RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#101, 2013-06-18 > #102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #103, 20-06-2013



Տեղադրվել է` 2013-06-19 22:56:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 1549, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ԱՐՏԱԳԱՂԹ` ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արտագաղթի մասին խոսելը դարձել է մոդայիկ` մի մասը ի պաշտոնե, մյուսները` քաղաքական շահերից դրդված, երրորդները` այն դիտարկելով որպես անսպառ թեմա հրապարակում երեւալու համար, չորրորդները` մի տեսակ հաճույքով ստանալով` իմանալով կամ չիմանալով, թե այդ հաճույքը ինչ ուրախությամբ են կիսում հարեւան Ադրբեջանում: Մի խոսքով, ով չի ալարում, խոսում է այդ ցավալի, մեր երկիրը մաշող երեւույթի մասին, եւ ավելի ցավալին այն է, որ գերակշիռ մասը չի գիտակցում այդ երեւույթի վտանգը մեր երկրի համար, չի ցանկանում անգամ խորամուխ լինել դրա իրական պատճառների մեջ: Արտագաղթի մասին խոսելը դարձել է բացառապես կառավարությանը «վրաերթելու» ձեւ: Իրականում ամեն ինչ այդքան պազունակ չէ, որքան մտածում են նույնքան էլ պարզունակ ուղեղ ունեցողները:

Իհարկե, զավեշտալի է, երբ արտագաղթի մասին խոսում են, ասենքՙ Հրանտ Բագրատյանը կամ Լեւոն Զուրաբյանը` 4-5 տարվա ընթացքում 700 հազարից 1 մլն հայերի արտագաղթի պատճառ դարձած 90-ականների իշխանության ներկայացուցիչները: Վատ հիշողություն ունեցողներին հիշեցնենք Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի Հանրապետության ռեսուրսները կարող են միայն 2 մլն մարդու ապահովել: Կարծում ենք, ամեն ինչ առավել քան խոսուն է: Սակայն դա մի կողմ թողնենք: Թողնենք մի կողմ նաեւ այն ճշմարտությունը, որ առաջին պատասխանատուն երկրում տեղի ունեցած ինչպես դրական, այնպես էլ բացասական իրողությունների, այդ թվումՙ արտագաղթի, կառավարությունն է: Փորձնեք վեր հանել այս երեւույթի ավելի խորքային պատճառները մեզանում:

Իսկապե՞ս «հեռանկարի» կամ «արդարության» պատճառով

Հայաստանի Հանրապետության գոյության ավելի քան 20 տարիների ընթացքում միայն 2007-2008-ին է եղել, երբ Հայաստանից մեկնածների եւ վերադարձածների տարբերությունը հօգուտ վերադարձածների է եղել: Մնացած բոլոր տարիներին ավելի շատ են եղել մեկնողները, քան ժամանողները: Բնական է եւ հասկանալի, որ այդ տարբերությունն, ինչպես արդեն նշեցինք, շատ ավելի մեծ էր 90-ականներին, ավելի փոքրՙ 2000-ականներին: Այսինքնՙ այս ցուցանիշները ուղիղ համեմատական են երկրի տնտեսական վիճակին: Սակայն արդյոք արտառոց չէ՞ վերջին տարիներին արտագաղթի ծավալների ավելացումը եւ արդյոք դա պայմանավորված է միայն երկրի սոցիալ-տնտեսակա՞ն իրավիճակով:

Գոնե 2008-2009-ի ճգնաժամին հետեւող վերջին տարիներին եւ տնտեսական աճ է եղել, եւ սոցիալական քաղաքականության առումով կառուցվածքային փոփոխություններ են եղել, որոնց արդյունքում արտագաղթի ծավալները եթե չասենք պետք է նվազեին, այլ գոնե չպետք է ավելանային: Մինչդեռ տեղի է ունենում հակառակը: Ինչո՞ւ: Այս պատասխանը ստանալու համար տեղին կլինի մեջբերել Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնցՙ Երեւանում հարցվածների 46 տոկոսը ցանկանում է արտագաղթել: Այս ցուցանիշը շատ հարցերի պատասխան է տալիս:

Երեւանում աղքատ է բնակչության 27 տոկոսը: Դժվար է ենթադրել, որ այս 27 տոկոսն ամբոջությամբ ընդգրկված է արտագաղթել ցանկացող 46 տոկոսի մեջ: Ընդ որում, ամենափոքր մասն է որպես պատճառ նշել «ապրուստ չկա» արտահայտութունը: «Աշխատանք չկա», «հեռանկար չկա», «արդարություն չկա»` սրանք մյուս պատճառներն են: «Աշխատանք չկա» արտահայտությունը վաղուց արդեն հնացել է, այլ հարց է, որ դժվար է գտնել ըստ մասնագիտության, արժանավայել աշխատավարձով աշխատանք: «Հեռանկար չկա» եւ «արդարություն չկա» պատճառաբանություններն էլ բացառապես երկիրը լքելու ցանկության արդարացումներ են: Այն երկրները, որտեղ մեկնում են այստեղից, ավելի՞ արդար են եւ հեռանկարային: Իսկ ամեն րոպե ազգային խտրականության ենթարկվելու հեռանկարը Ռուսաստանում ավելի՞ արդար է եւ հեռանկարային: Թե՞ եվրոպական երկրներում սեւագործ աշխատանքով զբաղվելն է ավելի արդար եւ հեռանկարային: Եվ, ի վերջո, հեռնակարը կարող է ամեն երկրում մի շրջադարձով դառնալ անհեռանկար: Օրինակը` Սիրիան, հաշված ամիսների ընթացքում ամենաապահովից դարձավ ամենաանապահովը:

Ղրղզստանում եւ Ուզբեկստանում ավելի՞ լավ են ապրում, քան Հայաստանում

Արտագաղթել ցանկացողներին եւ արտագաղթի մասին շաղակրատողներին հարց ուղղենք, ինչպե՞ս է պատահում, որ սոցիալ-տնտեսական զարգացման նույն մակարդակում գտնվող Վրաստանում հարցման ժամանակ երկրից հեռանալու ցանկություն են ունեցել 30 տոկոսից էլ պակասը, մեզանից ավելի ցածր կենսամակարդակ ունեցող Ղրղզստանում եւ Ուզբեկստանում` 10 տոկոսից էլ պակասը, իսկ Հայաստանում` 46 տոկոսը: Ինչպե՞ս է պատահում, որ հակառակ Իսրայելի նման երկրի հետ տասնամյակներ ձգվող պատերազմի եւ համաշխարհային հրեական լոբբիինգի ջանքերի, հակառակ կենցաղային աննորմալ պայմանների, հակառակ իրենց կառավարողների կոռումպացվածության, պաղեստինիցի արաբները ուղղակի կառչած են իրենց հողից: Ի՞նչ է, նրանք չե՞ն կարող մեկնել, օրինակ` մեծաթիվ արաբական բնակչություն ունեցող Ֆրանսիա, որտեղ մերոնց ընկալած «հեռանկարը» կամ «արդարությունը» կա: Չեն մեկնում, որովհետեւ «հեռանկարը» եւ «արդարությունը» փնտրում են իրենց հայրենիքում:

Չենք ցանկանում մեղադրել Հայաստանից հեռացողներին: Ի վերջո, անձնական, աշխատանքային, սոցիալական եւ այլ պատճառներով կարող ես հայտնվել այս կամ այն երկրում, բայց ի՞նչ է նշանակում, որ հարցվածների 46 տոկոսը նման ցանկություն ունի: Դա նշանակում է ուղղակի հայրենասիրության պակաս, հակառակ նրան, որ 82 տոկոսը իրեն հայրենասեր է համարել: Իսկապես հանելուկային հոգեբանություն` վերջին խոսքերն ասելով հայրենիքիդ հասցեին, ցանկանում ես հեռանալ այստեղից, բայց միաժամանակ հայրենասեր ես քեզ համարում:

Պետականորեն հայրենասիրական քարոզչությունը` օրվա հրամայական

«Հայրենասեր» բառը նշանակում է հայրենիքը սիրել: Դա կարող է տարբեր կերպ արտահայտվել, բայց հայրենիքը լքելու ցանկությունը հաստատ հայրենասիրություն չի կարող համարվել: Այսօրվա արտագաղթի հիմնական պատճառը սա է, եւ եթե այստեղ չունենանք մտածողության, դաստիարակության արմատական տեղաշարժ, կունենանք պարադոքսալ իրավիճակ` որքան լավանա սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան արտագաղթել երկրից ցանկացողների թիվը կավելանա: Փորձիր մի տեղ ասել, որ դու չես ցանկանում քո երկիրը լքել, որովհետեւ դա քո հայրենիքն է. կա՛մ քեզ կխղճան, կա՛մ «երկիրը երկիր չէ» տխմար մենկնաբանություններով կսկսեն փնովել ու հայհոյել սեփական երկիրը: Փորձիր ասել, որ աշխարհում կան ավելի քան 4000 ժողովուրդներ, որոնցից մոտ 200-ը ունեն պետություն, որ մեր դարավոր երազանք է ունենալ ազատ եւ անկախ հայրենիք, քեզ կնայեն արդեն որպես հոգեկան հիվանդի: Սա այն պարագայում, երբ մենք դեռեւս հակամարտության մեջ ենք հարեւան երկրի հետ, որտեղ ոչ թե ազգային, այլ ազգայնական դաստիարակության հզոր քարոզչություն է տարվում: Ի՞նչ ենք հակադրում մենք սրան եւ ի՞նչ պետք է հակադրել:

Պետական կառույցներից հայրենասիրական քարոզչություն տարվում է միայն դպրոցներում եւ բանակում, այն էլ գործի եւ մասնագիտության բերումով, այլ ոչ թե ուղղորդված պետական քաղաքականությամբ: Մինչդեռ հայրենասիրական դաստիարակությունը պետք է սկսել մանկապարտեզներից, ամրապնդել ընտանիքներում, շարունակել բուհերում, պետական կառույցներում, տարածել հեռուստատեսության, մշակույթի, գրականության եւ այլ միջոցներով: Պետական աջակցություն են ստանում շատ հաճախ այն մարդիկ կամ խավերը, որոնք պարզապես պոտենցիալ արտագաղթողներ են կամ կես ոտքով արտասահմանում են ապրում: Մինչդեռ պետական հովանավորության առաջին հերթին եւ ամենից շատ արժանի են մանկավարժներն ու զինվորականները: Նրանք ոչ միայն իրենց գործի բնույթով են հայրենասիրություն սերմանում, այլեւ ամենաքիչն են հակված արտագաղթելու:

Մի խոսքով, ազգային-հայրենասիրական դաստիարակությունը կառավարությունը պետք է կարեւորի տնտեսական զարգացումից ոչ պակաս, դա անի հստակ մշակված քաղաքականությամբ, թիրախավորված, բարձր մակարդակով: Սա ուղղակի օրվա հրամայականն է, եթե ցանկանում ենք ոչ միայն պայքարել արտագաղթի դեմ, այլեւ հնարավորինս չեզոքացնել արտագաղթողի հոգեբանությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #103, 20-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ