RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#101, 2013-06-18 > #102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #103, 20-06-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-06-19 22:56:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1095, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է «ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Մ. Խ.

Տարիներով Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանողները միշտ հիշում են, որ նստաշրջանի վերջում կառավարությունը (եւ բոլոր կառավարություններն են այդպես վարվել) արտահերթ կարգով նախագծերի խրձեր է լցնում խորհրդարան ու ստիպում արագ-արագ ու առանց խորանալու կարեւորագույն օրենքներ քննարկել: Այս անգամը բացառություն չէ, եւ պատգամավորները հոգնած ու զզված` քննարկում են նախագիծ նախագծի հետեւից:

Նվազագույն աշխատավարձը` 45 հազար դրամ

Երեկ Ազգային ժողովը քննարկում էր «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ` նվազագույն աշխատավարձի չափը այժմ գործող 35 հազար դրամի փոխարեն հուլիսի 1-ից սահմանվում է 45 հազար դրամ: Ընդ որում` Հայաստանում նվազագույն աշխատավարձ է ստանում 160 հազար մարդ: Իսկ ահա 2014-ի հունվարի 1-ից նախատեսված է բարձրացնել պետական հատվածում զբաղված բոլոր աշխատողների աշխատավարձերը:

Կառավարության առաջարկած փոփոխությունը որոշ մեղմում կբերի, իհարկե, ընդհանուր թանկացումների ֆոնին, սակայն ոչ բոլորն էին այդ կարծիքին: Օրինակ` ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը , հիշելով նույն հարցով իր կուսակիցների հեղիանակած նախագծի ավելի համակարգային մոտեցումները, գտնում էր, որ տարվա կեսից անհասկանալի սկզբունքներից ելնելով խաղի կանոնների փոխումը կբերի տնտեսության վրա վատ անդրադարձի եւ գնաճի, ու առաջարկում էր եկող տարվա հունվարի մեկից ամբողջական բարձրացումների անցնել միանգամից. «Վեց ամիս առաջ չգիտեի՞ք, որ բարձրանալու են գազի եւ էլեկտրաէներգիայի գները, չգիտեի՞ք, որ բնականոն գնաճ է տեղի ունենալու, չգիտեի՞ք, որ աղքատության ցուցանիշը մեծանալու է», հարցրեց Ա. Մինասյանը` կառավարության միջանկյալ մոտեցումը սխալ համարելով:

Կառավարությունը մերժել էր ավելի վաղ ՀՅԴ-ականների ներկայացրած նախագիծը, որով նվազագույն աշխատավարձի չափ էր առաջարկվում 75 հազար դրամը:

Մեր վաղվա օրվա հաջողությունը, լույսը, ճառագայթը...

Երեկ Դիլիջանի միջազգային դպրոցին արտոնություններ տալու նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ՀՀԿ-ական, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը մի հետաքրքրական առաջարկ արեց: Նա ասում էր, որ պետք է այդ նախագծից հանել «Դիլիջան» բառը եւ գրել, թե բոլոր ներդրումների դեպքում սկզբնական հարկերից պետք է ազատել բոլոր արտերկրյա ներդրումները` նկատի առնելով, որ հետագայում շահութահարկից եւ եկամտահարկից ավելի մեծ մուտքեր են լինելու բյուջե. «Մեր վաղվա օրվա հաջողությունը, լույսը, ճառագայթը նման մոտեցման մեջ են», ասաց նա:

Խելագարության կանխավարկածով

«Չի կարելի խելագարության կանխավարկածով առաջնորդվել», ասաց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, երբ վերջինս Ազգային ժողովում ներկայացնում էր վարչական իրավախախտումների օրենքի մի շարք լրացումները: Ն. Զոհրաբյանը Աբովյան փողոցում իջնելիս իր մեքենայի վթարային ազդանշանը մի քանի վայրկյան է միացնում միայն, ու տեսանկարարահանող սարքը 5 հազար դրամի խախտում է արձանագրում: Զոհրաբյանը այդպիսի խախտման վերաբերյալ 75 ակտ է ստացել: Իրեն էլ շատ է հարկավոր հենց այդ տարածքում իջնել, իսկ ուրիշ հնարավորություն չկա: Նրա կարծիքով` տուգանքները պետք է տրամաբանական եւ օբյեկտիվ լինեն: Դե իսկ Օսիկյանին մնում էր վերստին զգուշացնել արգելված վայրում մեքենա կայանելուց, թեեւ ընդունեց, որ համակարգը կատարելագործման կարիք ունի:

Իսկ ահա ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը արդեն իր գործընկեր, հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանին հարցրեց նույն թեմայով, որ մեկանգամյա տուգանքի չափը հաճախ գերազանցում է մարդու աշխատավարձի կամ թոշակի չափը. «Մարդ պետք է վարկ վերցնի՞, որ տուգանքը վճարի», զայրացավ նա:

Կորյուն Նահապետյանն ի պատասխան նշեց, թե հանցագործության կամ վարչական զանցանքի դեպքում տուգանքի չափը ոչ թե աշխատավարձի չափի կամ գույքային դրությամբ է որոշվում, այլՙ հանցագործության վտանգավորության աստիճանով: Մի խոսքով` որտեղից կուզեք` փող գտեք տուգանքները վճարելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #103, 20-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ