ԹՈՄԱՍ ԴԸ ՎԱԱԼ. ՀԱՍԱՐԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Տասը տարվա ընթացքում շատ բան է փոխվել, բայց չի փոխվել ամենակարեւորըՙ հակամարտությունը չի լուծվել: Խնդիրը դեռ կա, վստահության դեֆիցիտը խորացել եւ խորանում է»: Տեսակետը «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եւ պատերազմի միջով» գրքի հեղինակ Թոմաս դը Վաալինն է, որը Երեւանում էՙ ներկայացնելու գրքի նորՙ վերախմբագրված տարբերակը: Թեպետ դը Վաալը խոստովանում է, որ գրքի հիմնական շեշտադրությունը չի փոխվել, սակայն երեք գլուխ է ավելացել ու նաեւ նկարների քանակն է շատացել: Դը Վաալը, որ «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբանն է, խոստովանում է, որ գրքի վրա աշխատելիս նպատակ է ունեցել քանդել առասպելներն ու կարծրատիպերը, որ առկա էին հայ եւ ադրբեջանական հասարակություններում: Քանի որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գրականություն գրեթե չկա, ապա Վաալը ցանկացել է միայն փաստերի եւ ժամանակագրության հիման վրա պատմել ղարաբաղյան խնդրի մասին: «Ղարաբաղյան հակամարտությունն անխուսափելի էր, քանի որ սովետական հնարքըՙ Ադրբեջանի կազմում հայկական ինքնավար մարզ ունենալը, չէր կարող ԽՍՀՄ-ի փլուզումից հետո խնդիր չառաջացնել: Որ մինչեւ հիմա չի լուծվում հակամարտությունը, արդյունքն է այն բանի, որ ստատուս քվոն պահպանելու ցանկությունը շատ ավելի ուժեղ է: Կողմերի մեջ փոխադարձ վախ կա, թեՙ ի՞նչ կլինի, եթե իրավիճակը փոխվի: Արտաքին աշխարհն այսօր անտարբեր է ղարաբաղյան հարցի հանդեպ: Շատ ռեսուրսներ են ծախսվել, որպեսզի նոր պատերազմ չվերսկսվի, սակայն ռեսուրսներն այնքան չեն, որ ստիպողաբար խնդիրը լուծել տան»: Թոմաս դը Վաալը վստահ է, որ չնայած Ադրբեջանը շահագրգռված է, որ ստատուս քվոն փոխվի, սակայն Ադրբեջանում էլ են հասկանում, որ եթե ինչ-որ բան այնպես չանեն, մեկ շաբաթում կարող է 20 տարվա ձեռք բերածը կորել: Իսկ դա տնտեսությունն է, հարստությունը: «Ես առաջին անգամ Բաքվում եղել եմ 1995-ին: Այդ ժամանակ նրանց ՀՆԱ-ն 3 մլրդ դոլար էր, այժմ ՀՆԱ-ն 70 մլրդ-ից ավելի է: Եթե նրանք պատերազմ սկսեն ու հաշվարկները սխալ դուրս գան, մեկ շաբաթում այդ ամենը կվերանա», ասում է փորձագետըՙ հավելելով, որ պատերազմի վտանգի ռիսկեր կան: Նա օրինակ է բերում Հարավային Օսիայի օրինակը, երբ պատերազմ ոչ մեկին պետք չէր, սակայն եղավ: «Կարող է գործել հիմարության ֆակտորը, եթե կողմը ճիշտ չհաշվարկի, թե ինչ ռեակցիա կարող է լինել այս կամ այն քայլին, եւ դրան կհետեւի բռնկումը»: Փորձագետը կարդում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթներն ու հավելում. դրանցում ագրեսիայի լեզուն է առկա: Ըստ դը Վաալի, Ադրբեջանում պատերազմի վերաբերյալ երկու կարծիք կա, նախագահը խոսում է պատերազմի վերսկսման հավանականության մասին, մինչդեռ հասարակ մարդկանց զրույցներում Ղարաբաղի հարցը ոչ միայն առաջին, այլեւ առաջին հնգյակի խնդիր չէ: Հասարակ ադրբեջանցուն Ղարաբաղի խնդիրն այնքան էլ չի հետաքրքրում: «Ադրբեջանում հասարակությունը չի եռում, փրփրում եւ անհամբեր սպասում նոր պատերազմին: Այո, նոր սերունդն ավելի ագրեսիվ է մեծանում, քան իրենց պապերն ու հայրերը, դա պարզ է, սակայն ես կասեի, որ հայ հասարակությունն էլ է ագրեսիվ, թեպետ ես այդ ագրեսիվությունը կանվանեի պասիվ եւ սառած: Հայերը հաղթել են պատերազմում, եւ հիմա, երբ ասում ենՙ խաղաղություն ենք ուզում, բայց ոչ մի թիզ հող չենք զիջի, դա էլ է ագրեսիա», ասում է դը Վաալը: Փորձագետը համոզված է, որ ղարաբաղյան հարցի լուծումը Ռամիլ Սաֆարովի հերոսացումից հետո այլ կերպ է ընկալվում: Նա հավաստիացնում է, որ Ադրբեջանում հանդիպել է մարդկանց, ովքեր խոստովանել ենՙ Սաֆարովն իրենց համար հերոս չէ, եւ նրանց սարսափեցրել է կատարվածը: «Սակայն բնականաբար, շատ-շատերի համար Սաֆարովը հերոս է»: Ըստ դը Վաալիՙ Սաֆարովի հերոսացումից որոշ ժամանակ անց Ադրբեջանի իշխանություններն էլ հասկացան, որ մարդասպանի հերոսացումը հիմարություն էր, եւ հենց դա է պատճառը, որ նա ասպարեզից «կորել է» եւ նրա մասին այլեւս չեն խոսում: Այսքանով հանդերձ, դը Վաալը համոզված է, որ միջազգային հանրությունը չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը, անգամ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: «Ադրբեջանն ուժեղ երկիր է եւ թույլ չի տա նման բան: Գուցե ինչ-որ հեռավոր երկիր, ասենքՙ Ուրուգվայը, ճանաչի, կամ Վենեսուելան, երբ ճանաչեց Աբխազիայի անկախությունը, սակայն դա էլ է քիչ հավանական»: |