ԿՈՊԻՏ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆՈՒՄ. ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Պրահա, Չեխիա «Ազատությունն» ամենեւին ազատ խոսքի պատվար չէ ՊՐԱՀԱ. - Երբ լռեցնում են լրագրողին, ինչ-որ բան այն չէ տվյալ պետությունում կամ տվյալ կառույցում, կամ էլ` երկուսը միասին: Երբ լռեցնում են լրագրողին, անշուշտ բազմաթիվ հարցեր են ծագում, բայց առաջինն ու կարեւորըՙ ինչո՞ւ: Ու երեք օր շարունակ Հայաստանի զանգվածային բազմաթիվ լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի թեման նույնն էրՙ ինչո՞ւ է հեռացվել աշխատանքից «Շանթ» հեռուստաընկերության աշխատակից Արմեն Դուլյանը: Նրա հետ հարցազրույց հայտնվեց նաեւ «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական կայքէջում, ու նյութի տակ սիրալիր հորդոր կարՙ այս ֆորումում մեկնաբանություններ չկան, եղեք առաջինն ու գրեք մեկնաբանություն: Ազատ ու անկախ մամուլ ունեցող ԱՄՆ-ի «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը վախեցավ իմ գրած մեկնաբանությունից ու չհրապարակեց, երբ «Ֆրիդոմ հաուզի» զեկույցներով տարիներ շարունակ ոչ ազատ մամուլ ունեցող պետությանՙ Հայաստանի որեւէ ինտերնետային էջից դուրս չի մնում, չի մկրատվում, չի գրաքննվում ընթերցողների ոչ հայհոյախառն ոչ մի մեկնաբանություն: «Ազատության» կայքէջը խոստանում է չսահմանափակել «գաղափարների արտահայտումը» մեկնաբանությունների ֆորումում: Իբրեւ ունկնդիր, իբրեւ ընթերցող, իբրեւ լրագրող ու քաղաքացիՙ գրեցի իմ կարծիքն ու իմ մեկնաբանություններըՙ պահանջվող կանոնների համաձայն: Կարմիր գույնով ինձ շնորհակալություն հայտնվեց իմ կարծիքի համար ու տեղեկացվեց, որ այն կայքէջում «կհայտնվի դրան աշխատակազմի ծանոթանալուց հետո»: Անցել է արդեն մեկ օր, սակայն «Ազատություն» ռադիոկայանի հայկական խմբագրության տնօրենի կոպիտ գրաքննությամբ իմ կարծիքը չի հայտնվել կայքէջում, մի փաստ, որ մեծ ոգեւորությամբ կդատապարտեր, եթե դա աներ մի այլ լրատվամիջոց: Իզուր չէ, որ Չեխիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր, սենատոր Յարոմիր Շտենիան «Ազատության» քաղաքականությունն անվանել է «անպարկեշտ, անարդար, ցինիկ ու կեղծավոր» ԱՄՆ-ի իր պաշտոնակիցներին ուղղված նամակում: Ինչո՞ւ է իմ մեկնաբանություններից վախենում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրենը Ներկայացնելով ու պատճառաբանելով իմ կարծիքը, որ ֆեյսբուքյան գրառման համար չի կարելի որեւէ մեկին հեռացնել աշխատանքից, ավելացրել էի նաեւ, որ որքան էլ պարզունակ ու անհիմն լինի Դուլյանին աշխատանքից հեռացնելու «Շանթի» պատճառաբանությունը, այդուհանդերձ այդ պատճառաբանությունը կա, մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի տնօրեն Հրայր Թամրազյանն աշխատանքից առանց պատճառաբանության հեռացրել է բազմամյա մի քանի աշխատակիցների, նրանց թվում նաեւ ինձՙ 12 տարվա աշխատանքից հետո, երեք մանկահասակ երեխաներով ու մեծ վարկը «շալակիս»: Հրայրի թեթեւ ձեռքով «Ազատություն»-ից հեռացած բազմափորձ Արմեն Դիլանյանը նորածին երեխայով հայտնվեց Գլենդեյլում, որտեղ ընտանիքը պահելու համար ստիպված տաքսի էր վարում, ու մահացավ սրտի տագնապից, հենց մեքենայի ղեկին... Այն, ինչ կատարվել է «Շանթում» մանկական խաղ է «Ազատություն Ազատ/Եվրոպա» ռադիոկայանում տիրող աշխատանքային հարաբերությունների համեմատ: Այստեղ աշխատում են աշխարհի բազմաթիվ երկրներից հատուկ հրավիրվածներ, հիմնականում լրագրողներՙ դառնալով 28 լեզուներով 20 պետություններում ժողովրդավարության արժեքներ տարածողներ ու սերմանողներ: Իրականում սակայն,նրանք ԼԻԱԿԱՏԱՐ ԻՐԱՎԱԶՈՒՐԿ լրագրողներ են, ովքեր չունեն նույնիսկ իրենց նվազ ժողովրդավարական պետությունների աշխատողների ամենատարրական իրավունքները: Այնպես որ, ես զարմանքով եմ լսում, թե ինչպես է Դուլյանը ոգեւորված նշում «Ազատության» իր փորձառությունը: Պարզապես այն ժամանակ նա լռել է, գուցե մարդկայնորեն վախենալով, որ հաջորդն ինքը կլինի: Խնդիրն այն է, որ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում աշխատողները բաժանվում են երեք կաստաներիՙ ամերիկացիներ, ովքեր պաշտպանված են ամերիկյան աշխատանքային օրենքներով, չեխեր, ում պաշտպանում է չեխական աշխատանքային օրենսգիրքը, եւ այլքՙ հիմնականում տարբեր պետություններից հրավիրյալ լրագրողներ, ովքեր ոչ մի երկրի, ոչ մի օրենքով պաշտպանված չեն եւ աշխատում են իրավական վակուումում: Այս մասին մեկնաբանությունս անշուշտ չէր հրապարակի «Ազատության» պաշտոնյան: Դուլյանի ասած նեղմտությունն այստեղ է նաեւ բացահայտվում, չէ որ 21-րդ դարն է, ու ինտերնետը միայն ռադիոկայանի պաշտոնական կայէջքով չի սահմանափակվում: Պարզ խարդախություն ու ազգային խտրականությունՙ ամերիկյան իրավապաշտպան ռադիոյում Ամերիկացիների նման մենք էլ ստորագրում ենք պայմանագիր, որը ղեկավարվում է ամերիկյան օրենքներովՙ կասկած անգամ չունենալով, որ ըստ էության ստորագրում ենք մեր իրավազուրկ լինելու փաստաթուղթը, չիմանալով, որ ամերիկյան օրենքներով մենք նույնիսկ «աշխատակից» չենք համարվում: Մինչդեռ գործատունՙ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ղեկավարությունը գիտի, որ ԱՄՆ Կոնգրեսի որոշման համաձայն ամերիկյան օրենքներն Ամերիկայից դուրս ամերիկյան կազմակերպություններում աշխատող ոչ ամերիկացիների վրա չեն տարածվում: Որեւէ բացառության համար պետք է հատուկ որոշում կայացնի Կոնգրեսը, իսկ Կոնգրեսն «Ազատության» համար նման հատուկ բացառություն չի արել: Աշխատողը գործատուի որեւէ որոշում վիճարկել չի կարող: Գործատուն միտումնավոր տալիս է ՈՉ ՄԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՉ-ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԽՏՐԱԿԱՆ պայմանագիր: Բնական է, որ նման պայմաններում էլ ինքնահաստատման պահանջ ունեցող փոքր ղեկավարիկները, մեր պարագայումՙ հայկական ծառայության տնօրեն, Ամերիկայի քաղաքացի դարձած Հարրի (Հրայր) Թամրազյանը, իրենցից ուժեղներին իրենց շրջապատից հեռացնում են, խորհրդային տրամաբանությամբ, բայց ամերիկյան օրենքովՙ առանց պատճառաբանության: Շտետինայի ասած «անպարկեշտ, անարդար, ցինիկ ու կեղծավոր» գործելաոճը սակայն սրանով չի սահմանափակվում: Հեռացվելիս էլ, արդեն նախկին աշխատակցին տրվում է լռության մասին պայմանագիր, որով վերջինս պետք է պարտավորվի ոչ մեկի ոչ մի վատ բան չասել ռադիոկայանի մասին, ոչ մեկին չպատմել այն, ինչ ես պատմեցի հիմա, ու ոչ մի երկրի դատարանում չփորձել գործ հարուցել «Ազատության» դեմ: Ես չեմ ստորագրել այդ նվաստացուցիչ փաստաթուղթը: Չեմ զրկել ինձ ձայնի իրավունքից, բայց չեմ ստացել անգամ խամաճիկային աշխատանքային պայմանագրով հասանելիքսՙ աշխատած տարիների հաշվարկով նախատեսված գումարը: Ժողովրդավարության պակաս ունեցող ո՞ր պետությունը, դեպի ուր հեռարձակվում են «Ազատության» հաղորդումները, կարող է իրեն նման սանձարձակություն թույլ տալ: Ինչպես է վերաբերվում հյուրընկալ Չեխիան իրողությանը Չեխիայի խորհրդարանում «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի աշխատանքային քաղաքականության մասին չորրորդ գրավոր հարցապնդումն է եղել օրերս, սպասվում է նաեւ բանավոր քննարկում: Չեխիայի Հելսինկյան կոմիտեն ռադիոկայանի աշխատանքային քաղաքականությունն «անբարոյական» որակեց հրապարակված ծավալուն ու խիստ հայտարարությունում: Ներկայումս չեխ հայտնի կինովավերագրող Մարտին Մահդալն աշխատում է Չեխիայում դատական գործերով ու հարյուրավոր հոդվածներով «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի աստիճանական հեղինակազրկման ու վարկաբեկման, աշխատանքային խտրական քաղաքականության մասին փաստագրական ֆիլմի սցենարի վրա: Նա նպատակ ունի ֆիլմը ցուցադրել մարդու իրավունքների մի շարք հայտնի կինոփառատոններում: Զավեշտալին այն է, որ մարդու իրավունքները պաշտպանելու առաքելություն ունեցող ռադիոկայանն այսօր կանգնած է մարդու իրավունքների ստրասբուրգյան դատարանի առջեւ մարդու իրավունքները կոպտորեն խախտելու համար, ու սա ավաղ բառախաղ չէ: (Իբրեւ պատասխանող հանդես է գալու հյուրընկալ պետություն Չեխիան, հայցադիմումը ներկայացրել է Խորվաթիայի քաղաքացի Սնեժանա Պելիվանը): Չեխական դատարաններում մեկ հաղթելով, մերթ պարտվելով, իմ հայցն ընդդեմ ռադիոկայանի գտնվում է Չեխիայի սահմանադրական դատարանումՙ մարդու իրավունքները ոտնահարելու եւ Չեխիայի ու Միացյալ Նահանգների սահմանադրությունները խախտելու համար: ԱՄՆ-ի Կոնգրեսը «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանին տարեկան մոտ 90 միլիոն դոլար է հատկացնում, ոչ այն նպատակով, որպեսզի վերջինս շրջանցի հենց Կոնգրեսի որոշումները: Սովորաբար ռադիոկայանն իր պաշտոնական կայքէջում «Ազատության» մասին հրապարակումների համար նախատեսված բաժնում տեղ չի հատկացնում «Ազատության» մասին բազմաթիվ պետություններում ու բազմաթիվ լեզուներով հրապարակված քննադատական նյութերին: Գրեթե համոզված էի, որ անգամ փոքր մեկնաբանությունս տեղ չի գտնի: Ազատ խոսքի ու ժողովրդավարության առաքելության ,,Ազատության,, ձեռագիրն է սա: Սովորաբար ռադիոկայանը նաեւ մեկնաբանություններ չի տալիս ու չի պատասխանում դատական գործերով լրագրողների բազում հարցերին, սակայն տարիներ առաջ ոչ ամերիկացի լրագրողների իրավազուրկ կարգավիճակի մասին հայկական «Իրավունք դե Ֆակտո» թերթի հարցը մեկնաբանելով Հրայր Թամրազյանն ասել էր. «Ինչպե՞ս են իրավազուրկ, ես չեմ հասկանում: Իրավազուրկ են նրա համար, որ մի քանի անգամ ավելի շա՞տ աշխատավարձ են ստանում, քան պետական լրատվամիջոցների աշխատակիցները, որ աշխատանքային պայմանների առումով ավելի ապահովվա՞ծ են, քան մյուս աշխատողները, որ ավելի շատ արձակո՞ւրդ ունեն, քան մյուս բոլոր լրատվամիջոցները միասին վերցրած»: Այո, տնօրենը «չի հասկանում»: Իրավապաշտպան ռադիոկայանի ծառայություններից մեկի տնօրենը չի ընկալում անգամ, որ խոսքն ԻՐԱՎՈՒՆՔԻ մասին է, ոչ թե ստացած աշխատավարձի չափի կամ արձակուրդի երկարության: Ու եթե շարունակենք նրան հասկանալի միակՙ ֆինանսական թեման, ապա պետք է, որ «Ազատություն/Ազատ Եվրոպա»-ի բարձր ղեկավարությունը հետաքննություն անցկացնի, թե այդ ի՞նչ քաղաքական իրադարձություններ էին Հայաստանում, որ չէին կարող լուսաբանել երեւանյան մեծ բյուրոյի աշխատակիցներն ու տնօրենը, որ Հրայր Թամրազյանը վերջին 9 ամիսներից մոտավոր հաշվարկով կեսըՙ 4.5-ն անցկացնում է Երեւանում, նորելուկ լրագրողի պես անձամբ չափչփելով երեւանյան փողոցներըՙ դրա վրա ծախսելով հեռարձակումների համար նախատեսված օրեցօր նվազող բյուջեից հսկայական գումարՙ ճանապարհածախսերի, հյուրանոցների ու օրապահիկների տեսքով: Վերջաբանի փոխարեն Նախորդ տարի սեպտեմբերին «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ամենաբարձր ղեկավարությունը կատարեց հերթական կադրային խայտառակ քայլըՙ միանգամից աշխատանքից հեռացվեցին «Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան բյուրոյի մոտ 40 աշխատակիցներ: Բարձրացված մեծ աղմուկի ու Ռուսաստանի իրավապաշտպանների ակտիվ աշխատանքի արդյունքում, Ամանորից մի քանի ժամ առաջ աշխատանքից հեռացվեց ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնը: Հեռարձակող տնօրենների խորհուրդը, որին ենթարկվում է նաեւ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանն, ու որի կազմի մեջ ի պաշտոնե մտում է նաեւ ԱՄՆ պետքարտուղարը, խնդրեցին ռադիոկայանը Մյունխենից Պրահա տեղափոխումը հաջողությամբ իրականացրած Քեւին Քլոզին մեկ տարի ժամկետով ստանձնել նախագահի պաշտոնի լիազորությունները եւ կարգավորել տարիներ շարունակ կուտակված նման հիմնախնդիրները: Մարտ ամսին հրաժարական ներկայացրեց ռուսական ծառայության նորանշանակ տնօրեն Մաշա Գեսսենը, հեռացված աշխատակիցների մի մասն արդեն վերականգնվել է նախկին աշխատատեղում: Տարբեր լուրերի համաձայն, Քլոզը խոստացել է լուծել նաեւ մնացածների հարցը: Մոսկովյան թնջուկը լուծված է, մնում է Պրահայի կենտրոնակայանինը: Չեխիայի ու ԱՄՆ-ի քաղաքական գործիչները, իրավապաշտպանները, ազատ մամուլի ջատոգովները պարբերաբար կոչ են անում ԱՄՆ-ի Հեռարձակող տնօրենների խորհրդինՙ փոխել ամոթալի աշխատանքային պայմանագրերն ու ի վերջո «Ազատության» լրագրողներին վերադարձնել տարրական իրավունքները, դադարեցնել ռադիոկայանի հեղինակությունն ու վարկը խաթարող, մամուլում լայնորեն լուսաբանվող դատական գործընթացները: Մոտ օրերս Հեռարձակող տնօրենների խորհրդի անդամները Վաշինգտոնից ժամանում են Պրահաՙ հերթական ժողովն այստեղ անցկացնելու: Ուինսթոն Չերչիլը ժամանակին կարծիք էր հայտնել, թե կարող եք վստահ լինել, որ ամերիկացիները միշտ ճիշտ քայլ կկատարեն, երբ... արդեն փորձել են հնարավոր բոլոր այլ տարբերակները: |