ՖՈՖԱՆԱ ԲԵԿՈՅԻ ՀԵԹ-ՏՐԻԿԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԵՑ «ՇԻՐԱԿԻՆ» Երեկ երկու հանդիպումներով տրվեց ֆուտբոլի չեմպիոնների լիգայի հերթական խաղարկության մեկնարկը: Հայաստանի չեմպիոն «Շիրակը» Գյումրիում հյուրընկալել էր Սան Մարինոյի ուժեղագույն թիմինՙ «Տրե Պենեին»: Սիրողական թիմի հետ մրցավեճում հաղթողի հավակնորդն իհարկե «Շիրակն» էր: Ֆուտբոլասերները սպասում էին, որ շիրակցիները ոչ միայն հեշտությամբ կհաղթեին մրցակցին, այլեւ աչքի կընկնեին բարձր արդյունավետությամբՙ առնվազն 5 անգամ գրավելով մրցակցի դարպասը եւ արդեն առաջին խաղում կապահովեն հաջորդ փուլի ուղեգիրը: Սակայն հաղթանակը գյումրեցիներին այնքան էլ հեշտությամբ չտրվեց: Խաղասկզբում «Շիրակը» բավական ակտիվ էր եւ ձգտում էր արագ գոլ խփել: Եվ դրա հնարավորությունը շուտով ընձեռվեց: Ակտիվությամբ աչքի ընկնող Դավիթ Հակոբյանին տուգանային հրապարակում վայր գցեցին եւ արդեն 10-րդ րոպեին «Շիրակը» 11 մ հարվածի իրավունք ստացավ: Ցավոք, Դամե Դիոպը վրիպեցՙ շեղ հարվածելով: Այդ անհաջողությունը կարծես թեւաթափ արեց շիրակցիներին, որոնց ոչ մի կերպ չէր հաջողվում կարգավորել խաղն ու վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Վերջապես 36-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց բացել հաշիվը: Անհատական վարպետությամբ աչքի ընկավ Ֆոֆանա Բեկոն, որը տուգանային հրապարակում շրջանցելով դարպասապահին, գնդակն ուղարկեց դատարկ դարպասը: Ինչ վերաբերում է հյուրերին, ապա նրանք բավական հստակ էին պաշտպանվում, թեեւ դրանում նրանց օգնում էին շիրակցիներն իրենց ոչ այնքան կազմակերպված գործողություններով: Իսկ ահա առջեւի գծում Սան Մարինոյի ֆուտբոլիստների գործողություններն ընդհանրապես չէին ստացվում: Մեկ-երկու փոխանցումից հետո հյուրերը կորցնում էին գնդակը: Դա էր պատճառը, որ ողջ հանդիպման ընթացքում «Տրե Պենեն» միայն խաղավերջում կարողացավ սպառնալ «Շիրակի» դարպասին: Ճիշտ է, այդ դրվագում մարզական բախտը ժպտաց «Շիրակին»: Ընդմիջումից հետո Ֆոֆանա Բեկոյին եւս երկու անգամ հաջողվեց գրավել մրցակցի դարպասըՙ իր օգտին գրանցելով հեթ-տրիկՙ 3-0: Դրանով շիրակցիները սահմանափակվեցին: Մրցակիցների պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 9-ինՙ Սան Մարինոյում: Հաղթանակը, իհարկե, ուրախալի է: Սակայն «Շիրակի» ցուցադրած խաղը մտահոգության առիթ է տալիս: Զգացվում էր, որ շիրակցիները դեռեւս լավ մարզավիճակում չեն, դանդաղ էին գործում, չէին կարողանում իրենց առավելությունը իրացնել մրցակցի նկատմամբ: Իսկ չէ՞ որ երկրորդ փուլում «Շիրակին» լուրջ մրցակից է սպասվում, հանձինՙ Սերբիայի չեմպիոն «Պարտիզանի»: Նման խաղով «Շիրակին» շատ դժվար կլինի մրցել սերբերի հետ եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Շիրակցիները պետք է դա լավ գիտակցեն ու ձգտեն պատասխան խաղում բարելավել իրենց թիմային գործողությունները: Հատկանշական է, որ «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն էլ խաղից հետո իր դժգոհությունն արտահայտեց թիմի գործողություններից. «Շատ դժգոհ մնացի խաղից: Համենայն դեպս, վերջին մեկ շաբաթվա ընթացքում փորձեցի տղաներին հոգեբանորեն պատրաստել, քանի որ շատ էր խոսվում այն մասին, թե հակառակորդը թույլ թիմ է: Մենք իրավունք չունեինք նման խաղ ցուցադրել: Պետք է կարողանանք պատշաճ մակարդակով հանդես գալ: Չկար ագրեսիա, նվիրվածություն, ֆուտբոլիստները իներտ էին գործում: Իրավունք չունենք թերագնահատելու հակառակորդին: Հարկավոր է մշտապես գործել 100 տոկոս նվիրվածությամբ: Իսկ այսօր մեր թիմը ցուցաբերեց 50 տոկոսանոց նվիրվածություն, ինչն անընդունելի է: Այս խաղում կադրային խնդիրներ էին ծագել, վնասվածքներ ունեին Տիգրան Դավթյանն ու Արմեն Տիգրանյանը: Առաջին փուլի ավարտից հետո կփորձենք նոր խաղացող հայտավորել: Չեմ ուզում առանձնացնել որեւէ մեկին: Աղվան Դավոյանը վատ հանդիպում չանցկացրեց: Եթե նա նույն կերպ հանդես գա «Պարտիզանի» դեմ, շատ ուրախ կլինեմ»: Հյուրերի մարզիչ Պրոտոն հետեւյալ կարծիքն արտահայտեց. «Մենք նման բարդ հանդիպում սպասում էինք: Խաղադաշտում զգացվեց թիմերի խաղամակարդակների տարբերությունը: Չնայած խոշոր հաշվին, ուրախ եմ, որ տղաները կատարեցին իրենց առաջադրանքը: Տխուր եմ, որ չկարողացանք մեկ գոլ խփել: Շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին: «Շիրակը» շատ ուժեղ մրցակից էր: Պատասխան խաղում պետք է փորձենք դրական արդյունքի հասնելՙ պահպանելով 0-0 հաշիվը: Իհարկե, չեմ հավատում, որ կարող ենք անցնել հաջորդ փուլ»: |