«ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԸ» ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԱՐԿ ՉՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ Հյուսիսային Իռլանդիայում երկօրյա գագաթաժողովից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ «Մեծ ութնյակի» երկրները պարտավորվել են պայքարել հանուն հարկային թափանցիկության: Փաստաթղթի 10 սկզբունքներից 7-ը ուղղակիորեն առնչվում են հարկատվությունից խուսափողների դեմ մղվող պայքարին: Միանալով մյուս ղեկավարներինՙ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հաստատել է «օֆշորային գոտիների դեմ պայքարի ազգային ծրագիր մշակելու» մտադրությունը: «Մեծ ութնյակի» առաջարկությամբ ընկերությունները պարտավորված կլինեն ներկայացնել «ստույգ տեղեկություններ սեփականատերերի եւ շահառուների վերաբերյալ», իսկ ֆինանսական կարգավորմամբ զբաղվողները պետք է իրականացնեն վերահսկողություն եւ անհրաժեշտության դեպքում ձեռնարկեն պատժամիջոցներ, մանրամասնում է մոսկովյան «Կոմերսանտ» թերթը: Նույնը վերաբերում է նաեւ զանազան միջնորդական ֆիրմաների վստահյալ անձանց, որոնք պարտավոր են հաշիվ տալ ֆինանսական կարգավորմամբ զբաղվողներին: Տվյալների փոխանակումը պետք է տարածվի ոչ միայն ֆիզիկական անձանց բաժնեմասային եւ տոկոսային եկամուտների վրա (ինչպես հիմա Եվրոմիությունում է), այլեւ ֆիրմաների շղթաների, թրաստների եւ մյուս կառույցների վրա, որոնք թույլ են տալիս «քողարկել» ոչ միայն եկամուտը, այլեւ բուն ակտիվները: Հեռավոր ապագայում ֆինանսական շրջանառությունից պետք է անհետանան նաեւ «եկամուտների քողարկմանը նպաստող» ցպահանջ բաժնետոմսերի, ինչպես նաեւ արժեթղթերի անվանական տերերը եւ անվանական տնօրենները: Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ «ութնյակի» երկրները կկարողանան միասնական չափորոշչին համապատասխանեցնել հարկատուներին վերաբերող տեղեկատվության փոխանակման ոլորտի ազգային օրենսդրությունները: |