RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



ՕՐՎԱ ՀԱՑԻ ՀԱՄԱՐ

Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 960, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՊԱՅՍԱՆՈՆԵՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամռան այս օրն էլ, անգամ առանց «Արմավիա»-ի, հերթական ինքնաթիռները կթռչեն Երեւանից աշխարհի տարբեր քաղաքներ, տանելով այստեղից դեպի այդ քաղաքները բազմաթիվ հայ ընտանիքների հանգստանալու: Բայց ոչ թե ամռանը հանգստանալու, այլ` երկրից, դրա մթնոլորտից եւ այստեղ ստեղծված պայմաններից...

...Ի՞նչ է պայսանոն: Նա ժառանգն է իսպանացիների, հնդկացիների, եւ այլ բոլոր տեսակի ...ցիների, ովքեր Հյուսիսային Ամերիկա, կոնկրետ` Կալիֆոռնիա են գնացել շուրջ երկու հարյուր տարի առաջ: Անգլերեն նրանք խոսում են ինչպես պայսանո եւ իսպաներեն խոսում են ինչպես պայսանո: Եթե նրանց հարցնենք, թե ինչ ազգություն ունեն, ապա կպատասխանեն, թե «զտարյուն իսպանացի են»:

Ամերիկացի գրող Ջոն Սթենյբեքը, նկարագրելով պայսանոներին, ասում է. «Իրականում նրանք ներգրավված չեն ամերիկյան բիզնես համակարգում, քանի որ որեւէ ունեցվածք չունեն, որպեսզի այդ համակարգը խլի այն, վերցնի, կամ տիրանա: Նրանք ապրում են քաղաքի ծայրամասերում, նրանք էլ ազգություն չունեն, որովհետեւ նրանք պայսանո են»: Մոսկվայի ծայրամասերից Կապոտնյայում ապրում են հայեր, ադրբեջանցիներ, ուզբեկներ, տաջիկներ, մոլդովացիներ եւ այլ հնարավոր բոլոր ...ցիներ: Ռուսերեն նրանք լավ խոսել այդպես էլ չսովորեցին, մայրենի լեզուներն աստիճանաբար մոռացան, խառնեցին ռուսերենի հետ: Եթե նրանցից, ասենք հայերին, հարցնենք, թե ինչ ազգություն ունեն, ապա կպատասխանեն, թեՙ «զտարյուն հայ են»: Բայց իրականում նրանք ներգրավված չեն մոսկովյան բիզնես համակարգում, քանի որ որեւէ ունեցվածք չունեն, որպեսզի այդ համակարգը խլի նրանցից, վերցնի կամ տիրանա: Նրանք ապրում են քաղաքի ծայրամասերում, նրանք ազգություն էլ չունեն, որովհետեւ «պայսանո» են, բայց այդ մասին ոչինչ չգիտեն:

Նրանց մասին ոչ ոք ոչինչ չգիտի, քանի որ ոչ ոք ոչինչ չի ցանկանում իմանալ: Նրանք տեղի իրենց ազգային համայնքների մաս չեն, որովհետեւ ազգություն չունեն, մի տեսակ, ընդհանուր բառովՙ «աշխատուժ» են, էժան, առանց փաստաթղթի, հետեւաբար, հեշտ կախման մեջ ընկնող եւ հանդուրժող: Մերօրյա այս պայսանոները թողել են իրենց հայրենիքները, բայց նոր հայրենիք չեն էլ մտել կամ չեն ընդունվել, որովհետեւ նրանցից կոնկրետ հայերը հայ են ռուսների մեջ եւ հայ չեն հայերի մեջ: Վերադարձի մասին նրանք, իհարկե, չեն մտածում, որովհետեւ վերադառնում են հայրենիք, որը նրանք չունեն: Տեղում ինտեգրվելու մասին եւս չեն մտածում, քանի որ իրենց համարում են «զտարյուն հայ» կամ «զտարյուն ադրբեջանցի, ուզբեկ, տաջիկ, մոլդովացի...»: Նրանց օրվա խնդիրըՙ ամենօրյա հացն է, նրանք չեն լուծում ազգային-պետական խնդիրներ, ազգային-պետական գործոն չեն, նրանց մասին ոչ ոք չի խոսում ոչ այնտեղ, ոչ էլ իրենց հայրենիքներում: Պայսանոն ապրում է այս օրով, վաղը նրա համար գոյություն չունի: Նա ունի մեկօրյա կյանք, ամեն օրՙ մեկօրյա կյանք:

Ինչը եւ ապրում է, առանց մշտական աշխատանքի, ամեն օր ինչ-որ նոր բան անելով, երբեմն դրա համար վարձատրվելով, ավելի հաճախՙ ողջ օրը սոված մնալով: Պայսանոն ազգություն չի ճանաչում, ազգություն չունի, որովհետեւ պայսանոն կարող է լինել ամեն մի ազգի ներկայացուցչի ժառանգը:

Հայերիցս եւս եղան պայսանոներ... Եվ ոչ միայն Մոսկվայի Կապոտնյա ծայրամասում: «Հայ-պայսանոները» նաեւ նույն Կալիֆոռնիայում են, որտեղ առաջին անգամ պայսանո է տեսել Սթեյնբեքը: Նրանք նաեւ Փարիզի արվարձաններում են, անգամ Ստամբուլի շենքերի նկուղներում...

Նրանք պայսանո են, եւ այս մասին պետք է խոսել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ