ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԵՆՑԸ` «ԳԱՖԵՍՃՅԱՆՈՒՄ» ԼԻԼԻԹ ՍՈԽԱԿՅԱՆ Ինչպես արդեն երեկ տեղեկացրել է «Ազգը», Հարություն Կալենցի ցուցահանդեսի բացումը կլինի այսօր, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Քանի որ նկարիչն աշխատում էր երեք հիմնական գեղանկարչական ժանրերումՙ նատյուրմորտ, բնանկար եւ դիմանկար, ուստի այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու արվեստագետի գունամտածողության արտացոլմանը տարբեր տեսանկյուններից: Կալենցի համար գույնը այս կամ այն երեւույթի արտաքին կերպարը մատնանշելու համար չէր: Ինչպես Մատիսն էր սիրում ասել. «Ես չեմ օգտագործում կանաչ եւ կապույտ գույներըՙ խոտ ու երկինք նկարելու համար»: Նույնը Կալենցի դեպքում է. նա գունային բծերի ու շերտերի միջոցով կերտում էր ձեւ, ծավալ, լուսաստվեր, կառուցում հեռանկար: Նա անում է դա անկաշկանդ, ազատՙ որպես հիմք ընդունելով միայն գեղագիտական սկզբունքները: Սույն ցուցադրությունը մատնանշում է թե՛ արվեստագետի ստեղծագործական փնտրտուքները 1960-ականների շեմին, թե՛ արդեն հստակ ձեւավորված լեզուն եւ թե՛ վերջնական հեռացումը իրականությունիցՙ գրեթե վերացական ձեւերի մեջ: Գեղանկարներին զուգահեռ ներկայացնելով նկարչի գրաֆիկական տարբեր շարքերՙ ցուցադրությունը մուտք է բացում դեպի Կալենցի «ստեղծագործական խոհանոցը», որտեղ վարպետը կատարելության էր հասցնում իր ձեռագիրը, նոր ձեւեր ու մոտեցումներ փորձարկում եւ ապա փոխանցում կտավին: Սա գրեթե անհայտ անկյուն է դիտողի համար Կալենցի բազմաշերտ ստեղծագործական ժառանգության մեջ: «Հարություն Կալենց. գույնը ձեւի մեջ» ցուցահանդեսը եւս մեկ քայլ է Կալենց արվեստագետին հանրության ավելի լայն զանգվածներին, եւ ոչ միայն հայաստանցիներին, ներկայացնելու ճանապարհին, ինչն արտացոլում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի առաքելությունը: Կալենցի ստեղծած աշխարհը որքան անիրական, նույքան իրական է այնքանով, որքանով գոյություն ունի կտավի մակերեսին եւ ուղղակի առնչվում է բնության կողմից թելադրվող գլխավոր օրենքներինՙ հավասարակշռություն եւ ներդաշնակություն: Ինչպես ինքը Կալենցն էր ասում. «Վերջում բոլոր իզմերը կվերանան, կամփոփվեն մեկ ամբողջության մեջ, կդառնան բնություն»: |