ԷՐՄԻՏԱԺՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երեւանի օրերի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրմիտաժ: Պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին, դիմավորելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկել է նախ կարճ էքսկուրս կատարել աշխարհահռչակ թանգարանի որոշ ցուցասրահներում: Միխայիլ Պիատրովսկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղեկցել է Էրմիտաժի «Ուրարտու» մշակույթի եւ արվեստի ցուցասրահ, որտեղ ներկայացված էին Ուրարտական ժամանակաշրջանի բացառիկ ցուցանմուշներ: Թանգարանի տնօրենի հավաստմամբՙ ներկայացված ցուցանմուշների մեծ մասն իսկապես բացառիկ են եւ իրենց ուրույն տեղն են գրավում աշխարհահռչակ թանգարանի հարուստ հավաքածուում: Ուրարտական ցուցանմուշների դիտումից հետո Միխայիլ Պիատրովսկին քաղաքապետին հրավիրել է ծանոթանալու նաեւ Էրմիտաժի Հայկական մշակույթի մշտական ցուցասրահում ներկայացված բացառիկ արժեքներին: Ներկայացված ցուցադրությունները դիտելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Էրմիտաժում հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար: |