RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#101, 2013-06-18 > #102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #103, 20-06-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-06-19 22:56:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1412, Տպվել է` 137, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ. «ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է 60-ԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՁԱԿԱԳԻՐՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՍԵՐՆԴԻՆ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օրերս տեղի ունեցավ Վարդգես Պետրոսյանի 80-ամյակին նվիրված երեկոն, որին ներկա էին իր ընկերները, ընթերցասեր հանրությունը, ստեղծագործող բազմաթիվ մարդիկ:

Երեկոն բաղկացած էր վեց նամակից` «Մանկություն», «Ապրած եւ չապրած տարիներն ու Վերջին ուսուցիչը» միասին, «Հայկական էսքիզներ», «Գարուն», «Կրակե շապիկ» եւ «Մենավոր ընկուզենի»:

Երեկոն բեմադրել էր Գրիգոր Խաչատրյանը, մասնակցում էին Արմեն Բարսեղյանը, Արա Գեւորգյանը, Արտաշես Մխիթարյանը, Հարություն Անդոյանը, Լուսինե Հարությունյանը եւ Քնարիկ Զաքարյանը:

Երեկոյի սցենարի հեղինակը արձակագիր Հովհաննես Թեքգյոզյանն էր, որ «Ազգ» -ի հետ զրույցում նշեց, որ սցենարը գրել է մոտավորապես տասը օրում, քանի որ բավականին լավ է գիտի Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունները, նույնիսկ որոշներն էլ` անգիր. «Փորձել եմ հավաքել Վարդգես Պետրոսյանի գրական ամբողջ ժառանգությունը` վեպերը, պատմվածքները, արտասահմանյան ուղեգրություններից հատվածներ, նոթեր եւ ստացվել է մի ամբողջական կոմպոզիցիա, որը կարծում եմ ամբողջովին ներկայացնում է Վարդգես Պետրոսյանին` որպես արձակագիր, լրագրող, հրապարակախոս: Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունները ավելի շատ նամակագրության են նման` նամակագրություն ընթերցողի հետ»:

«Ազգ» -ը զրուցեց դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հետ, որ շուրջ 12 տարի աշխատել է Վ. Պետրոսյանի հետ. «60-ական թվականների արձակագիրների փայլուն սերնդին է պատկանում Վարդգես Պետրոսյանը: Նրա գործերն այսօր էլ կարդացվում են մեծ սիրով, օրինակ` «Հայկական էսքիզները», որը շատ հայտնի գործ է: Վարդգես Պետրոսյանի հետ շուրջ 12 տարի աշխատել եմ, որը մի ամբողջ կյանք է: Ուրախ եմ, որ հիշում ենք մեր մեծերին: Հիշելը բարոյականություն է, ով հիշել չգիտի, նա բարոյականությունից զուրկ է: Ուրախալի է, որ մենք դեռ ունենք այդ բարոյական սկզբունքը»:

Թատերագիր Կարինե Խոդիկյանն էլ երջանիկ էր, որ Վարդգես Պետրոսյանի ժամանակակիցն է եղել. « Նա իմ սերնդի գրողն է: Այդ տարիներին, երբ ստեղծագործում էր Վարդգես Պետրոսյանը, ինչ դուրս էր գալիս նրա գրչից, իմ սերունդն առաջինն էր հափռում ու տեր դառնում` լիներ հրապարակախոսություն թե արձակ: Վարդգես Պետրոսյանը մի ամբողջ սերնդի ժամանակակիրն ու ժամանակակիցն էր: Նրա «Դեղատուն Անին» մի փոքրիկ հեղափոխություն արեց մեր իրականության մեջ` ցույց տալով այն երիտասարդությանը, որը հաճախ մնում էր լուսանցքում, ազատ մտածող, ազատ ապրող: Իսկ «Հավասարում բազմաթիվ անհայտներով» հրապարակախոսական գիրքը պետք է կարդա յուրաքանչյուր իրեն հարգող լրագրող, որ պատրաստվում է հրապարակախոսական ինչ-որ նյութ գրել: Նա սերունդներ դաստիարակեց «Գարուն» ամսագրով: Երջանիկ եմ, որ անձամբ ճանաչել եմ Վարդգես Պետրոսյանին եւ ցանկացած զրույց իր հետ ուղղակի անջնջելի է հիշողությանս մեջ: Երջանիկ է այն սերունդը, որ Վարդկես Պետրոսյանի նման քաղաքացի, գրող, իր երկրին, անցյալին եւ ներկային սիրահար, նվիրված մարդ է ունեցել»:

Երեկոն տեղի ունեցավ մշակույթի նախարարության եւ «Վարդգես Պետրոսյան» հիմնադրամի շնորհիվ:

Գրող, հրապարակախոս, լրագրող Վարդգես Պետրոսյան գործունեություն է ծավալել ինչպես «Սովետական Հայաստան» օրաթերթում,«Ավանգարդում», այնպես էլ «Պիոներ կանչում», «Գարուն» ամսագրում (որի հիմնադիր խմբագիրն էր) «Երկիր Նաիրի» շաբաթաթերթում: Հանրության շրջանում Վ. Պետրոսյանն առավել հայտնի էր իր «Հայկական էսքիզներ», «Վերջին ուսուցիչը» եւ «Մենավոր ընկուզենի» ստեղծագործություններով: Նա սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, ապա` արձակագիր:

Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է, ինչպես նաեւ գյուղերում ապրող մարդիկ, նրանց ճակատագիրը:

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են նաեւ լիտվերեն, լատիշերեն, բուլղարերեն, անգլերեն, սերբո-խորվաթերեն, չեխերեն, ուկրաիներեն, ադրբեջաներեն, վրացերեն, ղրղզերեն, հունգարերեն եւ այլ լեզուներով:

Նրա ստեղծագործություններից բեմադրվել են «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» պիեսը, «Վերջին ուսուցիչը», «Հայկական էսքիզները», «Ապրած եւ չապրած տարիները» եւ «Համր լեռան ճիչը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #103, 20-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ