RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05 > #115, 2013-07-09 > #116, 2013-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #114, 05-07-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-07-04 23:59:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1258, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ՈՒՇԱՑԱԾ ՊՈՌԹԿՈՒՄ

Երեկ եվրոգավաթների մասնակից հայական երեք թիմերը մեկնարկեցին Եվրոպայի լիգայի մրցաշարում: «Գանձասարը» «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Ղազախստանի առաջնության ներկայիս առաջատար «Ակտոբեին»: Վերջինս հաստատեց այն կարծիքը, որ հայկական ակումբներից «Գաձասարին» իրոք ամենադժվարին մրցակիցն է բաժին հասել:

Երկու թիմերն էլ հենց խաղասկզբից դիմեցին վճռական գործողությունների: Ավելի կազմակերպված ու ակտիվ էին խաղում ֆիզիկական լավ տվյալներով աչքի ընկնող «Ակտոբեի» ֆուտբոլիստները, որոնք առաջին խաղակեսում մի քանի անգամ սպառնացին Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասին: Վերջինս երկու անգամ փրկեց «Գանձասարին», իսկ մյուս դրվագներում հյուրերը վրիպեցին նպաստավոր դիրքերից: «Գանձասարի» ֆուտբոլիստները մի տեսակ կաշկանդված էին գործումՙ կարծես զգուշանալով մրցակցից: Նրանք գրոհները կազմակերպում էին փոքր ուժերով, ուստի պատահական չէր, որ առաջին խաղակեսում միայն մեկ անգամ վտանգավոր պահ ստեղծեցին: Սակայն Նարեկ Բեգլարյանի մոտ տարածությունից հարվածից հետո հյուրերի դարպասապահը հրաշքով փրկեց դրությունը:

Ընդմիջումից հետո խաղի տեմպը զգալիորեն աճեց, դաշտի տերերն էլ ավելի համարձակ ու վճռական սկսեցին գործել: Կարող էր աչքի ընկնել Դեյան Վուկոմանովիչը, որի հեռահար հարվածը մի փոքր բարձր ստացվեց: Իսկ ահա հյուրերը շուտով հասան հաջողության: Ձախ եզրից կատարած փոխանցումը մոտ տարածությունից գլխի հարվածով եզրափակեց քիչ առաջ խաղադաշտ մտած Սերգեյ Դավիդովը: Դաշտի տերերը 3 րոպե անց կարող էին վերականգնել հավասարակշռությունը, բայց Արտաշես Զաքարյանը մոտ տարածությունից աններելիորեն վրիպեց: Իսկ հյուրերը երկրորդ անգամ հասան հաջողության: 78-րդ րոպեին ձախ թեւից Ասխատ Թագիբերգենը մոտ 30 մետրից հոյակապ հարվածով գնդակը մխրճեց ցանցը:

Ի պատիվ գանձասարցիների, նրանք մինչեւ վերջ պայքարեցին հաշվի մեջ փոփոխություն մտցնելու համար: Եվ դա նրանց ի վերջո հաջողվեց: Խաղի վերջին րոպեին խառը իրադրությունում Արտակ Դաշյանը գրավեց դարպասը: Դաշտի տերերը կարող էին նույնիսկ փրկել խաղը, սակայն ավելացված ժամանակում Նարեկ Բեգլարյանի գլխի հարվածից հետո հաջող խաղաց հյուրերի դարպասապահ Անդրեյ Սիդելնիկովը:

Այսպիսով, «Գանձասարը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտություն կրեց եւ պատասխան խաղից առաջ հայտնվեց ծանր կացության մեջ:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքներն արտահայտեցին:

Սեւադա Արզումանյան («Գանձասար») - Խաղը ցույց տվեց, որ «Ակտոբեն» բավականին բալանսավորված թիմ է, որի խաղացողները լավ են տիրապետում գնդակին, շարժունակ էին: Բացի այդ, մրցակիցը խաղային պրակտիկա ուներ, իսկ մենքՙ ոչ: Կարծում եմ, որ մենք մեր հնարավորություններից ցածր հանդես եկանք: Մենք պետք է ավելի ստեղծագործ խաղ ցուցադրեինք եւ բացի այդ էլ, գոլային պահերն իրացնելիս մարզական բախտը մեր կողմը չէր: Իհարկե, մրցակցի դարպասապահն էլ լավ խաղաց: Այսօրվա խաղում սեփական ուժերի նկատմամբ հավատի պակաս կար: Կփորձենք լավ պատրաստվել պատասխան խաղում, որպեսզի հնարավորինս շատ միավորներ վաստակենք հայկական ֆուտբոլի վարկանիշը բարձրացնելու համար:

Վլադիմիր Նիկիտենկո («Ակտոբե») - Առաջին խաղակեսը վատ չդասավորվեց մեզ համար: Մենք վերահսկում էինք իրավիճակը, սակայն գոլային պահերը չիրացրինք: Մրցակիցն էլ ուներ արագ հարձակվողներ, որոնք խնդիրներ ստեղծեցին մեզ համար: Խաղավերջում մրցակցի խփած գոլը իհարկե որոշակի փոփոխություն մտցրեց այս դիմակայության մեջ, քանի որ «չոր» հաշվով հաղթանակն այլ արժեք է ունենում: Կարծում եմՙ գրանցվեց այնպիսի հաշիվ, որ պատասխան խաղում դեռեւս պայքարը կշարունակվի: Ինչ վերաբերում է Ռոբերտ Արզումանյանին, ապա նա դժվար թե հասցնի պատրաստ լինել պատասխան հանդիպմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #114, 05-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ