ԴԻԴԱԿՏԻԿ ՆՅՈՒԹԵՐՙ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն Երեկ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Սամվել եւ Կարեն Կարապետյանների գլխավորությամբ, տեսողության խնդիրներ ունեցողների կրթական հաստատություններին նվիրաբերեց 14 անուն բրալյան դիդակտիկ նյութեր, որոնք հատուկ Հայաստանի համար հիմնադրամի պատվերով արտադրվել են Լեհաստանում: Նյութերի տեսականին եւ քանակը որոշվել են նշյալ կրթօջախների պահանջարկի հիման վրա: Ինչպես նշեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը , Կարապետյանների ընտանիքի մշտական ուշադրության կենտրոնում են բոլոր ոլորտները, որտեղ իրապես առկա է աջակցության սուր անհրաժեշտություն: Բնականաբար, առավել խոցելի խմբերի աջակցությունը շարունակական բնույթ ունի: Այս պարագայում հաշվի է առնվել ֆիզիոլոգիական խնդիրներ ունեցողներիՙ հասարակության լիիրավ անդամ զգալու, նրանց կրթության, ապա եւ համապատասխան աշխատանք ունենալու համար բավարար պայմաններ ստեղծելու ցանկությունը: Ծրագիրն իրականացվել է «Հանգրվան» ՀԿ առաջարկությամբ, որի նախագահ Ստելլա Սվիրիդենկոն եւ ծրագրերի տնօրեն Կարեն Ղազարյանը մանրամասն ներկայացրեցին դիդակտիկ նյութերն ու դրանց անհրաժեշտությունըՙ նշելով, որ այս նյութերը ոչ միայն դպրոցահասակ երեխաների համար են, այլեւ կյանքի տարբեր փուլերում տեսողությունը կորցրած անձանց, որոնց համար իրականացվում են տարբեր կրթական ծրագրեր: Երեւանի տեսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 14 դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը շեշտեց, որ ըստ էության անկախությունից հետո ուսումնական եւ մեթոդական համապատասխան նյութեր հայթայթում են մեծ դժվարությամբ, եւ «Տաշիրի» նման նվիրատվությունը զգալի օժանդակություն է իրենց համար: Կարապետյանների ընտանիքին իրենց շնորհակալական խոսքն ասացին նաեւ Երեւանի կույրերի երեկոյան դպրոցի տնօրեն Ալվարդ Հովսեփյանն ու Խարբերդի մանկատան փոխտնօրեն Իրինա Յաղուբյանը ՙ շեշտելով, որ մասնավոր հատվածի ցանկացած աջակցություն անգնահատելի է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: |