր բաց եւ բարյացակամ, մեր ռազմաքաղաքկան դաշնակիցների եւ գործընկերների հետ համագործակցային հարաբերությունները, մենք պետք է մեզ համար, մեր տնտեսագետների ջանքերով, իրարից անկախ, առնվազն մի քանի մասնագիտական եզրակացություններ ունենանք, որոնք կհամոզեն թե՛ մեր հասարակությանը եւ թե՛ արտաքին աշխարհին: |