RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05 > #115, 2013-07-09 > #116, 2013-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #114, 05-07-2013



ԼՈՆԴՈՆ

Տեղադրվել է` 2013-07-04 23:59:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1389, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 23

«ԼԻԿԲԵԶ»` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳԻ» ՀԱՄԱՐ

Վ. Ա.

Ադրբեջանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը երեկ Լոնդոնում կայացած բրիտանա-ադրբեջանական համագործակցության հեռանկարներին նվիրված խորհրդաժողովի շրջանակներում անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի «օկուպացիայից բխող վտանգներին»:

Ադրբեջանցի պաշտոնյան որեւէ նորություն չի ասել, բայց նրա խոսքն աչքի է ընկել զբաղեցրած դիրքին անհարիր անգրագիտությամբ: Մասնավորապես, որպես «չորրորդ սպառնալիք» նշելով «էկոլոգիական բաղադրիչը», Մամեդովը որպես «ապացույց» մատնանշել է «Արազ (Արաքս- Վ. Ա.) գետի աղտոտվածությունը, որը հարեւան երկրների կողմից օգտագործվում է որպես խմելու ջուր», եւ ավելացրել, որ «վտանգը այն է, որ Հայաստանը շահագործում է Ադրբեջանի կառուցած Սարսանգի ջրամբարը»:

Ադրբեջանցի «քաղտեխնոլոգի» ասածից հետեւում է, որ «Սարսանգի ջրամբարը կառուցված է Արաքս գետի վրա, որի աղտոտվածությունը վտանգավոր է հարեւան երկրների բնակչության համար»: Մինչդեռ Հարավային Կովկասի ֆիզիկական աշխարհագրությանը գոնե հանրակրթական դպրոցի մակարդակով ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի, որ Սարսանգի ջրամբարը կառուցված է Լեռնային Ղարաբաղի Թարթառ գետի միջին հոսանքում` ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում:

Իսկ Թարթառը, ի գիտություն Ֆարհադ Ալիեւի, ոչ թե Արաքսի, այլ` Կուր գետի վտակն է: Հետեւաբար Սարսանգի ջրամբարի շահագործումը ոչ մի կերպ չի կարող Արաքսի աղտոտվածության պատճառ դառնալ: Իլհամ Ալիեւին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենը հավանաբար այն մտայնությամբ է առաջնորդվել, որ Հարավային Կովկասից հազարավոր մղոններով հեռու Լոնդոնում հնարավոր է աշխարհագրական հանրահայտ իրողություններն անգամ ներկայացնել Ադրբեջանի «ազգային շահերի», իրականում` փաստերի համընդհանուր խեղաթյուրման համատեքստում:

Եվ ստացվել է, որ Ադրբեջանում ռազմավարական հետազոտություններ է կատարում մի հաստատություն, որի տնօրենը կամ մտավոր հետամնաց է, չգիտի, թե ինչից եւ ինչպես է խոսում, կամ` խարդախ, որը հեղինակավոր լսարանին կանխատրամադրված կեղծ տեղեկատվություն է տալիս:

Երկու դեպքում էլ տուժում է ոչ թե իրականությունը, այլ` ադրբեջանական իշխանությունների առանց այդ էլ կասկածահարույց հեղինակությունը: Քանի որ, պետք է համոզված լինել, Լոնդոնում ավելի լավ գիտեն իրենց համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանի պատմությունը եւ աշխարհագրությունը, քան կարծել է Ֆարհադ Մամեդովը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #114, 05-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ