ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԻՐԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈ՞ՒՄ Է ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Այսօր Ադրբեջանի Միլլի մեջլիսը քննության կառնի երկու օրենսդրական փոփոխություններ, որ վերաբերում են էքս-նախագահին: Առաջին փոփոխությամբ արգելվում է, որ դատարանները էքս-նախագահի եւ նրա տիկնոջ դեմ քաղաքացիական հայց քննության առնի, եթե դա կվերաբերի պետության կողմից տրվող թոշակից կամ սոցիալական արտոնություններից ֆինանսական փոխհատուցումներ վճարելուն: Ադրբեջանական օրենսդրությունն այսպիսով էքս-նախագահին եւ նրա կնոջը տրվող պետական թոշակն ու սոցիալական արտոնությունները դարձնում է անձեռնմխելի նույնիսկ այն դեպքում, եթե պետության նախկին ղեկավարը որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ հարաբերություններում կատարել է քայլեր, որոնց հետեւանքով վերջիններս նյութական կամ բարոյական վնաս են կրել եւ կարող են փոխհատուցման քաղաքացիական հայցով դիմել դատարան: Երկրորդ օրենսդրական փոփոխությունը վերաբերում է էքս-նախագահին եւ նրա կնոջը ցմահ դիվանագիտական անձնագիր տրամադրելուն: Պետք է նկատել, որ անցյալ տարի ընդունված «Նախկին նախագահի մասին» օրենքում այս դրույթներն ամրագրված են ընդհանուր ձեւակերպումներով: Ինչպես հայտնի է, Ադրբեջանում էքս-նախագահի կարգավիճակ տրվել է Այազ Մութալիբովին, իսկ նախկին նախագահի կնոջ համար սահմանված արտոնություններից օգտվում է ե՛ւ Մութալիբովի, ե՛ւ Էլչիբեյի կինը: Վերջինս պարբերաբար խնդիրներ է ունենում Բաքվի քաղաքային իշխանությունների հետ` կոմունալ վճարումների պատճառով: Այդ մասին վերջերս մամուլին ահազանգել էր Էլչիբեյի որդին: Այնպես որ, եթե օրենքն ընդունվի, ապա էքս-նախագահի այրին կարող է որոշակիորեն ապահովագրված զգալ, որ կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները դատարան դիմելու դեպքում չեն կարող պետական նպաստի վրա արգելանք դնելու եւ այդ կերպ գազի կամ էլեկտրաէներգիայի դիմաց կուտակված պարտքերը փոխհատուցելու պահանջ ներկայացնել: Այդուհանդերձ, հազիվ թե օրենսդրական փոփոխություններ արվում են հանուն Մութալիբովի կամ Էլչիբեյի այրու: Մանավանդ այն մասով, որ վերաբերում է նախկին նախագահին եւ նրա կնոջը ցմահ դիվանագիտական անձնագիր տրամադրելուն: Վերջին շրջանում ավելի ու ավելի համառորեն է խոսվում Ադրբեջանում «պետական հեղաշրջում իրականացնելու հավանականության» մասին: Որոշ աղբյուրներ չեն բացառում, որ Իլհամ Ալիեւը երրորդ ժամկետով չառաջադրվի նախագահի թեկնածու` տեղը զիջելով Մեհրիբան Ալիեւային: Ոչինչ բացառելի չէ, ուստի հավանական է, որ օրենսդրական հատկապես երկրորդ փոփոխությունը կատարվում է, որպեսզի ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակում Իլհամ Ալիեւը ցմահ օժտված լինի դիվանագիտական անձնագրով: |