«ԱԶԵՐՏԱՍՍ»-Ը` ՀԱՍԱՆ ՌՈՀԱՆԻԻ ԽՈՍՆԱ՞Կ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Իրանի նախագահական ընտրությունների թեման վերջին օրերին միջազգային մամուլում թերեւս ամենահրատապն է: Արվում են զանազան կանխատեսումներ: Այս առումով չափազանց սրված է ադրբեջանական կողմի հետաքրքրվածությունը: Գաղտնիք չէ, որ կողմերի հարաբերություններում լարվածությունը վաղուց դուրս է եկել դիվանագիտական նրբասացությունից: Բաքվում ակնկալում են, որ «Ռոհանիին ձեռնտու կլինի Ադրբեջանի հետ համագործակցությունը», որ պիտի հասկանալ ճիշտ հակառակ ձեւակերպմամբ. «Ադրբեջանը խիստ շահագրգռված է, որ Իրանի հետ հարաբերությունները լիցքաթափվեն»: Ինչպիսի՞ն կլինեն Բաքու-Թեհրան հետագա հարաբերությունները` երկու երկրների խնդիրն է: Գուշակություններ չանենք: Բայց ահա Ադրբեջանում իշխող վարչախմբին նյարդայնացրել է, որ, ի թիվս այլ առաջնորդների, Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ Հասան Ռոհանիին շնորհավորել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: 1news.az-ը, որ Իլհամ Ալիեւի «տասսն» է, նախագահ Սահակյանի ուղերձը որակել է «էպատաժային քայլ»: Ոմն Աքպեր Հասանովի հեղինակած նյութում կարդում ենք. «...նամակում (նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում-Վ. Ա.) պնդում կա, որ ոչ մեկից չճանաչված «սեպարատիստական ինքնակազմավորումը» (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը-Վ. Ա.) պարզվում է, բարձր է գնահատում հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը»: Հենց այդ ընդգծումն էլ, ըստ էության, ջղագրգռել է ադրբեջանական իշխանություններին այն աստիճան, որ նրանք, գուցե չհասկանալով, կատարել են իրոք որ էպատաժային քայլ` իրենց դրել են Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի խոսնակի դերում: Քանի որ շարունակության մեջ Հասանովը պնդում է, որ նախագահ Սահակյանի ուղերձը Ռոհանիի դեմ «սադրանք է, որ նպատակ է ունեցել հասնելու գոնե իրանա-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ լարվածության»: (Նույն տեղում): Ստացվում է, որ եթե Արցախի նախագահը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված մոտեցումը բարձր է գնահատում, ապա դա «սադրա՞նք է Իրանի նորընտիր նախագահի դեմ», դրանով «փորձ է արվում լարվածությո՞ւն առաջացնել իրանա-ադրբեջանական հարաբերություններում»: Բաքվում, իհարկե, ազատ են ԼՂՀ նախագահի ուղերձին տալու իրենց համար ընդունելի մեկնաբանություն: Բայց` միայն իրենց երկրի եւ նրա ղեկավարության անունից: Իսկ երբ դա արվում է Իրանի նորընտիր նախագահի «անունից», ապա տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանն ինքն է փորձում «կանխորոշել» Իրանի վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի հանդեպ առհասարակ, ԼՂՀ նախագահի շնորհավորական ուղերձին արձագանքի հարցում` մասնավորապես: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ էլ Իրանի նախագահին ընտրվելու կամ իսլամական հեղափոխության տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ հղել է: Բայց առաջին անգամն է, որ պաշտոնական Բաքուն «ազերտասս»-ի միջոցով այդքան ջղաձիգ արձագանք եւ էպատաժային դերակատարություն է դրսեւորում: Կարելի՞ է դրանից ենթադրել, որ Հասան Ռոհանիին հղած` Իլհամ Ալիեւի շնորհավորական ուղերձին Թեհրանում լուրջ չեն արձագանքել: |