ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-ՈՒՄ` ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի եւ Բրիտանական խորհրդի միջեւ ձեւավորված համագործակցության 10-րդ հոբելյանական տարվա շրջանակում Բրիտանական խորհուրդը սահմանել է «Փառատոնի նոր անուն» հատուկ մրցանակը: Ի դեպ, «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհրդի կողմից ընտրված ֆիլմի ռեժիսորը կմասնակցի Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 21-րդ փառատոնին: Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է, որ յուրաքանչյուր տարի իր շուրջն է համախմբում վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին` քննարկելու եւ ներկայացնելու տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները: 1994 թվականից ի վեր անցկացվող փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրման վայր չէ, այլեւ կրթական ու համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգային հարթակ: Հատուկ մրցանակից զատ Բրիտանական խորհրդի աջակցությամբ Երեւան է ժամանելու Միացյալ Թագավորությունում լույս տեսնող հեղինակավոր «Sight & Sound» հեղինակավոր կինոհանդեսի խմբագիր Նիք Ջեյմսը: Նա կինոյի, գրականության եւ արվեստի մասին գրել է Guardian, The Observer, The Independent, The London Review of Books եւ The Literary Review պարբերականներում: Նիք Ջեյմսը եղել է Սան Սեբաստիանի, Թորոնթոյի, Ստամբուլի, Սան Ֆրանցիսկոյի, Մորելիայի կինոփառատոների եւ Կանն-2011-ի «Քննադատների շաբաթ» ծրագրի ժյուրիի անդամ: Միացյալ Թագավորությունից ժամանած հյուրը կնախագահի կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի ժյուրին եւ կանցկացնի մի շարք հանդիպումներ: Բրիտանական խորհուրդն ու «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի համագործակցության տարիներին հայ ռեժիսորների ֆիլմերը ցուցադրվել են Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին, Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակակիրները մասնակցել են Sheffield Doc/Fest փառատոնին, երեւանյան էկրաններին ցուցադրվել են բրիտանական ֆիլմեր, իսկ Միացյալ Թագավորությունից ժամանած մասնագետներն անցկացրել են վարպետության դասընթացներ: |